Դատավարությունը մեկնարկեց ամբաստանյալների ու մեղադրող կողմի վիճաբանությամբ: Բանտարկյալները կանգնած էին, երբ դատարանի դահլիճ մտավ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Մեղադրող կողմն անմիջապես ներկայացավ միջնորդությամբ, որովհետեւ ՀՀ քրեական օրենսգրքում 300 եւ 225 հոդվածները փոփոխությունների էին ենթարկվել: Հետեւաբար մեղադրող կողմը նոր մեղադրանք պետք է ներկայացներ ամբաստանյալներին: Փոփոխված օրենքներով ամբաստանյալների գործողությունները համապատասխանում էին միայն 225 հոդվածի 1-ին մասին: Դատախազ Կորյուն Փիլոյանի միջորդություն ներկայացնելու ժամանակ վեց բանտարկյալները բղավում էին, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ դահլիճում ներկաները չկարողացան լսել դատախազի մեղադրական եզրակացությունը: Աղմուկի մեջ չէր հասկացվում նաեւ, թե ինչ էին պահանջում ամբաստանյալները: Ավելի ուշ փաստաբանների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ բանտարկյալներն էլ են միջնորդություն ներկայացրել, սակայն Մարտիրոսյանը չցանկացավ լսել նաեւ պաշտպանող կողմի միջնորդությունն ու Փիլոյանին լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հայտարարված երկու ժամանոց ընդմիջումի ավարտին դատավորը հրապարակեց «7-ի գործը» մասնատելու որոշումը: Կարճվեց ՀՀ քր.օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասով քրեական գործի վարույթը: Հանցակազմի բացակայության պատճառով դադարեցվեց քրեական հետապնդումը: Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ 225 հոդվածի առաջին մասով եւ 316-ի երկրորդ մասով քրեական գործն անջատվեց եւ ուղարկվեց Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
«Սասուն Միքայելյանի վերաբերյալ 225 հոդվածի 1-ին մասով եւ 235-ի 1-ին եւ 2-րդ մասերով քր. գործն անջատել եւ ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի վերաբերյալ 225 հոդվածի 1-ին մասով քր. գործն անջատել եւ ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան», որոշումն է հրապարակում դատավորը:
Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի վերաբերյալ 225 հոդվածի 1-ին մասով քր. գործը դատարանը որոշեց թողնել նույն վարույթում: Գործի դատական քննությունը կշարունակվի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում: Բանտարկյալների նկատմամբ խափանման միջոցը` կալանավորումը մնաց անփոփոխ: «Ներկայացված մեղադրանքներին ծանոթանալու համար բանտարկյալներին տրվում է մեկ շաբաթ ժամանակ», խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը: Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի վերաբերյալ դատական նիստը կկայանա ապրիլի 9-ին, ժամը 12-ին:
Հ. Հ.