Արդեն մեկ տարի է, ինչ լիբանանահայ երիտասարդության կյանքում մեծ թափ է ստացել «Ազատ հայեր» շարժումը: Այն հիմնադրվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի եւ Արցախում բարի համբավ ու ժողովրդականություն վայելող գեներալ Նարեկ Աբրահամյանի, Թաիլանդի թագավորությունում Լիբանանի նախկին դեսպան եւ համալսարանի դասախոս դոկտ. Վաչե Նյուրբենթլյանի եւ մի խումբ երիտասարդների ջանքերով: «Ազգում» տպագրված մի հոդվածի կապակցությամբ հրավիրվել էինք հայաշատ Բուրջ Համուդի կենտրոնում գտնվող «Ազատ հայերի» գլխավոր գրասենյակ եւ առաջարկեցինք գեներալ Նարեկ Աբրահամյանին պատասխանել մեր հարցերին: Մի քանի օր հետո «Ազատ հայերի» քաղաքական դիվանը մեզ փոխանցեց հետեւյալ պատասխանները:
- Ինչպիսի՞ պայմաններում ծնունդ առավ «Ազատ հայեր» շարժումը եւ որո՞նք են Ձեր գաղափարախոսության հիմքերը:
- Շարժումը ծնունդ առավ իբրեւ հակազդեցություն լիբանանյան եւ ազգային խնդիրների նկատմամբ որդեգրված անճիշտ եւ ժամանակավրեպ աշխարհայացքների: Գալով ազգային խնդիրների իրապաշտ եւ այժմեական նախաձեռնություններին, ինչպիսիք են Հայ դատը, Արցախի, Ջավախքի հարցերը, դրանք տեղի հայկական կուսակցությունների առօրյա մտահոգություններից հեռու են ու հիշվում են պարզապես մեղադրանքներից հեռու մնալու նպատակով:
Մենք որպես լիբանանահայերՙ շեշտում ենք Լիբանանի անկախության, գերիշխանության եւ ազատության կողքին «գործով եւ բանիվ» կանգնելու մեր պատրաստակամությունը, քանի որ լիբանանահայությունը կարող է ունենալ դրական զարգացում միայն այդպիսի բնականոն պայմաններում:
«Ազատ լիբանանահայեր» շարժումը իր խորքում քրիստոնեական արժեչափերի վրա հիմնված ընկերվարական ժողովրդավար շարժում է եւ իբրեւ նպատակ է հետապնդում մարդկային եւ ազգային իրավունքների ճանաչումը եւ գործնականացումը ընկերային ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում եւ բոլոր ժողովուրդների համար: Իր գաղափարախոսության մեջ խտացվում են քաղաքական ազատություններն ու ընկերական արդարությունը: Մեկ խոսքովՙ խոսքի, կարծիքի եւ հավատքի ազատությունները:
Իսկ ընկերային արդարության գծովՙ բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի իրագործումը, զերծ ամբողջատիրական-ահաբեկչական, ոստիկանական վարչակարգերի կամայականություններից, ազատագրված ընկերային ախտերիցՙ ինչպիսիք են աղքատությունն ու տգիտությունը:
- Ի՞նչ խավերից են շարժման անդամները:
- Շարժման ղեկավարներն ու անդամները պատկանում են զանազան խավերի ու շրջանակների: Բոլորն էլ հավատում են մարդ անհատի ազատությանը եւ իրավունքներին, ինչպես նաեւ ժողովուրդների եւ ազգերի ազատությանը: Նրանք գալիս են ժողովրդավար ընկերվարական շրջանակներից եւ ավելացնում են իրենց գաղափարախոսության մեջՙ քրիստոնեական արժեչափերը:
- Վերջերս Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Ամանոս շրջանում տեղի ունեցան տխուր դեպքեր, որոնց զոհ դարձավ ձեր շարժման անդամներից մեկը: Կարո՞ղ եք ավելի մանրամասն ներկայացնել այդ դեպքի ծալքերն ու անդրադարձները:
- Խնդրի ճշգրիտ էությունը տեսնում ենք մեր հասարակության մեջ ահաբեկչական եւ ամբողջատիրական մշակույթի առկայությամբ, ինչը ըստ ամենայնի մերժելի է, ինչ էլ լինեն առաջ քաշված պատճառները: Գալով այդ ահաբեկչական արարքին, որին զոհ գնաց «Ազատ լիբանանահայեր» շարժման անդամ Հրակ Աքյանը, պետք է որ այդ արարքի ծալքերը բացահայտվեն պատկան մարմինների կողմից եւ այստեղ վերահաստատում ենք, որ նմանօրինակ արարքները չեն կարող դանդաղեցնել մեր երթը դեպի ազատ հայ հասարակության կայացում:
- Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դուք մասնակցելու եք Լիբանանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին նաեւ որպես թեկնածուՙ դոկտ. Վաչե Նյուրբենթլյանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում քաղաքական իրավիճակը այս կարեւոր հարցերի առնչությամբ:
- Բնականաբար առաջիկա հունիսի ընտրությունները մեծ նշանակություն ունեն Լիբանանի համար: Ընտրությունը կայանալու է երկու ծրագրերի կամ ուղղությունների միջեւՙ «8 մարտ» եւ «14 մարտ»: Առաջինըՙ Լիբանանը կապում է շրջանային եւ միջազգային ուժերի քաղաքականություններին, իսկ երկրորդը ձգտում է վերահաստատել ազատ, անկախ եւ գերիշխան ու իրավունքի երկիր Լիբանանը, որն ունի բնականոն հարաբերություններ շրջանային եւ միջազգային պետությունների հետ, միշտ պահելով լիբանանյան հայրենիքի շահերը ամեն բանից վեր:
Մենք գտնվում ենք «14 մարտ»-ի ուժերի կողքին եւ հայկական մասնակցությունը կուզենք, որ լինի նախ ազատ, Լիբանանի գերագույն շահերին նախանձախնդիր: Լիբանանահայը անհրաժեշտ է, որ մերժի որեւէ տեսակի ճնշում քաղաքական որեւէ գիծ որդեգրելու համար: Այդ ճնշումներին ենթարկվելով, մենք առիթ ենք տալու համայն լիբանանցիներին երկրում ճնշող-ամբողջատիրական վարչակարգի հաստատմանը: Բնական է, որ ունենք հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու տրամադրություն մեր դաշնակիցների հետ խորհրդակցելուց եւ համադրելուց հետո, որից հետո կարելի է վերջնական որոշում կայացնել այս ուղղությամբ:
- Ինչպիսի՞ ծավալ է ստացել Ձեր գործունեությունը եւ որո՞նք են Ձեր ակնկալիքները առաջիկա ժամանակաշրջանում:
- Շարժումն արդեն ունի 3 նախընտրական կենտրոններ հայկական հոծ բնակչություն ունեցող շրջաններում, շարունակելու է ժողովրդի հետ հաղորդակցվելու տարածքային իր քաղաքականությունը, բացելով նոր կենտրոններ, ավելի մոտիկից հետեւելու նրանց կարիքներին: Շարժումը մաս է կազմում «Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգորդների» գործադիր դիվանին, նաեւՙ «Մայրիների հեղափոխության» եւ «14 մարտի» ընդհանուր քարտուղարությանը: Նաեւ անդամակցության դիմում է ներկայացնելու «Քրիստոնեա-դեմոկրատ» միջազգայնականին եւ կապեր է հաստատելու Հայաստանում գործող քրիստոնեա-դեմոկրատ արեւելում ունեցող բոլոր շարժումների, հոսանքների, կազմակերպությունների հետ, միշտ նկատի ունենալով Հայաստանի եւ Լիբանանիՙ մեր զույգ հայրենիքների եղբայրական կապերի հզորացումը, ազատությունը, անկախությունը, գերիշխանությունը, խաղաղությունն ու բարգավաճումը:
Հարցերն առաջադրեց ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ, Բեյրութ