Տնտեսական ճգնաժամը խորանում է, բնակչության մեծ մասը հայտնվել է ցայտնոտի մեջ: Մի կողմից չի կարողանում գազի, հոսանքի, հեռախոսի վարձավճարները ժամանակին մուծել, մյուս կողմիցՙ սննդամթերքի գների աճը, աշխատավարձերի ուշացումը եւ էլի հազար ու մի հոգսեր: Բնակչության մեծ մասը սկսել է հնարավորինս խնայելՙ եթե որեւէ հագուստ, կոշիկ, պայուսակ նախորդ տարիներին որոշակի ժամանակից հետո համարում էր ոչ նորաձեւ եւ դեն էր գցում, այժմ թքած ունի նորաձեւության վրա եւ փորձում է թարմացնել այն իրերը, որոնք վաղուց դեն նետելու ապրանք են դարձել:
Ահա այստեղ է, որ շատերին օգնության է գալիս վարպետ Հայկազըՙ իր հնարամտությամբ, մարդկանց որոշակի ուրախություն պարգեւելով: Իսկ թե ով է վարպետ Հայկազը, պարզ դարձավ, երբ «Ազգն» այցելեց Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակ ու զրուցեց նրա հետ: «Կոշիկի վիրաբույժ, կոշիկի բժիշկ», այսպես էին նրան կատակով դիմում իր մշտական հաճախորդներն ու գովեստի խոսքեր շռայլում: Լուսանկարիչ Միսակ Պողոսյանը, որն արդեն 10 տարի աշխատում է վարպետ Հայկազի հարեւանությամբ ու հաճախ է այցելում նրան, վայելում է նրա բարյացակամ վերաբերմունքը, ջերմ ու անկեղծ զրույցները, հումորը, այսպես բնորոշեց. «Իսկական հայ մարդ է: Ամեն պարագայում կարող ես վստահել նրան, որն առանց հաշվի առնելու` կտուժի, թե կշահի, պատրաստակամորեն բոլորին հասնում ու օգնում է իր ոսկե ձեռքերի շնորհքով»:
62-ամյա Հայկազ Ադամյանը նախկինում 29 տարի աշխատել է «Նաիրի» կոշիկի ֆաբրիկայում ու համարվել կոշիկի տեխնոլոգիայի լավագույն մասնագետ: Իսկ երբ փակվել է ֆաբրիկան, իր նման մոտ 100 մասնագետ կոշկակարների պես վերանորոգման կետ է բացել ու օրվա հացը շարունակում է քրտինքով վաստակել: Հինգ անդամից բաղկացած վարպետ Հայկազի ընտանիքում միակ աշխատող ձեռքն ինքն է, ծայրը ծայրին հազիվ են հասցնում: Երբ հարկատեսակները օր օրի ավելանում են, իրենց գործերը դժվարանում են, եւ դեռ հայտնի չէ, թե ի՞նչ կլինի, պատմում էր վարպետ Հայկազը: Իսկ թե տնտեսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել իր եւ հաճախորդների վրա, ասում է. «Իհարկե, բացասական: Մի կողմից հարկերը` թոշակային ֆոնդի գումարները, հոսանքի, ջրի, հեռախոսի վարձերը, մարդկանց անվճարունակությունը, հիմա էլ նոր հարկատեսակ են մտցրելՙ 60.000 տարեկան վճար: Իսկ թե ինչպե՞ս պետք է դրանց տակից դուրս գանք, չգիտեմ: Շուկայում նյութերը թանկ են, դժվարանում ենք աշխատել, իսկ այս նոր հարկատեսակըՙ կրկնակի դժվարության առաջ է կանգնեցնում: Գոնե մեկ-երկու տարի սպասեին ու նոր այդ հարկատեսակը մտցնեին, մինչեւ այս ճգնաժամը մի քիչ հանդարտվեր: Թե չէ ստացվում է, որ աշխատատեղեր բացելու փոխարեն, ամեն ինչ անում են եղածները փակելու համար: Թողնեին աշխատեինք, որ ընտանիք կերակրեինք»:
Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես մարդիկ ավելի շատ են սկսել դիմել վերանորոգողների ծառայությանը, փորձելով ինչ-որ կերպ թեթեւացնել ընտանիքի հոգսը: Դա հաստատեց նաեւ վարպետ Հայկազը. «Շատ են բերում դեն գցելու կոշիկներ հաճախորդները: Ես էլ փորձում եմ նորոգել, որ մարդիկ ոտաբոբիկ չմնան: Շատացել են նաեւ թանկարժեք կոշիկների ներբանների ու կրունկների վերանորոգման պատվերներն ունեւորներից: Օրական 10-15 հաճախորդներ են ինձ դիմում ու գրեթե բոլորից վերանորոգման համար սիմվոլիկ գումար եմ վերցնումՙ 200-300 դրամ, կամ, երբեմն, հատկապես չունեւորներից փող չեմ վերցնում, եթե նոր գնված նյութ չեմ օգտագործում»: Իսկ թե ինչպե՞ս է հոգում ընտանիքի հոգսը, վարպետը հոգոց հանեց ու ասաց. «Ամսվա էս գլխից պարտք ենք, էն գլխիցՙ պարտք ենք»:
Իր գործի վարպետը հաճախ է կատակում ու առանձնակի ուշադիր է կանանց նկատմամբՙ Մարտի 8-ին նրանց սպասարկել է անվճար եւ չի թաքցնում. «Եթե ճաշակով, սիրուն կին է հաճախում, ամեն կերպ փորձում եմ այնպես վերանորոգել նրա կոշիկները, որ կարծես թե նոր է գնել: Երբեմն էլ չեն ճանաչում իրենց կոշիկները եւ ասում են, վարպետ, հո ուրիշի կոշիկի հետ չեք շփոթել... Գիտե՞ք, թե որքան աշխատանքի հրավեր եմ ստացել դրսից, բայց չեմ գնացել, իմ տունն է, իմ հայրենիքը, ո՞ւր գնամ: Ուր էլ գնամ, էստեղից լավ չի լինի, թեկուզ էստեղ սոված եմ մնում, վնասով եմ աշխատում ու էնպիսի ունեցվածք էլ չունեմ, որ վաճառեմ, ապրեմ: Ոչ, իմ երկիրն է ու պիտի մնամ այստեղ, իմ ընտանիքի հետ: Իսկ մեր ղեկավարությանը, բարեգործներին ու գործարարներին կոչ եմ անում օգնեն նեղն ընկածներին, ձեռք մեկնեն, չթողնեն, որ կործանվեն, այլ ոտքի կանգնեն: Այնպես անեն, որ մարդը ճարահատյալ չդիմի գողության, մարմնավաճառության կամ խաբեությանՙ փորը կշտացնելու համար»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հ. Գ. Ի գիտություն մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին. ՀՀ կառավարությունը հաստատել է արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքը, որով սահմանված է, որ 2009-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել նոր հարկատեսակ, որով չգրանցված բիզնեսով զբաղվողն ամսական պետք է վճարի 5.000 դրամ, տարեկանՙ 60.000 դրամ Երեւան քաղաքում: Իսկ հեռավոր եւ սահմանամերձ վայրերումՙ ամսական 3.600 դրամ, այլ վայրերումՙ 12.000: Իսկ մեկից ավելի գործունեության արտոնագրի չափը սահմանվել է 50 տոկոսի չափով: Գումարը կարելի է վճարել երկու կեսով, մարտի 1-ից մինչեւ հունիսի 30-ը կարող են դիմել հարկային մարմիններին եւ ստանալ առաջին կիսամյակի համար գործունեության թույլտվություն: