«Ռոստովի» հետ խաղի նախօրեին Բերեզովսկուն սպառնացել են
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածքի պատճառով չմասնակցեց Էստոնիայի հավաքականի հետ Տալլինում կայացած հանդիպմանը: Երեւանյան խաղից հետո նա մեկնեց Ռուսաստան: Առայժմ հայտնի չէ, թե Բերեզովսկին հետագայում կշարունակի՞ ելույթները ՀՀ հավաքականում: «Սպորտ Էքսպրեսում» նրա հետ կայացած հարցազրույցը, կարծում ենք, կհետաքրքրի «Ազգի» ընթերցողներին:
Ռոման Բերեզովսկին մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Հայաստանում, իսկ «Խիմկիում» նա հայտավորված է որպես ռուսաստանցի: Բերեզովսկին երկու անձնագիր ունի, սակայն չի գտնում, որ երկքաղաքացիություն ունի:
- Հայաստանից «Զենիթ» տեղափոխվեցի անցյալ դարի 90-ական թվականներին խորհրդային անձնագրով, որում հայկական ներդիր կար: Կարծում եմ, շատերն են հիշում այն խառը ժամանակները, երբ ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ ճանապարհով կընթանան Հայաստանն ու Ռուսաստանը: Բայց քանի որ ֆուտբոլային կարիերաս արդեն Ռուսաստանի հետ էի կապել, առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդային անձնագիրը փոխեցի ռուսականով:
- Իսկ ինչպե՞ս դարձաք նաեւ հայկական անձնագրի տեր:
- Ես արդեն հանդես էի եկել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Այն ժամանակ հավաքականում խաղում էին ֆրանսահայեր, ինչպես նաեւ Ռուսաստանում մեծացած Անդրեյ Մովսիսյանն ու Ալբերտ Սարգսյանը: Սակայն ֆուտբոլային քաղաքացիությունը հատուկ կարգավիճակ է եւ չպետք է նույնացնել սովորական քաղաքացիության հետ:
- Իսկ դուք ձեզ ավելի շատ Հայաստանի՞, թե Ռուսաստանի քաղաքացի եք համարում:
- Ինձ այժմ զգում եմ որպես «Խիմկիի» խաղացող: Չէ՞ որ այդ թիմում եմ հանդես գալիս: Մինչեւ 17 տարեկանը բնակվել եմ Հայաստանում, գիտեմ լեզուն: Սակայն իմ կյանքի ավելի գիտակցված ժամանակաշրջանն անցկացրել եմ Ռուսաստանում: Ուստի ավելի շատ ներկայումս ինձ ռուսաստանցի եմ համարում: Սակայն տխրում եմ, եթե երկար ժամանակ Հայաստան չեմ այցելում:
- Ռուսաստան-Հայաստան սահմանագծին ձեզ հավանաբար արդեն դեմքով ճանաչում են:
- Հանրահայտ լինելուն հանգիստ եմ վերաբերվում, առանձնապես չեմ ձգտում, որ ինձ ճանաչեն, թեեւ ֆուտբոլասերները հաճախակի են փողոցում ինձ բարեւում, հաջողություն մաղթում: Հայ սահմանապահները նույնպես ճանաչում են ինձ, չէ՞ որ Հայաստանը ֆուտբոլային երկիր է:
- Որտե՞ղ եք պատրաստվում խարիսխ գցել, երբ ավարտեք դարպասապահի կարիերանՙ Հայաստանո՞ւմ, թե Ռուսաստանում:
- Իսկ գուցե Ամերիկայում կամ Չինաստանում, այնտեղ, որտեղ հարմար աշխատանք կգտնեմ:
- Հայաստանում բնակարան ունե՞ք:
- Ոչ, իմ բնակարանը հյուրանոցի համարն է: Ընտանիքս բնակվում է Ռուսաստանում եւ որեւէ տեղ տեղափոխվել առայժմ չեմ պատրաստվում:
Հ. Գ. Ինչպես հայտնի է դարձել, «Ռոստովի» հետ «Խիմկիի» հանդիպման նախօրեին անհայտ անձը զանգահարել է Բերեզովսկուն եւ բավական կոպիտ ձեւով սպառնացել է նրան, եթե վերջինս չնպաստի «Ռոստովի» հաղթանակին: Նա նույնիսկ հայտնել է այն գումարի չափը, որ պատրաստ է վճարել Բերեզովսկուն, եթե վերջինս օգնի «Ռոստովին»: Բերեզովսկին այս մասին անմիջապես տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը, որն էլ իր հերթին պաշտոնական նամակով դեպքի մասին տեղեկացրել է Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը: Միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ