Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանում լրագրողների հետ հանդիպեցին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Սլավա Սարգսյանը: Պրն Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հայեցակարգը, նաեւ իրագործելու աշխատանքները: Ներկայացնելով հայեցակարգի իրականացման փուլերը, կարեւորեց օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մակարդակով իրականացված մասնագիտական դատարանների լուծարումը եւ առաջին ատյանի դատարաններում դատավորների մասնագիտացման ապահովումը:
«Ազգի» այն հարցին, թե ի՞նչ տույժ ու տուգանքներ են կայացվել այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած մի շարք վճիռները արդարացի չեն եղել ու բեկանվել են, պրն Մկրտումյանն ասաց. «2 դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 2-ի նկատմամբ կարգապահական վարույթը կրճատվել է: Իսկ մարտի 1-ից որոշվել է սահմանել լավագույն դատավոր, լավագույն դատարան մրցանակը, ու այդ հարցում հաշվի են առնվելու նաեւ մամուլի հրապարակումները»: Պատասխանելով լրագրողների հարցերին պրն Մկրտումյանը նշեց, որ 2008-ին դատական համակարգում կոռուպցիան զգալի նվազել է ու խնդրեց լրագրողներին նման փաստերի մասին տեղեկացնել: «Ոչ մեկս չունենք կախարդական փայտիկ, որ համակարգի թերությունները մեկ շարժումով վերացնենք»: Լրագրողների այն պնդմանը, որ դատական կարգադրիչները, դատավորները պարկեշտ ու քաղաքավարի չեն լրագրողների նկատմամբ, պրն Մկրտումյանն ասաց, որ այդ հարցը կդրվի դատարանների խորհրդի նիստին եւ միատեսակ դիրքորոշման որոշում կընդունվի դատական կարգադրիչների ու նաեւ դատավորների պահվածքի եւ վարվելաձեւի մասին, որպեսզի լրագրողները չընկճվեն դատարաններում:
Դավիթ Ավետիսյանը բազմաթիվ տվյալներ ներկայացնելուց զատ նշեց, որ կրկնակի ու եռակի թվով ավելացել է դիմումների թիվը, ինչն էլ վկայում է, որ վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ մեծանում է: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին նշեց, որ «դատարաններ մուտք է եղել 90 քր. գործ: Դատավճիռներ են կայացվել 87 քր. գործով` 101 անձի վերաբերյալ, որոնցից 5-ը ամբողջությամբ արդարացվել է, իսկ 11-ը արդարացվել են մասնակի, 1-ի քր. գործը կարճվել է, 5-ի նկատմամբ նշանակվել է տուգանք, 38-ի պատիժը դարձվել է պայմանական դատապարտություն, իսկ մնացյալները դատապարտվել են ազատազրկման»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ