«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2009-03-27 | #55, 2009-03-28 | #56, 2009-03-31


Ի ՀԻՇԱՏԱԿ ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆԻ

Քառասուն օր է, ինչ Գրիգոր Շահինյանը հեռացավ կյանքից. ավարտվեց, ավա՜ղ, երկրային ուղին մի լուսավոր հոգու, որ աշխարհ էր եկել ուսուցանելու ու կրթելու հայ միտքը, անհավակնոտ ու լուռ քննելու աշխարհի բանը, հանդարտ դատելու-վերլուծելու հայ մշակույթի, գրի աշխարհը:

Մարտի 29-ն է, երեւանյան կիրակի, առավոտ: Սբ. Կաթողիկե եկեղեցում պատարագիչ քահանան հոգեհանգստյան պաշտոն է մատուցում Գրիգոր Շահինյանի հիշատակին: Եկեղեցին եւ բակը մարդաշատ են, քիչ հետո հիշատակի հանդիպում նրա մտերիմների, բարեկամների, աշակերտների, հոգեկից մարդկանց հետՙ Նարեկացի արվեստի կենտրոնում. խոսքերՙ իր կերպի ու կերպարի, խոնարհ նվիրումի կյանք ապրած մարդու երկրային հետքին արժանի: Մարդ, որի ներքին շիտակությունը համահունչ էր իր ամենօրյա կյանքինՙ որեւէ հանգամանքում, որեւէ տեղ: Սփյուռքում մտավորականի կերպը դժվարորեն պահողի, հավատարիմների այն բանակից, որոնց նվիրումն ու ջանքերն են արթուն պահել հայ ոգին, դրա պահապան ամենազգայուն զարկերակիՙ կրթական գործի մշակը դարձած Գր. Շահինյանի նկարագրի բնութագրումը տվեց ԱԺ պատգամավոր, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը . «Նա սովորեցրեց մեզ բացառիկ համեստ ապրելու բանաձեւը»:

Գրիգոր Շահինյանը գրականագիտական արժեքավոր ժառանգություն է թողել, սակայն իր կյանքի գործը ուսուցչությունն էր, իր կոչումը մանկավարժ լինելն էր, որը մասնակիորեն երեւաց ճեմարանի նախկին աշակերտներից Բեկոր Փափազյանի հուշերում. «Հանդուրժողական, պաղարյուն, ռադիկալ, մեծ օրինակ արդիական աշխարհայացքով հայ ուսուցչի, առանց ավանդապաշտ ֆետիշներու»:

  Սուրեն Դանիելյանին էր վիճակված ընդհանուր գծերով ամբողջացնելու Գր. Շահինյանի ստեղծագործական դիմանկարը: Ընդգծվեց նրա էության երկվության հանգամանքները, նրա կամրջող դերակատարումը սփյուռքի եւ Հայաստանի գրականագիտական մտքի միջեւ: «Իբրեւ մարդ անմատչելի, անհպելի. գիտության մեջ եւ արվեստում մարդու բարոյական նկարագրի պահպանող, լինելության մի վիճակ, որ կատարյալ ուսուցչի պատկերացումն է բերում»:

Զսպված հուզմունք կար Աստղիկ Փանոսյանի խոսքում. «Պարկեշտ, օրինակելի, բարեկիրթ, մանկավարժական բացառիկ մթնոլորտ ստեղծած մտավորական»:

Այսպիսին է մեր կյանքը. ուրախության ու վշտի այս համանվագը, հանդես-փորձադաշտը: Հեռացածները մեզ հետ են այնքան, որքան մենք ենք դա կամենում, որքան մեր ներքին կյանքը, մեր միտքն է նրանց հետ շարունակվում: Չգիտեմՙ սփոփանքի անհրաժեշտությունն է ֆիզիկական անջրպետի ցավը մեղմելու համար մեզ զգայնությունների մի աշխարհ տեղափոխում, ուր նրանց բացակա-ներկայությունը պարտադրում է պայմանական համարել ներկա իրողություններըՙ անդենականից եկող հուշիկ, անիմանալի զգացողությամբ: Այս ներհայեցողական խորհրդից ծնված մտորումը բարձրաձայնեց Տիգրան Մանսուրյանը իր վերհուշի տպավորություններով - խոհուն, զգացական. «Իր շուրջը եղած խոսք ու զրույցը հարուստ է եղել շատ: Իր անվան շուրջը մեծ շարժում կա, ամենատարբեր տեղերից պատմությունները զարմանքի ու հիացմունքի արտահայտություն ունեն. շատ գեղեցիկ պատմություն մարդու մասին, ով գիտի անհրաժեշտությունը մասնագետին գնահատելու, կառույց ստեղծելու (հիշեց Բեյրութի հայկական երաժշտանոցի հիմնադրման գործում Վաչե Պարսումյանին Գրիգոր Շահինյանի աջակցությունը): Բարոյականության մի չափանիշ, խոնարհության արժանի ազնիվ վարքագիծ, որով միայն հայեցի տունը կկառուցվի, կապրեցվի»:

Գրիգոր Շահինյանի հիշատակի այս արտահայտությունները նույնքան զուսպ էին ու զգացական, որքան ինքըՙ մեր սիրելի ուսուցիչը, գրականագետը, մարդը:

Հանդիպումը կազմակերպել էր «Համազգային» կենտրոնըՙ Շահինյանի դստերՙ Շաղիկի հետ: Տպավորիչ էր Բեյրութի Համազգայինի ճեմարանի 75-ամյակի առիթով նկարահանած տեսաժապավենից Գրիգոր Շահինյանի հնչած խոսքը ճեմարանի անցյալի, ուսուցիչների, մասնավորապես Լեւոն Շանթի մասինՙ հստակ, ճշգրիտ, ըստ էության: Ի հիշատակ հանգուցյալի, դաշնամուրային կատարումներ նույնպես եղանՙ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Մանսուրյան եւ Շահինյանի թոռնուհինՙ Ծովինարը:

Օրը մնաց որպես թախծի լուսավոր հուշ, էկրանինՙ Գրիգոր Շահինյանի վարակիչ, առատ ժպիտով, Տիգրան Մանսուրյանի խոսքով. «Թող անդենում իր անցնելիք ճանապարհը լուսավոր լինի»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4