Վրացի դատախազը տասնչորս տարի ազատազրկում ու տասնութ հազար լարի (մոտ տասնմեկ հազար դոլար) տուգանք պահանջեց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ներկայացված մեղադրանքներով: Չախալյանի հոր համար դատախազ Իրակլի Բարձիմաձեն պահանջեց չորս տարի ազատազրկում եւ վեց հազար լարի տուգանք, իսկ Վահագնի եղբոր` Արմենի համար դատախազը սահմանափակվեց երեք հազար լարի տուգանքով:
«Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդներից Վահագն Չախալյանի, նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ եղբոր` Արմենի դատավարությունը երեկ Ախալցխայում շարունակվեց նշանակված ժամից երկու ժամ ուշացումով: Լրագրողների աշխատանքի համար ձայնագրություններ անելու միջնորդությանը դատավոր Ցիրա Մայսուրաձեն բավականին կտրուկ «ոչ» ասաց ու անցավ մեղադրական ճառը լսելուն:
Բնական էր, որ վրացի դատախազը հիմնավորված համարեց Վահագնին ու նրա ընտանիքի անդամներին ներկայացված բոլոր մեղադրանքները, որոշ դրվագներով «ձեւական» փոփոխություններ մտցնելով ներկայացված մեղադրանքների ձեւակերպումներում ու տարբեր հոդվածների` կազմակերպիչ լինելու կամ չլինելու հարցում:
Դատախազի մեղադրական ճառն այնպիսի տպավորություն էր թողնում, թե Վահագն Չախալյանը մի քանի տարիների ընթացքում ոչ մի այլ բանով, բացի անկարգություններ սարքելուց, չէր զբաղվել: Առավել հետաքրքրական էր, որ առանց հիմնական ապացույցներից մեկի` մեղադրական իրադարձություններից մեկի տեսաերիզի գործից անհետանալու հանգամանքը բնավ էլ չէր ազդել դատախազի ճառի վրա:
Ինչեւէ, հաջորդը Չախալյանների վրացի փաստաբանի ճառն էր, որ ներկայացնում էր գործով չապացուցված հանգամանքներն ու այն մոտիվները, որոնք Վահագն Չախալյանի ձերբակալությունն ու դատավարությունը որակում էին որպես քաղաքական հետապնդում:
Չախալյանի մյուս պաշտպանը` Ստեփան Ոսկանյանը նախ ընդգծեց, որ այս գործի շրջանակներում եղել են ճնշումներ, նախաքննական ու ապաՙ դատավարական խախտումներ, ներկայացվել են շինծու մեղադրանքներ: Եվ, որպեսզի այդ ամենը հանրության ուշադրության կենտրոնում չլինի ու, ըստ փաստաբանի, պահպանվի արդեն ձեւավորված վախի մթնոլորտը, Չախալյանների գործը չքննվեց Ախալքալաքում, այլ` Ախալցխայում:
Ըստ էության, ի սկզբանե գործը այնպես տարվեց, որ արդար դատավարության հույս ունենալը կարելի էր միամտություն որակել: Ամեն դեպքում, ըստ Ստեփան Ոսկանյանի, նախաքննական խախտումները, գործի արհեստական ձգձգումները, Վահագն Չախալյանի մեղադրանքին ավելացվող արհեստական մեղադրանքները ապացուցում են, որ Չախալյանի հանդեպ քաղաքական հաշվեհարդար են տեսնում` որպես Ջավախքի հարցերը բարձրացնող ակտիվիստի:
Ինչեւէ, դատարանը երեկ «լսեց» նաեւ Վահագն Չախալյանի հորը` գործով ամբաստանյալ Ռուբեն Չախալյանին, որն իր խոսքում ներկայացրեց իր որդու գործունեությունը, իրականացրած ծրագրերը որդու ղեկավարած կազմակերպության միջոցով, հաստատմամբ, որ ներկայացված մեղադրանքները քաղաքական հետապնդում են եւ ոչ մի այլ բան:
Պաշտպանական ճառերում ընդհանրականն այն էր, որ, չնայած գործի բնույթով խոսելու առնչությամբ դատավորի «հորդորներին», պաշտպանները ստիպված էին անդրադառնալ քաղաքական բնույթի հարցերին, քանի որ իրենց պաշտպանյալի պարագայում դա էականն ու հիմնականն է:
Ամեն դեպքում, այս ճառերն էլ լսելով դատավոր Ցիրա Մայսուրաձեն աշխատանքային ողջ օրվա տեմպին ոչ հարիր ակնթարթով հայտարարեց նիստի հետաձգում մինչեւ հաջորդ օրը, երբ դատական վիճաբանությունների փուլը կավարտվի ու դատավոր Մայսուրաձեն կկայացնի դատավճիռ:
«Ազգի» ընթերցողները տեղյակ են Չախալյանների գործի մանրամասներին, ուստի Չախալյաններին ներկայացվող «մեղադրանքների» առումով նշենք, որ հատկապես Վահագն Չախալյանի դեպքում գործում այնքան են անհասկանալի պահերն ու «չհիմնավորված» բնութագրումները, որ դրանցում գործը «սարքելու» նախնական մեղադրանքը` զենք անօրինական ձեռք բերելն ու պահելը, ուղղակի ամենաթեթեւներից կարող է թվալ:
Տեսնենք, թե որքանով է վրացական արդարադատությունը տարբերվում հայկականից:
Ա. ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ, Ախալցխա