«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2009-04-02 | #59, 2009-04-03 | #60, 2009-04-04


«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐ ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՀԻՄԱ ՉԿԱ, ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՉԻ ԼԻՆԻ...»

ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովի գնահատականը լավատեսական չէ

Սեմյոն Բաղդասարովը 2007-ի դեկտեմբերից Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր է, «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ, պահեստի գնդապետ: Մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ ԱՊՀ մակարդակով, ինչպես նաեւ Ռուսաստանի դաշնային մարմիններում: Բաղդասարովը 90-ականների վերջին եղել է նաեւ դաշնության ու ազգությունների հարցերով նախարարի խորհրդական, ներկայումս էլ ակտիվորեն հետեւում է ԱՊՀ տարածքի ազգային փոքրամասնությունների խնդիրներին:

«Ազգի» հետ հեռախոսազրույցում Բաղդասարովը, անդրադառնալով Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նշեց. «Կարծում եմ, որ Վրաստանում անց է կացվում էթնիկ զտման քաղաքականություն` ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմամբ: Դա գործնականում վերաբերում է բոլոր այն ազգային փոքրամասնություններին, որոնք ապրում են Վրաստանի պետությունում` ադրբեջանցիներին, հայերին, հույներին, որոնք գրեթե մեծապես հեռացել են Վրաստանից, հրեաներին, ռուս դուխոբորներին, որոնք եւս հեռացել են: Այսպիսով անց է կացվում ուծման, իրենց բնակության վայրերից փոքրամասնությունների հեռացման քաղաքականություն»:

Թե որքանով Ջավախքի հայերի խնդիրները կարող են ընկալվել որպես կոնֆլիկտածին, Բաղդասարովը գտնում է, որ եթե մարդկանց անընդհատ ճնշեն, ձերբակալեն ակտիվիստներին, մեղադրեն նրանց կեղծ մեղադրանքներով, իբր լրտեսություն է տեղի ունեցել ինչ-որ երկրների օգտին, ապա վաղ թե ուշ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ կարող է առաջանալ բավականին լուրջ հակամարտություն:

Տարբեր գնահատականներով, Ջավախքում արդեն իսկ կան նախադրյալներ, որոնք կարող են հանգեցնել հակամարտության: «Պայթյունավտանգ իրավիճակ է այնտեղ, եւ դա բնական է, քանի որ համեմատաբար փոքր համայնքին նեղում են անընդհատ, լիդերներին բանտ նստեցնում, ինչը սադրանք է, թեկուզ տարիներ անց, մեկ է, բերելու է բախման», կարծում է Բաղդասարովը:

Իսկ թե ինչպիսին կարող է լինել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծումը Վրաստանումՙ ՌԴ Պետդումայի պատգամավորը ինքնավարության կողմնակից է: «Իրավիճակի լուծումն, ըստ իս, ավելի մեծ ինքնուրույնություն տալն է այն տարածաշրջաններին, որտեղ փոքրամասնություններ են ապրում` ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, նաեւ ռեալ ինքնավարություն տրամադրում Աջարիային: Իսկ թե ինչպես պետք է լինի` դա Վրաստանի պետության ներքին գործն է առաջին հերթին, միջազգային հանրությունը պետք է դրա վրա ուշադրություն դարձնի, պահանջելով, որ Վրաստանը դադարեցնի փոքրամասնությունների հանդեպ իմպերիալիստական քաղաքականությունը` այդ նույն փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմամբ, ավելի մեծ իրավունքներ տալով նրանց ոչ միայն մշակութային հարցերում, այլեւ կառավարման», գտնում է ահաբեկչության դեմ պայքարի հարցերում մասնագետ համարվող Սեմյոն Բաղդասարովը:

Հարցին, թե շատ դեպքերում Վրաստանի հայերին առնչվող խնդիրների բարձրաձայնումը ընկալվում է որպես ռուսական կողմի սադրանք, Բաղադասարովը հակադարձում է. «Եթե վաղը վատ եղանակ լինի Թբիլիսիում, Սաակաշվիլին եւ նրա շրջապատը կասեն, թե ռուսներն են արել: Սա արդեն մանիա է հետապնդման: Ռուսաստանն այս ամենին որեւէ առնչություն չունի»:

«Վրաստանի իշխանությունները չեն ուզում լուծել փոքրամասնությունների խնդիրները: Այս մարդիկ նույն մտածողությամբ են, ինչ Գամսախուրդիայի ժամանակ, միայն ավելի վատ` ավելի խորամանկ, թաքնված Եվրոմիության դրոշի հետեւում: Իրականում Վրաստանը ֆաշիստական է, որը ճնշում է փոքրամասնություններին», Բաղդասարովի կարծիքն այսպիսին է այն հարցում, թե որքանով է հավանական Վրաստանի ներկա իշխանությունների կողմից փոքրամասնությունների խնդիրների լուծումը:

Իսկ թե ինչ ռեալ հնարավորություններ կան դրա համար, Սեմյոն Բաղդասարովը պարզաբանում է արդեն իսկ վատ դարձած օրինակով. «Ժամանակին Վրաստանում կար հունական համայնք, հիմա չկա, կա հայկական համայնք, չի լինի, նույնը վերաբերում է նաեւ ադրբեջանցիներին»:

Հարցին, թե արդյոք իր հայկական ծագո՞ւմն է պատճառը, որ Բաղդասարովը լրջորեն զբաղվում է Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցերով, նա պատասխանեց. «Ես էթնիկ հայ եմ, բայց երբեւէ չեմ ապրել Հայաստանում, ծնվել եմ Միջին Ասիայում, ապրում եմ Ռուսաստանում: Ես ռուս հայրենասեր եմ եւ ուզում եմ, որ Ռուսաստանը շրջապատված լինի նորմալ հարեւաններով, որտեղ չեն ոտնահարվում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ Վրաստանի նման պետությունը պետք է լինի դաշնային, այլապես այնտեղ առկա հարցերը չեն լուծվի: Դաշնային Վրաստանը խաղաղ Վրաստան է»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4