«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


ՆՐԱՆՔ` «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ԴՈՒՔ` «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ»

«Հիմա մենք էս ներքին հարցերը դարձրել ենք համաշխարհային պրոբլեմ: Ի՞նչ է, դուք կարծում եք`աշխարհը ամբողջ օրը մտածում է, թե տեսնես Հայաստանում ընդդիմության իրավունքներն ինչո՞ւ չեն պաշտպանում, ընդդիմությանը ինչու չե՞ն թողնում իշխանության... եկեք մեր խնդիրները մենք լուծենք, մեր ներսում», ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ «Հայացք» ակումբում:

Եվ խոսեց այն մասին, որ քաղաքապետի ընտրությունները քաղաքականացվում են, մինչդեռ պետք է խոսել, թե այս քաղաքում ի՞նչ կարելի է անել, ինչ` ոչ, քանի որ ժողովուրդը բառիս բուն իմաստով զզվել է այս քաղաքական ընտրություններից, քաղաքականացված գործընթացներից, իրար դեմ դուրս գալուց, հեղափոխություններից` 88 թվից հեղափոխության մեջ է:

Իսկ թե ոնց կարող է քաղաքական չլինել մի ընտրություն, որին բացառապես մասնակցում են կուսակցությունները, եւ բացի այդ` ընտրություններն արդեն ակամա քաղաքական են դարձել, քանի որ ընդդիմության առաջնորդն առաջադրվել է` այս հարցադրումներին Ռ. Զոհրաբյանն այլ դիտանկյունից մոտեցավ. քաղաքականացվել եւ քաղաքականացվելու է ընդդիմության կողմից, իշխանությունը չի քաղաքականացրել եւ չի քաղաքականացնելու. «Մենք գործում ենք ասիմետրիկ. մենք մեր հանդիպումներում խոսելու ենք քաղաքի պրոբլեմներից...Դուք քաղաքականացնելու եք, մենք էլ չենք քաղաքականացնելու, տեսնենք ո՞նց եք անելու», ասաց: «Նրանք ասելու են «ավազակապետություն», դուք` «աղբ», հիմա ո՞րն է ավելի շուտ տեղ հասնելու», հարցրինք, առանց պատասխանի սպասումի` հռետորական հարց էր: Բայց պատասխան եղավ`«ավազակապետությունը» Զոհրաբյանը վիրավորական համարեց. «Առաջին 10 տարին ավազակապետություն էր, բայց չե՞նք ասում, չէ՞, իսկ որ էսօր իշխանությունն իրենց ձեռ չի տալիս` դառնում է ավազակապետությո՞ւն: Չի կարելի վիրավորել, որովհետեւ մի օր ընդդիմությունը կլինի, չէ՞, իշխանություն»:

Միասնական թեկնածուի հնարավորությունը կոալիցիայում Զոհրաբյանն այս պահին չտեսավ` ամեն քաղաքական ուժ ուզում է ինքնադրսեւորվել: Խնդիր չկար միավորվելու, քանի որ հանրապետականները շատ ուժեղ հակառակորդ չեն տեսել, հետագայում եթե 40 տոկոսը չհաղթահարեն («Դժվար է, բայց կհաղթահարենք»), ապա ավագանիների խորհրդում կոալիցիան կքվեարկի կոալիցիոն թեկնածուի օգտին:

Իսկ թե ինչո՞ւ է մականուն ունեցողին առաջ քաշել Հանրապետական կուսակցությունը, ինչի համար քննադատում են նրան` Ռ. Զոհրաբյանը հիշեց, որ մանկությունից բոլորն են ունենում մականուն` Ճուտիկ, Պոնչիկ եւ այլն` սիրո, հանդիմանական մականուններ, որոնք մեծանալիս մոռացվում են կամ ոչ: Մարդն աշխատում է, մականունն ի՞նչ է խանգարում, Եվրոպայում եւ Ամերիկայում էլ կան մականուններ, իմացաք:

Վալենսիա, Վալենսիա, մենք մեզ այստեղ էլ ենք լավ զգում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում երեկ սկսվեց Եվրոխորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի ընդունած 1643 բանաձեւի կատարման ընթացքը, այդ թվում` բանտարկյալների հետ կապված դրույթը: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռ. Զոհրաբյանը երեկ, անձեռնմխելիությունից զրկված եւ անազատության մեջ գտնվող պատգամավորների` ԱԺ նիստ գումարելու եւ իրենց անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը քննելու վերաբերյալ ԱԺ նիստ հրավիրելու պահանջին անդրադառնալով` հայտնեց, որ այդ խնդրով հանդիպել եւ խորհրդակցել է ԱԺ նախագահի հետ, եւ ընդհանրապես` ինքը կուզենար, որ ոչ միայն նրանց խափանման միջոցը փոխվի, այլեւ նրանք ազատ արձակվեն: Ըստ նրա` բանաձեւի կատարման առումով կարեւոր է քրեական օրենսգրքի երկու հոդվածների` 300-ի եւ 225-ի տարանջատումը, դա պետք է, որ արդյունք տա, որովհետեւ բանտում կան մարդիկ, որ իշխանափոխության, հեղաշրջման կոչեր են արել ընդամենը: Բայց եւ խորհուրդ տվեց սպասել` տեսնելու դատախազն ի՞նչ է ասում ի վերջո: Դա որակվում է տուգանքներից մինչեւ 2-3 ամիս, ամենաշատը` մինչեւ 3 տարի:

«7-ի գործով» 3 պատգամավորների` Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի ազատ արձակման վերաբերյալ էլ ասաց. «Այն ժամկետը, որ նրանք անցկացրել են բանտում, արդեն մեկ տարուց ավելի է, եւ, կարծում եմ, այն հոդվածներով, որ իրենց կարող են մեղադրել` փոփոխություններով ներառված, կարող են նրանց անցկացրած պատժաժամկետով բավարարվել... Բայց ես ասում եմ` հնարավոր է: Այնպես չլինի, որ Զոհրաբյանը ասաց, թե վաղը բաց են թողնում: Ես դրանից տեղյակ չեմ. դա դատախազությունը եւ դատարանն են որոշում»:

«Բայց թե ինչն է խանգարում իշխանություններին` ընդհանրական համաներում անցկացնել» պնդումին ի պատասխան Ռ. Զոհրաբյանը գտավ, որ համաներում կարելի է անել այն դեպքում, երբ դատապարտված մարդիկ գիտակցում են իրենց սխալը: Մինչդեռ մարտի 1-ին մասնակից եւ այսօր ձերբակալված եւ մեղադրվող անձանց անունից ընդդիմությունը կրկին հայտարարում է, որ գալիս է քաղաքապետի ընտրություններիՙ վարչակարգին հեռացնելու, սահմանադրական կարգ վերացնելու. «Այսինքն համաներե՞նք` էդ բանակը մեծացնե՞նք», հարցրեց: Համաներումը նա, այնուամենայնիվ, դեռ հնարավոր է համարում, բայց այն մի քիչ ավելի դժվարանում է` քաղաքական փոխըմբռնումը կարծես թե չկա:

Ի դեպ, անցած շաբաթավերջին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների խնդրով հանդիպել եւ քննարկում է ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ, որտեղ, ըստ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի , ԱԺ նախագահը նշել է, որ ինքը նրանց ազատ արձակման կողմնակից է եւ հետագա քայլեր ձեռնարկելու համար պետք է հանդիպի դատախազի հետ: ԱԺ նախագահի հանդիպումները խմբակցությունների հետ այս թեմայով շարունակվելու են:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4