Երեկվա ասուլիսային օրը
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ «Ուրբաթ» ակումբում մտահոգություն հայտնեց, որ քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի նշանակվելը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում, քանի որ մի ուժ` Հանրապետականը այդ պաշտոնի միջոցով կարող է օգտագործել վարչական ռեսուրսը: Այդ ռեսուրսը չօգտագործելու երաշխիք, ըստ Մինասյանի, կարող է տալ միայն հանրապետության նախագահը, թեեւ օրենսդրությամբ էլ այդպիսի վարքագծին պետք է դեմ կանգնեն նաեւ ընտրական հանձնաժողովները. «Հույս ունեմ, որ հանրապետության նախագահը հրապարակայնորեն կարտահայտի իր դիրքորոշումը, որ վարչական լծակը չի կարող լինել որպես ընտրական հիմնական գործիք, ու գոնե Երեւանի քաղաքապետի ընտրություններում մեր հանրության ներկայացուցիչները կարողանան իրենց կամքին համապատասխան ընտրություն կատարել», ասաց նա:
Ընդհանրապես Մինասյանը վստահ էր, թե ՀՅԴ-ն ընտրության է գնում հաղթելու` 40 եւ ավելի տոկոս ձայն ստանալու, հաղթելու պարագայում էլ` համագործակցելու են ե՛ւ իշխանական մյուս ուժերի, ե՛ւ անգամ ընդդիմադիր ուժերի հետ քաղաքն արդյունավետ կառավարելու համար, իսկ անձամբ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի 40 եւ ավելի տոկոս հավաքելու դեպքում վայր է դնելու իր պատգամավորական մանդատը: Արծվիկ Մինասյանը հնարավոր է համարում, որ ընտրվելիք ավագանիում կոալիցիա ձեւավորվի եւ համագործակցություն կայանա բոլոր քաղաքական ուժերի հետ. «Մեր նպատակը նեղկուսակցական շահերով առաջնորդվելը չպետք է լինի, այլ համայն հայության մայրաքաղաքը միասին կառավարելը»: Ըստ նրա` այո, քաղաքական են այս ընտրությունները, բայց ոչ այն աստիճանի, որ դրանով արմատական փոփոխություններ ակնկալվեն:
Արծվիկ Մինասյանի բոլոր տեսակետներին չենք անդրադառնա, քանի որ «Ազգն» իր հարցերի պատասխաններն անձամբ է ուզում ստանալ ցուցակները գլխավորողներից, նկատենք միայն, որ Երեւանի քաղաքային ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերն արդեն բոլորն էլ արտահայտվել են ու շարունակում են արտահայտվել, չնայած բուն պաշտոնական քարոզարշավին դեռ 1 ամիս ժամանակ կա, եւ բոլորն էլ խոսում են միայն հաղթանակից:
Քաղաքապետ ունենալ բոլոր ուժերն են ուզում, բայց «պրիզը» մեկն է
Ըստ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների` ՀՀԿ-ի վերնախավը մտահոգված է քաղաքային ավագանու ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի աշխուժությամբ: Ըստ այդ աղբյուրների` ՀՀԿ-ն առավել լուրջ թեկնածու համարում է ոչ թե ընդդիմությանն` ի դեմս Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած ցուցակի, այլ հենց ԲՀԿ-ին, որի ցուցակի հետեւում տեսնում է ստվերային դերակատարի, էլ չասած` Գագիկ Ծառուկյանի գործոնը: ԲՀԿ-ում էլ հրապարակավ չեն թաքցնում, որ լրջորեն որոշել են աշխատել հատկապես քաղաքապետի պաշտոնը ունենալու, այսինքն` գլխավոր «պրիզի» համար, սա նրանց համար գերխնդիր է: Ու նրանք վստահ են, որ 40 տոկոսը հավաքելու են: Հենց երեկ կայքերից մեկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե մանկական խաղ է համարում «Մեր թեկնածուն ավելի լավն է կամ ավելի լավ կկառավարի» հայտարարությունները, քանի որ որոշելու են երեւանցիները` համեմատելով, թե կուսակցություններից ո՞ր մեկի ծրագիրն է ամենից արդյունավետը: Այ այստեղ խիստ մասամբ կարող ենք համաձայնել նրա հետ, քանի որ մեր ընտրողի շատ չնչին տոկոսն է ծրագրեր համեմատելու, այլ ավելի շատ` աչք ու ականջով է ընտրություն կատարելու (բոյո՜վ, սիրո՜ւն, հարո՜ւստ), մասամբ էլ շահերով եւ իր գրպանի ընտրակաշառքի պարունակությամբ, ինչպես նաեւ թաղային եւ գերատեսչական ազդեցություններով:
Իսկ ընդհանրապես` բան ու գործ թողած, աշխարհի ու տարածաշրջանային զարգացումների դիմաց աչք փակելով, մենք կրկին մի երեք ամսով (հետընտրական խժդժություններն էլ մեզ նվեր) գլխովին խրվում ենք մեր հերթական նեղ, խմբային շահեր հետապնդող, մարդկանց իրար դեմ լարող մրցակցության մեջ, որ այս անգամ քաղաքապետի ընտրության վերջնարդյունքին է տանելու: Այսինքն` հերթական սովորական պաշտոնակռվի ականատեսն ու մասնակիցն ենք դառնալու, որ ամեն ինչից, այդ թվում` տնտեսական ճգնաժամից ու թանկացումներից շեղելու է մեզ ու կրքեր է բորբոքելու քաղաքապետի պաշտոնի շուրջը: Ում բաժին ընկավ քաղաքապետի պաշտոնը, նա էլ մեջ-մեջ կանի համեղ պատառները` այս է մտածում հասարակ երեւանցին, որ դեռ կարգին, բառիս իսկական իմաստով ընտրության վերջին տարիներին համարյա չի մասնակցել: Թե չէ` լավ մենեջե՜ր, քաղաքի կառավարում, էլ եսիմ ինչ... հա, որ քաղաքապետ դարձավ` բա քաղաք է կառավարելու, հո չի երգելու կամ պարելու:
Իսկ ամենազավեշտալին` ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերի առուվաճառքի վերաբերյալ ալիշ-վերիշն է` թե բա առաջարկում են «Ժառանգությանը» գնել հանձնաժողովների տեղերը... կոալիցիայից... այ, կասենք` ով, ձեզ խելոք պահեք: Խոստովանենք` ինտրիգ կա մեջը: Է, մի ծախեք, առաջարկում են` թող առաջարկեն, ծախող-չծախողը տերը չէ՞:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ