«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2009-03-31 | #57, 2009-04-01 | #58, 2009-04-02


20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ

Մարտի 18-ին Էրեբունի քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ Արմեն Խաչատրյանի դիակը կախված վիճակում: Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում է գտնվել 2007-ի հուլիսի 17-ից, երբ պարտադիր զինծառայությունից հրաժարվելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով դատապարտվեց ազատազրկման 30 ամիս ժամկետով: Խաչատրյանը կալանավայրում է անցկացրել 20 ամիս:

20-ամյա Արմենի ծնողները «Եհովայի վկաներ» աղանդի հետեւորդներ են: «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունից հայտնեցին, որ Արմենը մկրտված Եհովայի վկա չէր, սակայն իր անձնական որոշումն էր կայացրել ու ցանկանում էր հետեւել ծնողների համոզմունքներին:

«Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները կյանքը համարում են թանկ բան, ինչը չպետք է չարաշահել կամ դրան վերջ տալ նույնիսկ սեփական նախաձեռնությամբ: Սակայն փաստ է, որ ինքնասպանությունը համաշխարհային աղետ է, ինչից ամբողջովին զերծ չենք: Բոլոր Եհովայի վկաները սգում են Խաչատրյանի ընտանիքի կորուստը», ասվում է կազմակերպության «Ազգ»-ին ուղարկած հաղորդագրության մեջ:

Թեպետ կազմակերպության անդամներն ամեն ջանք գործադրում են, որ երիտասարդի մահը հրապարակային մեղադրանքների ու շահարկման թիրախ չդառնա եւ չդիտարկվի որպես կրոնական հողի վրա կատարված ինքնասպանություն, այնուամենայնիվ փաստերն այլ երեւույթի մասին են խոսում:

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը նկատում է, որ Հայաստանում վիճակագրական որեւէ հետազոտություն կատարված չէ` պարզելու կրոնական դրդապատճառներով ինքնասպանությունների քանակը: Սակայն Ամարյանը փաստում է, որ վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է: «Վերաբերմունքը բնականաբար բացասական է: Սակայն պետք է ճշտել մանրամասները, օրինակՙ ինչպես էին երիտասարդի հետ վարվում կալանավայրում: Սովորաբար աղանդավորների նկատմամբ վերաբերմունքը մեղմ է: Իրավապաշտպանները հատուկ հսկողություն են սահմանում: Միգուցե ինքնասպանության որոշումը կապված է ներքին խնդիրների կամ հոգեկան շեղման հետ: Հաճախ այնպես է պատահում, որ աղանդավորները ինքնասպանություն են գործում, երբ հիասթափվում են իրենց ընդունած հոգեկան հավատքից», ասում է Ամարյանը: Նա նկատում է, որ այսօրինակ դեպքերը բավականին շատ են: «Սա առաջին դեպքը չէ: 2004-ին 12-ամյա աղջնակը ինքնասպանություն գործեց, հետո պարզվեց, որ նա աղանդավոր է: Մի քանի տարի առաջ այդպիսի դեպք պատահեց նաեւ Վանաձորում», ասում է Ամարյանը:

Այնպես է պատահում, որ ինքնասպանություն կատարող աղանդավորների զգալի մասը հենց «Եհովայի վկա» դրոշմն են կրում (գուցե դա պայմանավորվում է այն հանգամանքով, որ «Եհովայի վկաները» հանրապետությունում ամենահայտնի աղանդավորական կազմակերպությունն է: Թեեւ չենք բացառում, որ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավելի ճիշտՙ «կույր» հետեւորդներ հանուն «վեհ» հավատքի կարող են իրենց կյանքին վերջ տալ): Չգիտենք, թե «Դիտարանը» (եհովականների աստվածաշունչը) ինչ է քարոզում, սակայն մի բան հաստատ է. այդ քարոզներում, մեջբերումներում բացակայում են կյանքի, գեղեցկության, սիրո ու բարության դրվագները:

Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հակոբ քահանա Խաչատրյանը անդրադառնալով կատարվածին նկատում է, որ քրիստոնեությունը ինքնասպանությունը մահացու մեղք է համարում եւ դատապարտում: «Կրոնական աղանդավոր կազմակերպությունների ակտիվ գործունեության պատճառով հաճախակի բնույթ են կրում նմանատիպ դեպքերը, երբ մարդը կորցնում է աստվածաշնչյան ունակությունները, մարդկային զգացողությունները, ընկալումները եւ հոգեբանական կախվածության մեջ ընկնում` հետեւելով այդ գաղափարներին: Բնական է, որ այդ անձնավորությունը պետք է հասարակության մեջ, իր քաղաքում, երկրում որպես քաղաքացի պարտավորություններ ստանձնի ու դրանք լիարժեք կատարի: Այդ ժամանակ բախումն անխուսափելի է, ինչից շատերը ինքնասպանություն են կատարում, երբեմն հոգեկան շեղումներ են հայտնաբերվում: Այդ ժամանակ հոգեւոր ռմբակոծություն է կատարվում անհատի վրա, որը նախընտրում է հավատարիմ մնալ հոգեւոր «հավատքին», «գաղափարներին»` զոհելով սեփական կյանքը», ասաց տեր Հակոբը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4