«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2009-03-31 | #57, 2009-04-01 | #58, 2009-04-02


ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 18 ԿՏԱՎ

Մարտի 31-ին Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` նախորդ օրը Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքի պատուհանի ապակին կոտրելու միջոցով գողացված 18 կտավների առթիվ:

«Ազգը» փորձեց Հրազդանի պատկերասրահի տնօրեն Մանվել Վարդանյանից ճշտել դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկացրել է պատկերասրահի պահակը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը վատ է զգացել եւ 21.00-ին գնացել է տուն: Ժամը 02-ին կրկին եկել է պատկերասրահ եւ մեկ ժամ մնալուց հետո գնացել է տուն: «Դրանից հետո անհայտ անձինք կոտրել են թանգարանի առաջին հարկի կողամասի ապակին, մտել են թանգարան, բարձրացել 2-րդ հարկ,- պատմում էր տնօրենը,-18 աշխատանք գողացել են: Աշխատանքներից 6-ի շրջանակները հանել են, որպեսզի հեշտ լինի կոտրված պատուհանից դուրս բերել»: Դեպքի վայր եկած ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցների վարժեցրած շունը հետքով գնացել է 20 մետր, որից հետո հետքը կորել է: Ենթադրվում է, որ հենց այդ վայրում էլ կայանած է եղել հափշտակիչների մեքենան: Ըստ թանգարանի տնօրենի, գողացված կտավները բնօրինակներ են, բացի Այվազովսկու «Նավաբեկություն» կտավից: Մանվել Վարդանյանը մոտավոր հիշողությամբ թվարկեց գողացված կտավները, որոնց թվում են` Փանոս Թերլեմեզյանի 3-4 կտավ, Մարտիրոս Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկարը», Մարիամ Ասլամազյանի` «Բանաններ վաճառող կինը» եւ «Լճափին», Բաշինջաղյանի 1 կտավ, Սուրեն Սաֆարյանի «Մայրը», Հմայակ Հակոբյանի` «Բանջարեղեններով նատյուրմորտ», «Լվացք անող կինը» եւ եւս 1 կտավ, Խաչատուր Եսայանի «Մայրամուտ» եւ «Ուշ աշուն»:

«Ազգի» այն հարցին, թե վերջին օրերին կասկածելի այցելուներ չե՞ն եղել թանգարանում, տնօրենը պատասխանեց. «Այցելուները ցուրտ եղանակի պատճառով քչացել էին, բայց կային, եւ դրանց մասին մանրամասն տեղեկացրել ենք քննիչներին»: Գողացված կտավների արժեքները ճշտվում են, դրանք Հայաստանի Ազգային պատկերասրահի պահոցներից Հրազդանի մասնաճյուղին են հանձնվել դեռ 70-ական թվականներին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4