Հայտարարել է Բարաք Օբաման նախագահ Գյուլի հետ Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Ապրիլի 5-ի ուշ երեկոյան նախագահ Բարաք Օբաման մեկնեց Անկարա, այսպիսով իրողություն դարձավ նրա` Թուրքիայի համար պատմական նշանակություն ունեցող այցը: Այցի նախօրյակին Հայաստանում քաղաքական որոշ գործիչներ ցանկատեսությամբ կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի պատրաստակամությունը: Սրանց սիրահոժար ձայնակցում էին մի քանի թուրքագետներ, շատ գիտական հիմնավորումով, թե նախագահ Օբաման հայերին խոստում է տվել ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, այլ հարցը Թուրքիայի դեմ որպես ազդեցության լծակ օգտագործելու համար, ուստի նա ապրիլի 24-ին չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Ահա հարցը արծարծվում է ապրիլի 6-ին, այն էլ Անկարայում:
Թուրքական քաղաքական շրջանակներն, անշուշտ, հիասթափված են: Պետք է հիասթափված լինեն նաեւ Հայաստանում հետեւողականորեն թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալողները եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախագահ Օբամայի անկեղծությունը ցանկատեսությամբ կասկածի տակ դնողները:
Հարցը, սակայն, սրանք չեն, այլ նախագահ Օբամայի հանդիպումը թուրք պաշտոնակցի` Աբդուլլահ Գյուլի հետ: Դա տեղի ունեցավ երեկ: Հանդիպման ավարտին մամուլի համատեղ ասուլիսում Հայոց ցեղասպանության հարցում Բարաք Օբամայի հաստատակամությունը այնպիսի շփոթմունք է առաջացրել Անկարայում, որ հանդիպման օրակարգի խնդիրները թուրքական լրատվամիջոցների հետ մոռացության տվեցին նաեւ CNN-Turk-ը, NTVMSNBC-ն: Այս պայմաններում Հայոց ցեղասպանությունը ինքնաբերաբար դարձավ Օբամա-Գյուլ հանդիպման առանցքային խնդիրը:
Մամուլի ասուլիսում «Դուք չե՞ք փոխել ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ Ձեր հայացքը» հարցին ի պատասխան նախագահ Օբաման, ըստ նշված աղբյուրների, ասել է. «Այդ հարցում տեսակետներս արձանագրված են եւ իմ հայացքը չի փոխվել: Սակայն ինձ շատ են ոգեւորում հարգարժան Գյուլի առաջնորդությամբ ընթացող բանակցությունները: (Ցեղասպանության) Հարցն այդ ենթատեքստում է քննարկվում: Ես հետեւում եմ բանակցությունների ընթացքին: Դրանք կարող են շուտով պտուղ տալ: Ուզում եմ, որ կենտրոնանան ոչ թե իմ անձնական, այլ Թուրքիայի տեսակետների վրա եւ ելնել դրանցից: Ողջ աշխարհը պետք է խրախուսի Թուրքիային, որ այդ հարցում (ցեղասպանության) հանգի կարգավորման: Որպես ԱՄՆ նախագահ չեմ ուզում որեւէ բան ասել առաջիկա հայտարարությունների մասին: Կարեւորը թուրքերի եւ հայերի կառուցողական առաջխաղացումն է դեպի միեւնույն նշանակետ»:
Ցեղասպանության հայկական պնդումների այդ նույն հարցին պատասխանել է նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլը. «Այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1915-ին: Ցավոք, մեր երկրի որոշ հպատակներ, որոշ տերությունների հրահրմամբ սադրիչ միջոցների են դիմել: Ցավում եմ բոլոր զոհվածների համար: Մեծ կորուստներ են կրել նաեւ թուրքերը, մահմեդական բնակչությունը: Նոր սերնդին ատելությամբ չլցնելու համար մենք այս իրադարձությունները խնդրո առարկա չենք դարձրել: Դա ազգային ինքնությունը պահպանելու նպատակով արեց հայկական սփյուռքը: Մեր առաջարկը պատմաբանների առերեսումն է: Քաղաքական գործիչները կամ իրավաբանները չեն կարող պատասխանել հարցին: Որտեղի՞ց իմանան, թե ո՞վ է իրավացի, ո՞վ մեղավոր: Թող ստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով եւ մենք կընդունենք դրա ընդունած ամեն մի որոշում: Մեր արխիվները բաց են: Հրավիրել ենք բոլորին: Պատրաստ ենք ընդառաջ եւս մեկ քայլ կատարելու ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային, եթե շատ են ուզում, հրավիրելու համատեղ հանձնաժողովին մասնակցության: Մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ ենք ցանկանում բոլորի հետ: Թեեւ 70 հազար հայաստանցիներ աշխատանք էին գտել մեր երկրում, սակայն երկու երկրների միջեւ բացակայում էին հարաբերությունները: Սկսվել են դրանց նորմալացմանն ուղղված բանակցությունները: Ցանկանում ենք, որ այդ բանակցությունները հանգեցնեն հարաբերությունների լիարժեք նորմալացմանը»: