«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2009-03-26 | #54, 2009-03-27 | #55, 2009-03-28


ԱԿՆՀԱՅՏ ԱՂԱՎԱՂՈՒՄ

Հարգելի պարոն խմբագիր

Ձեր խմբագրած «Ազգի» վերաբերյալ երբեք չեմ թաքցրել կարծիքս` որպես էժանագին սենսացիաների ու հերյուրանքների տարածումից խորշող, անաչառ եւ հավասարակշռված օրաթերթի, որով եւ պայմանավորված է եղել այն հանգամանքը, որ գրածս հոդվածները տրամադրել եմ «Ազգին» : Այդ պատճառով չեմ կարող չարձագանքել այն հրապարակմանը, որը տպագրվել էր մարտի 27-ի համարում եւ «ներկայացնում էր» «Հայելի» ակումբի հրավերով լրագրողների հետ հանդիպումը: Հրապարակումն ակնհայտորեն աղավաղում է այն, ինչ տեղի է ունեցել: Բերեմ սոսկ երկու օրինակ: Լրագրողը գրում է. «այդ ընթացքում Տ. Թորոսյանը հասցրել է պարզել, թե «ինչու երկիրը երկիր չի դառնում»: Նախ, լրագրողը ինձ է վերագրել չակերտների մեջ բերված արտահայտությունը, որը լրագրողներից մեկի հարցն էր: Իսկ գուշակությունները, թե ես ինչ եմ հասցրել պարզել, կարծում եմ բոլորովին իրեն հասու չեն:

Երկրորդ օրինակը: Լրագրողը գրում է. «թե որտեղ է ապրում այժմ Տիգրան Թորոսյանը, արդյոք նրան են պատկանում կենտրոնում մի շարք էլիտար տներ ու ինչ գումարներով է դուստրը գործուղումների գնացել, Թորոսյանը հրաժարվեց պատասխանել»: Մինչդեռ իրականությունը հետեւյալն է: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք իրականությանը համապատասխանում է մի քանի ամիս առաջ տպագրված մի հոդվածում նշվածը եւ դրանից մի քանի օրինակ բերեց: Ես ոչ թե հրաժարվել եմ պատասխանել, այլ ասել եմ, որ հերյուրանքները չեմ մեկնաբանում: Կարծում եմ յուրաքանչյուր անաչառ ընթերցողի համար ակնհայտ է, որ լրագրողը դիմել է էժանագին հնարքի` ստեղծելով միանգամայն այլ տպավորություն: Եթե «Ազգ»-ն այնուամենայնիվ վերարտադրել է հերյուրանքները, ապա ստիպված եմ այս անգամ, որպես բացառություն, դրանց անդրադառնալ. ինձ չեն պատկանում «կենտրոնում մի շարք էլիտար տներ», դուստրս էլ Ազգային ժողովի հաշվին գործուղումների չի գնացել, թեեւ դրա իրավունքն ուներ` որպես ԱԺ նախագահի խորհրդական: Հիշեցնեմ, որ 2007-ին Ազգային ժողովի բյուջեից չի ծախսվել եւ պետբյուջե է վերադարձվել մոտ 350 միլիոն դրամ, 2008-ին 9 ամիսների խնայողությունը եղել է ավելի քան 200 միլիոն դրամ:

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4