«Հայինֆո» լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, աշխարհահռչակ երգիչ-բանաստեղծ Շարլ Ազնավուրին hayland.am-ի միջոցով հարցեր են ուղղվել, որոնց նա սիրով պատասխանել է:
Ալեքսանդր, Մոսկվայից. - Պարոն Ազնավուր, ինչպե՞ս կգնահատեիք ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման հնարավորությունը եւ որոնք են Իսրայելի` Հոլոքոսթից տուժած ժողովրդի կողմից ցեղասպանության չճանաչման իրական պատճառները:
- ԱՄՆ-ը դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, բայց 35 այլ երկրներ արդեն ճանաչել են: Հիմա մենք սպասում ենք, որ գուցե պարոն Օբաման ի վերջո կճանաչի, դրանից հետո Թուրքիան եւս ստիպված կլինի ճանաչել ցեղասպանության փաստը: Ինչ վերաբերում է Իսրայելին, նրանք միշտ սիրում են լինել միակը:
Գրիգոր, Մոսկվայից.- Ի՞նչ չափով են հայկական պոետիկ եւ երաժշտական ավանդույթներն ազդել Ձեր արվեստի վրա:
- Հայկական ավանդույթները իմ արվեստի վրա ազդել են ավելի քիչ, քան ֆրանսիականը, քանի որ շատ հաճախ մենք` հայերս, չենք հասկանում հայկական պոեզիան: Ես շատ մարդկանց չգիտեմ, որոնք կարող են ինձ համար թարգմանել Սայաթ-Նովա: Դուք հասկանո՞ւմ եք Սայաթ-Նովային:
- Ցավոք, ոչ միշտ ամբողջությամբ:
Ազնավուր.- Իմ քույրը հասկանում է: Ես ինքս բառերի մեծ մասը չեմ հասկանում, այն ուրիշ լեզվով է: Եվ մենք մեծ դժվարությամբ ենք պահպանել մեր ժամանակակից լեզուն սփյուռքում, պատկերացրեք, եթե մենք ստիպված լինեինք նոր լեզու սովորել:
- Դուք տեսնո՞ւմ եք, արդյոք Ձեր գործի շարունակողներ Ֆրանսիայում: Կա՞ն իրական նոր աստղեր ֆրանսիական շանսոնում:
- Այս պահինՙ ոչ:
Արթուրը Ռուսաստանից ասում է, որ տպավորված է Ձեր պատմվածքներով, եւ հարցնում է, թե արդյոք պատրաստվո՞ւմ եք նոր գիրք հրատարակել:
- Այո, ինձ ուղղակի ժամանակ է հարկավոր գիրքս ավարտելու համար: Կարծում եմ, կավարտեմ մեկ տարվա ընթացքում:
Անահիտը Արցախից մաղթում է Ձեզ միշտ մնալ հոգով երիտասարդ, ինչպես հիմա: Նա հարցնում է, թե ե՞րբ եք պատրաստվում այցելել Արցախ:
- Երեւի մայիսին, իմ ավագ դստեր հետ: Նա համերգ է տալու այնտեղ: Ես երբեք չեմ եղել այնտեղ:
Արմենը Երեւանից համարում է Ձեզ Ֆրանսիայի եւ հայ ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ: Նա շնորհակալ է, որ Ձեր ջանքերի շնորհիվ Փարիզում ստեղծվեց Երեւանի պուրակը:
- Ցավոք, ես շատ հիասթափված էի, երբ մենք բացեցինք այգին, բայց այնտեղ ոչինչ տնկված չէր: Մենք շատ ուրախ կլինեինք պուրակը ծաղիկներով լեցուն տեսնել: Այգին անպայման պետք է տարբերվի մյուսներից եւ դա ժամանակի հարց է:
Մերի, Ստավրոպոլից.- «Հավիտենական սեր» ստեղծագործությունը Դուք այնքան հուզիչ եւ ի սրտե եք կատարում, որ ուրիշ ոչ ոք չի կատարում: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է իրական սերը Ձեզ համար: Երբեւէ զգացե՞լ եք այն:
Ես ավելի շատ չգիտեմ, քան ուրիշները: Իրական սերը հավատարմությունն է: Հայերը, որոնց տեսել եմ իմ կողքին` հայրս, մայրս, նրանք ապրել են իրենց սերը միասին ամբողջ կյանքում եւ երբեք չեն բաժանվել, ես կարծում եմ, դա է իրական սերը: Այն սկսվում է կրքից, այնուհետեւ վերածվում է ջերմության եւ փոխըմբռնման:
- Շնորհակալություն, պարոն Ազնավուր:
- Merci!, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ: