Մեր առօրյայում միասեռականներին այնքան էլ հաճախ չեն անդրադառնում: Միգուցե խնդիրը չափից ավելի կաղապարված լինելու մեջ է: Հենց դա է պատճառը, որ միասեռականների մասին տեղեկությունները մեր հանրությունում սահմանափակ են ու հիմնականում խեղաթյուրված: Ոչ միայն գիտելիքները, այլեւ տարրական էթիկայի կանոններն էին բացակայում «Հայելի»-ում կայացած ասուլիսում: Թեման նվիրված էր սեռական փոքրամասնություններին ու նրանց խնդիրներին: Հրավիրվածները բավականին պատկառելի անձնավորություններ էին, սակայն ասուլիսի սկզբից մինչեւ վերջ չդադարեցին միմյանց վիրավորել, «Արեւմուտքի լրտես» անվանել, դատի տալ ու սպառնալ, թե խոսքերը կրկնելու դեպքում կդիմեն բազուկների օգնությանն ու ծեծին: Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իմացած-չիմացածը` միայն թե հակառակվեր դիմացինին: Մինչդեռ թեմայի վերաբերյալ էական որեւէ վերլուծություն այդպես էլ չհնչեց:
Խաչիկ Ստամբոլցյանը միասեռականությունը համարում է անբարոյականություն, այլասերում ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնական տարածող: Ստամբոլցյանն առաջարկում է վերաբերվել միասեռականներին որպես հիվանդի, հնարավոր միջոցներով նրանց ընկալմանը հասցնել «հիվանդության վտանգն» ու փորձել «բուժել»: Իսկ եթե չստացվի` հսկողություն սահմանել, ծայրահեղ դեպքում` հասարակությունից վտարել: «Այլանդակում են ազգը», զայրանում է Ստամբոլցյանն ու որպես ախտի վերացման մեթոդ առաջարկում Ավետարանն ու մահակը: Բանախոսը նկատում է, որ հարյուրավոր թմրամոլներ Ավետարանի շնորհիվ դարձի են եկել:
Միքայել Դանիելյանն էլ նախընտրում է, որ դիմացինը լինի արվամոլ, քան մարդասպան, գող: «Ինչո՞ւ օրենքով նրանց ընդունեցիք, եթե դրան պատրաստ չէիք: Իհարկե, այդ ժամանակ անհրաժեշտ էր, որ Եվրոխորհուրդ մտնեիք, դրա համար էլ ընդունեցիք, համաձայնեցիք: Իսկ հիմա ի՞նչ եք ասում», ասում է Դանիելյանը: Նա անընդունելի է համարում, երբ փորձում են միասեռականների կյանքը օրենքով կարգավորել: «Նրանք նորմալ մարդիկ են: Դա բնության օրենքն է: Չեմ հասկանում` ինչպե՞ս պետք է կարգավորվի նրանց կյանքը»:
Հարություն Մեսրոպյանն էլ նկատեց, որ փոքրամասնությունների իրավունքներն ու կարգավիճակը հարիր չեն ազգային ավանդույթներ ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող ազգին: Մեսրոպյանը նաեւ առաջարկեց ուշադրություն դարձնել ազգային անվտանգության համակարգին: Հանդիպմանը հնչած բազմաթիվ մտքեր էլ ծայրահեղ էին ու մասնագիտական շրջանակներից դուրս: Բանախոսները խոսեցին գրեթե ամեն ինչից, շոշափեցին անգամ Ղարաբաղի հարցն ու ոմանց լրտես, այս կամ այն ուժի կամակատար լինելը: Ի վերջո հոգնելով արդեն աննպատակ դարձած բանավեճից, մի շարք լրագրողներ լքեցին ակումբը:
Հ. Հ.