Մեծ մարդասեր «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը երեկ մեծ շուքով «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալներ ու հավաստագրեր հանձնեց դիվանագետ, լրագրող, պատմաբան Հենրիկ Լիլոյանին (հետմահու), շուրջ երկու տասնամյակ մայր հայրենիքում բարեգործական ծրագրեր իրականացնող տեր եւ տիկին Հակոբ եւ Քնարիկ Ջամբազյաններին եւ Հայկական հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին:
Միջոցառումը սկսվեց բարերար Հակոբ Ջամբազյանի գրած «Ռեքվիեմով», որն ուղղորդվում էր 1915-ի ապրիլի 24-ը պատկերող ահասարսուռ կադրերով: Իսկ ավելի ուշ, հուշամեդալների հանձնումից հետո, էկրանի վրա ցուցադրվեց Ջամբազյան ընտանիքի հիմնադրած «Հույսի ավանի» պատմությունը, որտեղ 200 կարիքավորների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններով բնակարաններ: «Ազգի» հետ զրույցում պրն Ջամբազյանը նշեց. «Ինձ համար այս օրը մի առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի, որովհետեւ իմ ծնողների սկսած գործը մեր ընտանիքը, որդիսՙ Պարույրը նույնպես, այսօր շարունակում է եւ կարող եմ ասել, որ ծնողներիս թողած ավանդն ու պատգամը կատարում ենքՙ իրենց հիշատակը վառ պահելով: Քանի դեռ ուժ ու կորով ունենք, մեր գործունեությունը պիտի շարունակենք մինչեւ վերջ եւ հույս ունենք, որ շատերը մեր օրինակին կհետեւեն»:
Արմեն Ամիրյանն իր շնորհակալական խոսքում նշեց. «Բարեգործություն շատ չեմ հասցրել անել, բայց հավակնություններ ունեմ: Շնորհակալ եմ իմ ավագ ընկերոջըՙ Հակոբ Ջամբազյանին, որը տասնամյակներ առաջ ինձ վարակեց բարեգործություն անելու ոգով, եւ մենք պարտավոր ենք Աստծո տված մեր մասնաբաժնից բարեգործություն անել ի շահ մեր ժողովրդի...»:
Հենրիկ Լիլոյանի որդինՙ վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանն ստանալով իր հոր պարգեւըՙ շնորհակալություն հայտնեց ու նշեց. «Հորս մատուցած ամենակարեւոր դասերից եմ համարում սերն առ հայրենիք, կառուցել հայրենիքը եւ չվհատվել կամ չվշտանալ, եթե ինչ-ինչ հանգամանքներ այնպես չեն»:
«Ազգը» շնորհավորում է պարգեւատրվածներին ու մաղթում շարունակել իրենց ազգանվեր գործը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ