«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Միասնական Ջավախք ժողովրդական դաշինք» հասարակական կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանի մարտի 26-ին նշանակված դատավարությունը ընթացել է բազմաթիվ ապօրինություններով, որոնց մասնակցել են դատավորն ու մեղադրողը: Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի բնորոշմամբՙ այդ օրվա դատական նիստն իր կեղծիքներով ու ապօրինություններով, անօրինական քայլերով հասել է գագաթնակետին: «Ակնհայտ էր դատարանի շտապողականությունը: Նույնիսկ պաշտպանական ճառի համար չէր ցանկանում ժամանակ տրամադրել: Դատական ամբողջ գործընթացում լսել ենք մի քանի վկաների ու տուժողների», «Ազգի» հետ զրույցում փաստում է Ոսկանյանը: Վերոնշյալ անձինք դատարանում որեւէ մեղադրանք չեն ներկայացրել Չախալյանի դեմ: Ընդհակառակըՙ բոլոր ցուցմունքներով ակնհայտ է դարձել Չախալյանի անմեղությունը:

Մարտի 26-ին դատարանը լսել է փետրվարյան միջադեպի վերաբերյալ երկու անձանց վկայությունները: Հիշեցնենք, որ Չախալյանին մեղադրանք էր առաջադրված խուլիգանության, զինվորականներին հրահրելու վերաբերյալ: Սակայն վկաները դատարանին հայտնեցին, որ Վահագն Չախալյանը այդ օրը գտնվել է Ախալքալաքում եւ որեւէ կապ չունի կատարվածի հետ:

Դատարանը մերժել է պաշտպանական կողմի` մի քանի տուժողների ցուցմունքները լսելու միջնորդությունը: Մասնավորապես պաշտպանող կողմը ցանկանում էր լսել ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի ցուցմունքները, որը 2006-ի հոկտեմբերի 9-ի իրադարձությունների գլխավոր անձն էր: Ոսկանյանը նշում է, որ դատարանը չէր ցանկանում լսել ապացույցներ, պարզել մեղադրանքի հիքմերը: «Ակնհայտ շահագրգռված էր, որ դատական նիստը շուտ ավարտվի: Նույնիսկ արգելեց պաշտպանական կողմին զենքի հայտնաբերման վերաբերյալ հայտարարություն անել: Պահանջում էինք, որ կրկին քննություն անցկացվի` պարզելու զենքի վրայի մատնահետքերը: Սակայն դատարանը մերժեց: Միանշանակ է, որ դա կազմակերպված էր: Պարզապես առիթ էր հարկավոր, որ Չախալյանին ձերբակալեին: Այլ հիմնավոր պատճառ չկար Չախալյանին կալանքի տակ պահելու համար», նկատեց Ոսկանյանը:

Ոսկանյանի պահանջներից դատարանը բավարարել է միայն հոկտեմբերին կայացած միջադեպերի տեսագրությունը դատարանում տեսնելու հայտարարությունը: «Անգամ մեղադրող կողմը չգիտեր դրա բովանդակությունը: Սակայն դիտման ժամանակ պարզվեց, որ տեսաերիզը արտացոլում է ոչ թե հոկտեմբերի 9-ի, այլ մարտի 11-ի իրադարձությունները: Ականատես եղանք, որ Ախալքալաքում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Չախալյանը: Տեսաերիզում թողնված էր Չախալյանի հայտարարության միայն վերջին հատվածը, երբ ջավախահայ ակտիվիստը հավաքված բազմությանն է դիմում կոչով. «Ես համբերության եւ համախմբման կոչ եմ անում»: Ակնհայտ է, որ Չախալյանը կոչ էր անում զուսպ լինել, չգնալ սադրանքների, այլ քաղաքակիրթ կերպով ներկայացնել պահանջները», ասաց Ոսկանյանը: Այնուհետեւ բազմությունը շարժվել է դատարանի ուղղությամբ: Սակայն թե՛ դատարանի շենքի մոտ, թե՛ համալսարանում, թե՛ եկեղեցում կատարված միջադեպերին Չախալյանը որեւէ մասնակցություն չի ունեցել:

«Տեսաերիզում աչքի էին ընկնում մի քանի ակտիվիստներ, ովքեր ամեն կերպ փորձում էին սադրանքի ենթարկել ժողովրդին, հայհոյում էին, գոռում: Այդ երիտասարդները այնպիսի գործունեություն էին ծավալում, որ դիտման ժամանակ դատավորը մեղադրող կողմին հարցրեց, թե ովքեր են նրանք ու արդյոք պարզվե՞լ է նրանց ինքնությունը», ասում է Ոսկանյանը: Չախալյանը իր ցուցմունքում նշում է, որ գնացել է եկեղեցու ուղղությամբ, որովհետեւ տարբերություն չի դնում Հայ առաքելական ու Վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ եւ իբրեւ քրիստոնյա անձնավորություն չէր կարող անտարբերություն ցուցաբերել:

Ինչպես նախորդ դատական նիստերի ժամանակ, այս անգամ էլ եղել են մի շարք խախտումներ: Դատարանը անհարկի միջամտություններ էր անում, ընդհատում, ուղղումներ կատարում, մեկնաբանություններ ներկայացնում: Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի կեսերին: Դատարանը ժամանակ է հատկացրել պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար: Սակայն այստեղ նույնպես խախտումներն անխուսափելի են: Փորձելով խոչընդոտել փաստաբանի գործունեությունը` դատարանը պաշտպանական ճառը ներկայացնելու համար տրամադրել է մեկ ժամ: «Հաշվի առնելով դատավարության ընթացքում կատարված միջադեպերը` կասկածում ենք, թե արդար դատավարություն կլինի, սակայն չենք նահանջելու, կպայքարենք ազատության համար», ասաց Ոսկանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4