«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


«ՎՐԱՍՏԱՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«Ջավախքյան սփյուռքը» կոչ է անում չմասնակցել վրաց իշխանության ու ընդդիմության ակցիաներին

Ապրիլի 9-ին Վրաստանում սպասվում է վրացական ընդդիմության միասնական ու բավականին «խոստումնալից» հանրահավաքը, որի մասին խոսակցություններն ու գնահատականները արդեն իսկ այնքան շատ են, բազմաբնույթ ու տարբեր, որ ակամա մեծանում է հետաքրքրությունը այդ օրը տեղի ունենալիքի հանդեպ: Այս օրն էլ նկատի ունենալովՙ հայտարարությամբ հանդես են եկել ջավախահայությանը միավորող մի շարք կազմակերպություններ:

«Վրաց ընդդիմության կողմից անցկացվելիք հանրահավաքների եւ բողոքի այլ ակցիաների առնչությամբ ջավախքյան սփյուռքը Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությանը կոչ է անում չմասնակցել ոչ մի տեսակի հանրաքվեի, ակցիաների կամ միջոցառումների, որ անց են կացվում ինչպես իշխանությունների, այնպես էլ վրացական ընդդիմության կողմից», այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել «Ջավախքյան սփյուռք» ներկայացող Ռուսաստանի ջավախահայությանը միավորող մի շարք կազմակերպություններ:

Հայտարարության հեղինակները Վրաստանում բնակվող ջավախքցիներին կոչ են անում «բացարձակ անգործություն ու անտարբերություն ցուցաբերել ենթադրվող քաղաքական վեճերում ու այդկերպ արտահայտել իրենց համատեղ վրդովմունքը եւ բողոքը Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, կրոնական սրբությունների անամոթ յուրացման ու ազգային պատկանելությամբ ռեպրեսիաների անթաքույց անցկացման առումով»:

Ռուսաստանում բնակվող ջավախքցիները գտնում են, որ վերջին ժամանակներս շատ է հնչեցվում «ջավախքյան անջատողականության մասին», որը «բացարձակ սուտ է, մինչդեռ վրացական իշխանությունները գնալով ավելի ակնհայտորեն են հայերին վերաբերվում որպես ոչ քաղաքացիների»:

«Ուստի ջավախքյան սփյուռքը հայտարարում է, որ Վրաստանում ապրող ամեն մի հայ միայն ցանկանում է իր հարեւանների հետ ապրել խաղաղության մեջ: Միակ պահանջը նրա կյանքին, պատվին, ունեցվածքին ու աշխատանքին չոտնձգելն է... Այս ամենով հանդերձ, հայերն ուզում են պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն եւ գրականությունը»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4