«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2009-03-31 | #57, 2009-04-01 | #58, 2009-04-02


«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ»

Ամերիկացի լրագրող Թերրի Ֆիլիպսի «Սպանություն խորանի մոտ» գրքի շնորհանդեսի առիթով գրողի հետ «Արտբրիջ» գրատանը կազմակերպված հանդիպման մասնակիցներից մեկը տարակուսանք հայտնեց, թե Հայաստանում կա՞ մեկը, որ տեղյակ լինի 1933-ի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքի Սբ. Խաչ հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ Դուրյան սրբազանի սպանության մասին (ինչի մասին է սույն գիրքը): Թերեւս նա ճիշտ է. քչերին, եկեղեցական, մասնագիտական շրջանակներին է, միայն հայտնի այս դեպքը:

Այս տարվա փետրվարի 18-ի «Ազգի» «Տխուր անդրադարձ Հայ եկեղեցւոյ բաժանման» հրապարակման մեջ Նյու Յորքից Հակոբ Վարդիվառյանն անդրադառնում է, ըստ էության, տաբու համարված այս թեմային, դեպքի մանրամասներին, շարժառիթներին, դրաՙ ամերիկյան եւ սփյուռքահայ մամուլի արձագանքներին, բարոյական հետեւանքներին, դատավարությանը, հայկական համայնքներում ծայր առած շարժումներին:

Արեւմտյան քրիստոնյա աշխարհի Սբ. Ծննդի ճիշտ նախօրեին Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատարագիչ առաջնորդի սպանությունը ցնցող ազդեցություն է ունենում ամերիկյան հասարակության, ամերիկահայ համայնքի վրա. «Ամերիկեան պատմութեան մէջ անլուր ոճիր մը», ըստ Հ. Վարդիվառյանի, այս արտահայտությամբ են այդ օրը երեկոյան մամուլի հաղորդագրությունները սկսվել: Սպանության դրդապատճառը, ինչպես տեղեկանում ենք հոդվածից, մեզ առաջին հայացքից մակերեսային թվացող Հայաստանի Առաջին Հանրապետության պետական դրոշիՙ եռագույնի հետագա ճակատագրի հետ կապված, Սովետական Հայաստանի բոլշեւիկյան քաղաքականության եւ նախորդ հանրապետության դաշնակցական դիրքորոշման սուր բեւեռացումն է եղել:

Երբ եռագույնն այլեւս դադարել էր իրավական պետության խորհրդանիշը լինելուց, Ամենայն հայոց հայրապետ Խորեն Մուրադբեկյանի հրահանգով արգելվեց դրոշը հասարակական վայրերում եւ եկեղեցում գործածել, ինչին ենթարկվել է Հայ առաքելական եկեղեցու տարաբախտ սպասավորը: Իր այդ վերաբերմունքը Ղեւոնդ արք. Դուրյանն արտահայտել է նաեւ Չիկագոյի միջազգային փառատոնինՙ եռագույն դրոշի տակով չանցնելով: Ինչպես հոդվածում է նկատվում, սա է պատճառ դառնում 9 դաշնակցական գործիչների մասնակցությամբ եկեղեցում սրբազանիՙ դաշունահարվածով սպանության, ինչն, ըստ էության, մեր եկեղեցական հետագա պառակտումների հիմք է դառնում: Ոճրագործների դատավարությունը տեղի է ունենում 1934-ին, Նյու Յորքումՙ սպանությունն անմիջապես գործող երկուսի եւ նրանց գործակից մնացած յոթի ազատազրկման որոշմամբ:

«Բռնության այս փաստը ներէթնիկական կոնֆլիկտներում ԱՄՆ-ի հայերի համար դարձավ փորձաքար, սակայն այս պատմությունը նաեւ սառը պատերազմի առաջացրած լարվածության եւ հակասությունների տխուր օրինակ է: Այդ լարվածությունը չի վերացել նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո», գրում է «Սպանություն խորանի մոտ» գրքի հեղինակը:

Թերրի Ֆիլիպսը ծագումով հայ էՙ մայրական կողմից: Սա նրա առաջին գիրքն է: Նախկինում եղել է զինվորական վաստակավոր լրագրող, ամերիկյան առաջին լրագրողներից, ով 1988-ի երկրաշարժի եւ ղարաբաղյան հակամարտության տարիներին եղել է Հայաստանում եւ ներկայացրել տեղի իրողությունները: 90-ականներին թղթակցել է CBS, NPR, NBC լրատվական գործակալություններին: Այժմ վարում է Կալիֆոռնիայի «Quality of Life» ռադիոթոքշոուն:

Հեղինակը չորս տարի ուսումնասիրել է հիշյալ դեպքի հետ կապված եղելությունները, տարբեր փաստեր, վկայություններ հավաքել. դրանք գրքում արտահայտված են հարցազրույցների, դատական գործի նյութերի, վերջերս Հետախուզության դաշնային բյուրոյի գաղտնազերծած փաստաթղթերի տեսքով: Գրքում զետեղված են նաեւ թերթային հավելումներ, կան մի քանի լուսանկարների առաջին հրապարակումներ: Գիրքը գրվել է մեկ տարում, ավարտվել 2007-ին, տպագրվել է Կալիֆոռնիայում HYE Books հրատարակչությամբ:

«Սպանություն խորանի մոտ» գրքի հեղինակը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել վավերական նյութին, ինքը սա համարում է դրամատիզացված պատմություն, որտեղ «ոչինչ չկա, որ հակասի ճշմարտությանը: Ոչինչ չեմ փոխել, հիմնական հերոսների անունները պահպանված են»: Այսուհանդերձ, գիրքը փաստագրություն չի համարվում, դա գեղարվեստականգործ է, պատմավեպ: Գրքի մյուս կերպարները, ինչպես հատուկ է գեղարվեստական հորինվածքին, ստեղծում են պատմական միջավայրը, ժամանակը. «Այստեղ նաեւ սիրային պատմություններ կան», ասում է Ֆիլիպսը:

Պատումի առաջին դեմքով ներկայացնողն ինքըՙ հեղինակն է, գրքի հիմնական երկու բաժիններից «Նրանք»-պատմական անցյալն է արտահայտում, «Հիմա»-նՙ գրողի մոտեցումներն ու վերաբերմունքը:

Ոչ վաղ անցյալի մեր պատմության այս փակ էջի վերհանումը ծնում է նաեւ բազմաթիվ հարցեր: Մտահղացման շարժառիթը կարելի է բխեցնել հեղինակիՙ «անցյալով (անցյալը ճանաչելու միջոցով- Մ. Բ.) ապագան կերտելու» բանաձեւից: Այդ անցյալի մասին բավարար փաստեր նա հավաքել է, դիմել է (ոչ պաշտոնական) նաեւ Մայր աթոռին եւ Դաշնակցությանը. ինչ-որ տեղեկություններ ստացել է: «Այս պատմությունը մեզ շատ մոտ է», եղել է շատ ամերիկահայերի կարծիքը գրքի մասին: Վեպը հետաքրքրություն է առաջացրել սփյուռքահայ կազմակերպությունների, կուսակցությունների, միավորումների շրջանակում: Գիրքն առայժմ անարձագանք են թողել Մայր աթոռն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Դաշնակցականները լռում են: Սպանությունը կատարողներից դաշյունը ձեռքին մարդըՙ Մաթեոս Լեյլեկյանը, Դաշնակցական կուսակցության քարտուղարն էր Նյու Յորքում: Նրա ընտանիքը, բարեկամները, երբ իմացան, որ այս մասին գիրք եմ գրում, իրենք պատմեցին այս պատմությունը, եւ երբ լույս տեսավ, շատ գրքեր հենց իրենք գնեցին»:

Թերրի Ֆիլիպսի գիրքը խախտում է 75 տարվա լռությունը, իսկ ինչո՞ւ այժմ, ակտուալ է արդյո՞ք թեման: «Ժամանակը նպաստավորության առումով շատ ավելի անձնական էր, երբ կյանքային, ֆինանսական հանգամանքները հնարավորություն տվեցին զբաղվել այս պատմությամբ, դա նաեւ համընկավ սրբազանի սպանության 75-րդ տարվան: Այնքան էլ ճիշտ չէ այն, թե իրականությունը լավացել է, 75 տարի անց մենք շարունակում ենք երկու եկեղեցի ունենալ: Շատ հայեր չգիտեն այս պատմությունը: Երբ պրոբլեմը կա, կարծում եմՙ բուժել է պետք, ոչ թե լռել»: Վեպի հանգույցըՙ կոնֆլիկտի հիմքը, որտեղ, ինչպես նկատում է Թերրի Ֆիլիպսը, կրոնական դավանաբանական դրույթները նույնն են, բայց շարժառիթները քաղաքական են:

Պարտքի եւ պատասխանատվության հարցի վերաբերյալ հեղինակը փոքր-ինչ հապաղեց, ավելի ուշ, թեՙ սա նաեւ պարտք էր մորս հանդեպ, սակայն հիմնականը, իր խոսքերովՙ «Մենքՙ բոլորս պատասխանատու ենք մեր ընդհանուր պատմության առաջ»:

Հնչեցին կարծիքներ պատմության չթերթված էջերի վերհանման անհրաժեշտության մասին, թե գուցե այս գիրքը հնարավորություն տաՙ սկսելու համակողմանի, ժամանակակից խոսակցություն: Նախատեսվում է գրքի հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ այլ լեզուներով թարգմանություն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4