«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2009-03-28 | #56, 2009-03-31 | #57, 2009-04-01


ՍԿՍՎԵՑ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ, ՃԻՇՏ ԱՅՍ ՕՐԸ

Ոչ մի բան այդքան դիպուկ եւ ամբողջապես չի ոչնչացնում թուրքերի ու նրանց աջակիցներիՙ Հայոց ցեղասպանության փաստն ուրանալու նկրտումները, որքան 1909 թվականի ապրիլի 1-ին, չորեքշաբթի օրը, ինչպես այսօր, Ադանայի եւ շրջակա հայաբնակ քաղաքների ու գյուղերի կոտորածների իրողությունը: Եթե ամփոփենք 1915-ի Ցեղասպանության փաստը ժխտող թուրքերի առարկությունները, կունենանք հետեւյալ պատկերը.

ա) Համաշխարհային պատերազմ էր, Թուրքիան պատերազմող կողմերից մեկն էր, իսկ պատերազմում սովորաբար եւ ամեն տեղ շատ դժբախտություններ են պատահում.

բ) Ռուսական բանակն առաջանում էր Թուրքիայի խորքերը, նրա հետՙ հայկական կամավորական գնդերը, անվտանգության նկատառումները թուրքական իշխանություններին ստիպում էին միջոցներ ձեռք առնել եւ տեղահանել հայերին.

գ) հայ «քոմիթաջիները» սպառնում էին ներսից պայթեցնել դժվարին կացության մեջ հայտնված երկիրը, հետեւաբար...

Այս եւ մյուս առարկությունները բացարձակապես գոյություն չեն կարող ունենալ 1909-ի կոտորածների պարագայում: Այդ ժամանակ երկրում չկար պատերազմական դրություն, առաջացող ռուսական բանակի սպառնալիքՙ նույնպես, իսկ հայ «քոմիթաջիները», ընդհակառակն, դեռեւս շարունակում էին 1908 թ.-ին սկսված սիրավեպը երիտթուրքերի հետՙ ազատության, եղբայրության, հավասարության եւ օսմանցիության դրոշի ներքո:

Եվ պատահեց ծրագրվածը. ապրիլի 1-ին սկսված նախճիրը հաջորդական 3 ալիքներով ավերեց ողջ Կիլիկիանՙ Ադանա կենտրոնով: Սպանվեց 30-35 հազար հայ, իսկ շատերը մնացին որբ ու որբեւայրի, հիվանդ ու հաշմանդամ: Ու եթե պատերազմն սկսված լիներ ոչ թե 1914 թ., այլ 1909 թ.-ին, ապա Թուրքիայի ողջ տարածքում ապրող բովանդակ հայության ցեղասպանությունն իրողություն կդառնար 6 տարի շուտ:

Դա 100 տարի առաջ էր, ճիշտ այս օրը...

Ու տարօրինակ է, որ մեր պետությունն ու կազմակերպություններն այս օրը, Մեծ եղեռնի այս արյունոտ դրվագը չեն նշում պետականորեն, համազգային տարողությամբ: Ճիշտ է, ապրիլի 19-21-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպմամբ Երեւանում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով, հավանաբար կլինեն նաեւ այլ միջոցառումներ, սակայն մեր ակնարկն ու ակնկալությունն այլ մակարդակի, այլ տարողություն է ենթադրում:

Հայոց ցեղասպանությունը, սկսած 1894-96 թվականներից եւ շարունակված մինչ 1923 թիվը, մեկ եւ միասնական ծրագրի իրականացման շղթա է, որի ամենատիպականըՙ կիլիկյան կոտորածներն են: Յուրաքանչյուր օղակ կարեւոր է այնքանՙ որքան մյուսը, անկախ զոհերի համեմատական թվից եւ հետեւանքների ահավորությունից:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4