«Կտտանքների դեմ պայքարող համաշխարհային կազմակերպության» (OMCT) եւ «Մարդու իրավունքների միջազգային դաշնության» (FIDH) համատեղ ծրագրով ստեղծված մարդու իրավունքների պաշտպանների «Օբզերվատորի» պաշտպանության կենտրոնը շրջաբերական է տարածել մարտի 30-ինՙ պահանջելով անմիջական միջամտությամբ հակազդել Վրաստանում Առնոլդ Ստեփանյանի դեմ ձեռնարկված միջոցառումներին: Շրջաբերականում նշվում է, որ Առնոլդ Ստեփանյանը Վրաստանում փոքրամասնությունների մարդու իրավունքների պաշտպաններից եւ «Քաղաքացիական դաստիարակության զարգացման կենտրոնի» (ՔԴԶԿ) հիմնադիրներից մեկն է, ինչպես նաեւ «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահը: Մարտի 19-ին շրջանային ոստիկանության մի տեսուչ այցելելով ՔԴԶԿ-ի գրասենյակ, սկսել է հարցեր տալ այդ կազմակերպության եւ նրա առաջնորդների մասին: Նույն օրը մեկ ուրիշ անձնավորություն, որը չի ցանկացել ներկայանալ, հետաքրքրվել է, թե արդյոք պրն Ստեփանյանը «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագա՞հն է եւ որտե՞ղ կարելի է գտնել նրան:
Դարձյալ մարտի 19-ին ֆինանսների նախարարությանը կից գործող հարկային վարչության աշխատակիցները փակել են «Առնոլդ Ստեփանյան» փոքր ձեռնարկատիրությունը, որն ստեղծվել էր 2000-ին Ստեփանյանի հոր բնակարանում, եւ «Զիպերիոնի լիմիդեթ» կոչված սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որը 2006-ին էր հիմնադրվել Առնոլդ Ստեփանյանի համագործակցությամբ:
Այս միջոցառումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ 2009-ի սկզբներին Առնոլդը որպես «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Եվրոխորհրդին է ներկայացրել քննադատական մի զեկուցագիր Վրաստանում փոքրամասնությունների հանդեպ կիրառվող ոտնձգությունների վերաբերյալ: Առնոլդը, ըստ շրջաբերականի, նաեւ միջէթնիկական հարաբերությունների մասնագետ է, թբիլիսահայերի ասամբլեայի ակտիվ անդամ եւ «Հանուն ժողովրդավարության» կոալիցիոն հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը:
«Օբզերվատորի» կենտրոնը իր մտահոգություններն է արտահայտում Ստեփանյանի հանդեպ ձեռնարկված միջոցառումների կապակցությամբ, որոնք ուղղված են սահմանափակելու մարդու իրավունքների պաշտպանության նրա գործունեությունը, եւ կոչ է անում Վրաստանինՙ հետեւողականորեն պահպանելու մարդու իրավունքների միջազգային նորմերը, ինչպես նաեւ քաղաքացիներինՙ համապատասխան նամակներով դիմելու երկրի նախագահին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ներքին գործերի նախարարին, արդարադատության նախարարին, խորհրդարանի մարդու իրավունքների հանձնախմբին եւ օմբուդսմենին:
Հ. Ծ.