Մեր ժամանակներում Լեռ Կամսար չի ծնվում: Շուկայական տնտեսությունը թույլ չի տալիս նման ճոխության գնալ: Ասենքՙ քննադատեցիր ինչ-որ մի պաշտոնյայի, դրանից ինչ օգուտ եւ ինչ վնաս կստանաս, այս հաշվարկը պիտի ունենաս, հակառակ դեպքում դեբետն ու կրեդիտը իրար հետ չեն խոսի, կստեղծվի անհանդուրժողականության մթնոլորտ եւ ոչ մի երկխոսություն այլեւս չի փրկի:
Չէ, «քննադատություն» բառը մեր բառապաշարից պիտի վերացնենք: Անիմաստ զբաղմունք է:
Եթե քննադատության օբյեկտը քեզ մոտ է գտնվում, դա շատ վտանգավոր է, իսկ եթե հեռու է, հաշվիր` կորած: Մեր ժամանակների լեռկամսարականներին խորհուրդ կտայինք հաշվի առնել այս կարեւոր հանգամանքները: Երկրի առաջին դեմքերին, ասենք` նախագահին կամ վարչապետին քննադատելն ամենահեշտ ու անվտանգ քննադատությունն է: Ամենադժվարն ու վտանգավորը համատիրության կամ «Ժեկ»-ի նախագահին քննադատելն է:
Ասեմ ինչու: Ենթադրենքՙ համատիրության նախագահին քննադատեցիր, վերադասը նրա ականջները ձգելով կարգի կհրավիրի, եւ ինչքան ուշ անցնի այդ ցավը, նա այդքան երկար քեզ կհիշի, ու բան է, աշխարհ է, եթե հանկարծ տանդ ջրագիծը կամ կոյուղագիծը վնասվեց, ձեռ քաշի համատիրության օժանդակությունից: Ճիշտ է` քո ահազանգին նա անմիջապես կարձագանքի, կասի, որ հենց հիմա փականագործին կուղարկի, սակայն հակառակի պես այդ օրը փականագործի զոքանչի ինքնահողի օրն է լինում կամ երկրորդ փականագործի քեռու տղի բանակի քեֆը: Ստիպված քո հարցերը անտրտունջ ինքդ պիտի լուծես, միշտ հիշելով, որ անիմաստ է այս կարգի մարդկանց քննադատելը, ոչինչ քո օգտին չի փոխվելու, փոխարենը քեզ համար կստեղծես ավելորդ նյարդայնություն եւ վտանգավոր իրավիճակ:
Նախագահին կամ վարչապետին քննադատելը լրիվ ուրիշ հարց է: Քննադատիր, ինչքան սիրտդ կուզի, նրանց շրջապատողներից ոչ մեկը քեզանից չի նեղանա: Լավագույն դեպքում կասեն. «Մարդն օգտվում է խոսքի ազատության սահմանադրական իր իրավունքից», վատագույն դեպքում կասեն. «Լուսնահաչ է տալիս, ինչքան ուզում է թող հաչի, մեկ է, այդ հաչոցները մենք նախագահին ու վարչապետին չենք հասցնի, շունը հաչա, քարավանը քոչա...»: Բայց թե դու էլ մարդ ես, ինքնասիրություն ունես, ավելի կկատաղես ու եթե ստիպված լինես ավելի սուր խոսքերով քննադատությանդ դոզան բարձրացնել, միեւնույն է` քեզ պատասխանող չկա: Ուրեմն պիտի հասկանաս, որ եթե դու օգտվում ես խոսելու քո իրավունքից, նրանք էլ օգտվում են լռելու իրենց իրավունքից: Մոտավորապես դա նման է այն իրավիճակին, երբ, ասենք, թոռանդ կամ թոռնուհուդ ուզում ես հանդիմանել, որ իրեն նվիրած թանկարժեք խաղալիքը ափսոս էր, պետք չէր ջարդել, նա դրանից հետո գլուխը կախում է ու չի պատասխանում, ուզում ես տրաքվի, գլուխդ պատեպատ խփի, չի պատասխանում եւ վերջ: Հանդիմանանքից անցնում ես համոզելու մեթոդին, էլի չի պատասխանում: Փորձում ես գութը շարժել, ասելով, որ թոշակիցդ կտրել, իրեն խաղալիք ես առել, այդ խաղալիքի մեջ սիրտդ ու հոգիդ է տրված, դրանք ինքն այդպես անխղճորեն փշուր-փշուր արեց, մեկ է գլուխը կախել է, չի պատասխանում: Զայրույթից քիչ է մնում լացդ գա, մեկ էլ տեսնում եսՙ թոռդ կամ թոռնուհիդ ինքն էլ է լացում: Դրանից հետո որոշում ես` կարիք չկա էս երեխուն ծանր վիճակի առջեւ կանգնեցնել, քեֆը ոնց կուզի, թող խաղա իր համար, կմեծանա, ինքն էլ կդառնա պապիկ կամ տատիկ, կհասկանա, որ պապիկի կամ տատիկի նվերը պետք չէ փչացնել:
Երեւի երկրի նախագահին ու վարչապետին էլ պիտի ժամանակ տանք, որ մեծանան, հասունանան, որ երկրի տատիկ, պապիկներին լսեն, չնեղացնեն:
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ