Երեկ սկսված Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգը հաստատելիս «Ժառանգության» պատգամավորները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմեցին` նշելով, թե անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների խնդրով ԱԺ-ն իրավասու է ընդունելու որոշում, որով ուժը կորցրած կճանաչվի նախկին որոշումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Խմբակցությունների ղեկավարներ-Հովիկ Աբրահամյան» խորհրդակցություններն ավարտվել էին նրանով, որ ԱԺ-ն որոշել էր չխառնվել այդ իրավական խնդրին մինչեւ դատական գործընթացների ավարտը:
ԱԺ նախագահը, սակայն, վերահաստատեց իր դիրքորոշումը, թե դատական գործընթաց է գնում, եւ օրենքի թույլտվություն եւ ցանկություն չկա` խառնվելու դրան, մանավանդ որ ԱԺ-ն քայլ է արել եւ փոխել է քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները:
Այն ճշտմանը, թե այդ հոդվածներով արդեն դատապարտվածներ կան, նրանք ի՞նչ անեն, նրանց հանդեպ ներում չի՞ կարող կիրառվել, Հ. Աբրահամյանը պատասխանեց, թե դա երկրի նախագահի իրավասության շրջանակում է. «Եթե կա առաջարկություն` գուցե խմբակցությունների ղեկավարների հետ հավաքվենք-քննարկենք. եթե որոշում ընդունենք, եւ եթե նախագահին դիմելու կարիքը կա` ես պատրաստ եմ իմ մոտ քննարկել եւ ձեր առաջարկությունը նախագահին փոխանցել», ասաց նա:
Լրագրողները նոր ինտրիգային բառ են գտել` սեկվեստոր
«2010 թվականի պետբյուջեի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» նախագիծը քննարկելուց հետո լրագրողներն օղակեցին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին եւ ուզում էին անպայման տեսակետ պոկել այս տարվա բյուջեի ծախսերի հնարավոր կրճատման կամ ինչպես ասվում է` սեկվեստորի մասին: Սաֆարյանը երկար բացատրում էր, թե ինչու են հետաձգել բյուջեի մի շարք ծախսեր առաջին երկու եռամսյակներից տարվա վերջ` նշելով չհավաքագրված եկամուտների փոխհատուցման ուղիների որոնման մասին: Բայց լրագրողները սեւեռվել էին մեն-միակ հարցի վրա. «Բայց... սեկվեստոր էլի կլի՞նի»: Երկարամյա փոխնախարարը պատասխաններ ուներ բոլոր դեպքերում. «Սեկվեստոր հնարավոր է բոլոր դեպքերում` ասում եմ, որպեսզի դուք հաճույք ստանաք, ես 12 տարի աշխատում եմ ֆինանսների նախարարությունում` ցանկացած բյուջեի մեջ էլ հնարավորություն կա սեկվեստորի, եթե հարկայինը չի հավաքում եկամուտները` միշտ էլ սեկվեստորի հնարավորությունը կա. խնդիրն այն է` այդ երեւույթը լինելու է, թե՞ չի լինելու: Կառավարությունից ավելի շահագրգիռ կառույց չկա` ֆինանսական կառավարում իրականացնողի տեսակետից սեկվեստոր անելու, հավատացեք: Որովհետեւ բոլոր հարցերի պատասխանը կառավարությունն է տալու` թե ինչո՞ւ ինքը նորմալ ֆինանսական կառավարում չի իրականացնում: Բայց սեկվեստորը որպես խնդրի լուծում` մկրատային, ամենապարզ լուծումն է: Այն եղանակը, որ մենք ընտրել ենք...»: Չէ, լրագրողները սեկվեստոր չանելու եղանակների մասին չէին լսում:
«Ազգն» էլ մատնանշեց այն տեսակետը, ըստ որի եթե կառավարությունը սեկվեստոր բերեց` պետք է հրաժարական տա. «Եթե սեկվեստորի պատճառը կառավարությունը լինի` ցանկացած կառավարություն այդ դեպքում պետք է հրաժարական տա: Բայց եթե, անկախ այն բանից` ինչպիսի՞ կառավարություն է, սեկվեստոր պետք է անեն օբյեկտիվ պատճառների կամ համաշխարհային գործընթացների պատճառով` այդ ժամանակ մտածելու բան է. ձեր նշածը պարզունակ, միագիծ բանաձեւ է», ասաց:
Հոգեբուժման կարիքն ունեցողների իրավունքները եւս պաշտպանող կա
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքը երեկ առաջարկում էին փոխել: Ըստ փոփոխությունը ներկայացնող Մկրտիչ Մինասյանի` տարիներ շարունակ օրենքը գործել է կամայականության դաշտում, եւ երբ մեր քաղաքացիներից որեւէ մեկը հոգեբուժական օգնության կարիք ուներ կամ տեղափոխվում էր բուժման կամ ստուգման: Դրանց ժամանակահատվածը կախված էր տվյալ հիմնարկի ղեկավարությունից: Այս օրենքով հստակություն է մտցվում, տրվում է 72-ժամյա ռեժիմ, որի ընթացքում ե՛ւ ուսումնասիրություն, ե՛ւ դատական կարգով լուծում պետք է լինի, հակառակ դեպքում տվյալ հոգեբուժական հաստատությունն իրավունք չունի հիվանդին իր մոտ պահելու առանց դատարանի վճռի: Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պարզաբանեց, որ բժշկական հաստատությունը նույն 72 ժամում պետք է դիմի դատարան` իրավունք ստանալով հարկադիր բուժումն իրականացնելու:
Հայաստանի զինանշանը այսուհետեւ պաշտպանված է օրենքով
«Զինանշանի մասին» օրենքում երեկ երկրորդ ընթերցմամբ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում էր պատասխանատվություն զինանշանի դեմ ոտնձգություններ անողների նկատմամբ:
Գործող օրենքով արգելված չէին այն գործողությունները, որոնք կարող են բերել պետական զինանշանի ձեւախեղմանը կամ գունային երանգների փոփոխությանը, կամ որոշակի այլ պատկերներով աղավաղմանը: Առաջին ընթերցմամբ փոփոխություններ ընդունելուց հետո կառավարությունից առաջարկ է ստացվել, որ օրենքում նախատեսված սահմանափակումն, այնուամենայնիվ, պետք է պատասխանատվության նորմեր ամրագրի այլ օրենքներում: Այդ մտահոգությունները կիսել են նաեւ ԱԺ օրենսդրական եւ իրավական վարչությունները, նախագծի հեղինակներն էլ ներկայացրել են մի ձեւակերպում, որ օրենքի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն: Վերեւում նշված խախտումները կամ զինանշանի բաղադրիչների պատճենահանած գործադրումը այլ զինանշաններում կամ տարբերանշաններում արգելված գործողություններ են: Եթե որեւէ մեկն այդպիսի արգելված գործողություններով զբաղվի, ապա այս օրենքով դա հավասարազոր է պետական զինանշանը կամ պետական խորհրդանիշն անարգելուն: Քրեական օրենսգրքի 331 հոդվածը սահմանում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով տուգանք կամ 1-3 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում` նայած որ աղավաղման դեպքում ինչ կորոշի դատարանը: Մի խոսքով` հետայսու Հայաստանի զինանշանը պաշտպանված է նաեւ քրեական օրենսգրքով:
Սա այն բացառիկ դեպքերից էր, որ «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանը համաձայն էր կոալիցիայի անդամի ներկայացրած օրենքին` որպես հարակից զեկուցող ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ բերելով օրինակներ, թե որտե՞ղ է խեղաթյուրվում զինանշանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ