«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2009-04-01 | #58, 2009-04-02 | #59, 2009-04-03


ՀՐԱՉ ՀԱՐՈՅԱՆԻ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ» ԽԱՉԵՐԸ

«Բարեպաշտ գործը աղոթք է առ Աստված»

Նախաքրիստոնեական շրջանում խաչը եղել է մահապարտության գործիք, իսկ Քրիստոսի խաչելությունից հետոՙ քրիստոնյաների հավատքի նշանն է: Երբ խաչ ենք ասում, առաջին անգամ նկարագրված Քրիստոսի խաչի ձեւն ենք հասկանում: Խաչի երեք թեւերը հավասար են իսկ չորրորդը` ներքեւինը երկար: Սրանից էլ ծագել են Հունական եւ Լատինական խաչ անունները: Հայկական խաչի չորս թեւերը հավասար են եւ չորս անկյուններից ճառագայթներ են բխում: Հայկական է նաեւ` «Էջմիածին», «Ծաղկած» եւ «Ռեհանակիր» անվանումները կրող խաչի ձեւերը: Սրանք կանոնիկ եւ ընդունված խաչի տեսակներ են: Այս բացատրությունները շատերի համար են ընդունելի, բայց մեր կողքին կա մի մարդ, որը խաչի նկատմամբ ունի իր սեփական պատկերացումները եւ յուրովի վերաբերմունքը:

Հայաստանի ժողովրդական վարպետ` Հրաչիկ Հարոյանը մասնագիտությամբ իրավաբան է: Թեեւ վարպետի ճանապարհը դեպի արվեստ եղել է երկար, բայց հոգու խորքում, նա միշտ իմացել է, որ պետք է ստեղծագործի: «Մարդ ծնվում է նպատակային, ապրում փնտրտուքների մեջ եւ գտնելուց հետո նոր հասկանում է թե ինքն ով է: Եվ երջանիկ է նա, ով կարողանում է վերջնական գտնել եւ սիրել իր մասնագիտությունը», ասում է 55-ամյա Հարոյանը:

46 տարեկան էր, երբ մի օր արթնացավ առավոտյան ժամը 6-ին, վերցրեց նրբատախտակի մի կտոր, ձեւեց եւ սկսեց անխոնջ աշխատել: Առաջին աշխատանքը ամերիկյան ռանչոյատիպի մի տնակ էր, որից հետո նա սկսեց խաչեր պատրաստել: Վարպետի տան ամբողջ պատերը զարդարված են փայտյա` զարդարուն խաչերով: Տասը տարիների ընթացքում նա ստեղծել է 170 խաչ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իմաստն ու փիլիսոփայությունը: «Իմ խաչերը ոչ մի դավանաբանական ուղղվածություն չունեն, սրանք փիլիսոփայական աշխատանքներ են, որոնք, իհարկե, օրհնված են Ս. Էջմիածնում: Իսկ ոճը` հայկական է, քանի որ ծնվել եմ Հայաստանում»: Սակայն վարպետի ոճի շուրջ, մի օր` ցուցահանդեսի ժամանակ վեճ տեղի ունեցավ, գերմանացու եւ ֆրանսիացու միջեւ: Առաջինն ասում էր` իրենցն է, իսկ երկրորդը պնդում էր, թե` իրենցն է:

Նրա կտավը փայտն է, իսկ ներկապնակը` կիսաթանկարժեք քարերը: Գծագրեր նա չի անում, քանի որ ստեղծագործում է մտքում եւ եղածը միանգամից անցնում է նյութին: Խաչերի հետ մեկտեղ, վարպետը ունի նաեւ այլ գործերՙ փայտյա ապարանքներ եւ զարդարուն թագեր, զատկական ձվեր եւ շրջապատկերային աշխատանքներ:

Աստծո եւ մարդկանց մասին իր պատկերացումներն ու սերը նա արտահայտում է իր գործերի մեջ: Եվ նշանակություն չունի, թե տվյալ անձը որ դարաշրջանում է ապրել: Այսպես, նա ունի խաչեր նվիրված` Աստծո 10 պատվիրաններին, Տրդատ թագավորին, ջութակի մեծ վարպետներ` Ամատիին, Ստրադիվարիուսին եւ Գվարներիին, Հովհաննես Պողոս պապին եւ այլ մարդկանց: Հավերժացրել է նաեւ Դոն Կիխոտին, քանի որ գտնում է, որ Հայաստանում ասպետների մեծ պակաս կա:

«Խաչը ինձ համար հավերժության նշան է: Հավերժ սեր եւ հավատարմություն թե՛ Աստծո նկատմամբ, թե՛ ընտանիքի եւ թե՛ հայրենիքի», ասում է վարպետը: Հայրենիքի նկատմամբ իր սերը նա արտահայտել է «Հայաստան» եւ «Օտար ամայի ճանապարհների վրա» աշխատանքներում:

Մոտակա ժամանակներում վարպետը պլանավորել է պատրաստել 175մ բարձրությամբ երեք քրիստոնեական Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների մանրակերտ:

«Համոզված եմ, որ այս երեք եկեղեցիների համատեղությունը եկեղեցիների համերաշխության առիթ է հանդիսանալու», ասում է Հրաչ Հարոյանը:

Հիրավի մեծ սիրով եւ նվիրվածությամբ է կատարում իր գործը, քանի որ մեծ սիրով կատարված բարեպաշտ գործը` աղոթք է առ Աստված:

ՕՖԵԼՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4