Գրիգորյանները շաբաթից ավելի հարկադրված մնում են Ցխինվալում
Վրաց-ռուսական հարաբերություններն ու աբխազական եւ հարավօսական հակամարտությունները պատճառ են դարձել, որ հայկական մի ընտանիք հարկադրված հյուրընկալվել է հարավօսական իշխանությունների մոտ: Մի կերպ Ցխինվալ հասած ընտանիքը չի կարողանում ո՛չ Ռուսաստան անցնել, ո՛չ էլ Հայաստան:
Արդեն մեկ շաբաթից ավելի Հարավային Օսիայում հայտնվել ու այնտեղից որեւէ կերպ հեռանալ որեւէ ուղղությամբ չի կարողանում հայկական մի ընտանիք: Ընտանիքի հայրը` Գագիկ Գրիգորյանը, նրա կինը` Կարինե Մուրադյանն ու նրանց յոթամյա որդի Սարգիսը Հարավային Օսիայում են հայտնվել Ռուսաստանից Հայաստան հասնելու համար` Վրաստանի տարածքով:
Հարավային Օսիայի արտգործնախարարության տվյալներով, որ «Ազգին» փոխանցել է օս լրագրողուհի Դինա Գասիեւան, Գրիգորյանների ընտանիքը դիմել է հենց այդ գերատեսչությանը օգնության համար: Հարավային Օսիայի արտգործնախարարության ներկայացմամբ, սահմանը Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ փակ է 2008-ի օգոստոսից:
«Վրացական իշխանություններն իրենց տարածքով անցումը համարում են պետական սահմանի անօրինական անցում, ինչի համար պատիժ է սահմանված Վրաստանի քրեական օրենսգրքով: Ուստի Վրաստանով անցնել Հայաստան այդ երկրի քաղաքացիները Հարավային Օսիայում հայտնվելուց հետո չեն կարողանում», այսպիսի պարզաբանում է տվել Հարավային Օսիայի ԱԳ նախարարության աշխատակիցը լրագրողին:
Հիշեցնենք, որ «Ազգը» բազմիցս անդրադարձել է Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, որի համաձայն Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելած անձինք Վրաստանում հայտնվելու պարագայում ենթարկվում են պատժի, որն էլ, լավագուն դեպքում, մոտ 2000 դոլար տուգանքն է:
Ցխինվալում հայտնված Գրիգորյանների ընտանիքի դեպքում բարդություն է նաեւ այն, որ նրանք չեն կարող Ցխինվալից հեռանալ անգամ Ռուսաստանի ուղղությամբ: Նրանք ոչ թե անձնագրերով են հեռացել Ռուսաստանից, այլ ժամանակավոր փաստաթղթերով` տրված մեկ ուղղությամբ, որն էլ անհնար է դարձնում նրանց հեռանալը Ցխինվալից Ռուսաստանի ուղղությամբ:
Դինա Գասիեւայի փոխանցմամբ, Հարավային Օսիայի արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար դիմել է Հայաստանի դեսպանատանը եւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, որպեսզի վերջիններիս օժանդակությամբ Գրիգորյանների ընտանիքին ժամանակավոր փաստաթղթեր տրվեն ռուսական սահմանը հատելու համար:
Օս լրագրողուհին տեղեկացնում է, որ հայ ընտանիքը ծանր վիճակում է գտնվում, գրեթե առանց գոյության միջոցների: Կարինե Մուրադյանը վերջերս է ծանր վիրահատություն տարել, Հարավային Օսիայի իշխանությունները հայ ընտանիքին անվճար սենյակ են տրամադրել հյուրանոցում, իսկ Կարինե Մուրադյանին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
«Ազգի» տեղեկություններով, արդեն իսկ որոշ նախաձեռնություններ են իրականացվել հայ ընտանիքին Հայաստան վերադարձնելու համար: Մեզ հետ զրույցում Դինա Գասիեւան տեղեկացրեց, որ կարծես որոշ տարբերակներ են առաջարկվել Գրիգորյանների ընտանիքին, սակայն ինչ է որոշվել վերջնական` հայտնի չէ: Հուսանք, որ Գրիգորյանների բարեհաջող վերադարձի մասին կկարողանանք տեղեկացնել մեր ընթերցողներին:
Դ. ԳԱՍԻԵՎԱ, Ցխինվալ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ