«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՄԱՅԱԿՈՎՍԿԻՆ ԵՎ ԴՄԻՏՐՈՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԵՏ

Հաշվառվել, անվանափոխվել եւ գրանցվել են ընդհանուր առմամբ 40 հազար աշխարհագրական անվանումներ

Հայաստանի անբարեհունչ եւ օտար աշխարհագրական անվանումների խնդիրը մշտապես մտահոգություն է առաջացրել մեր հասարակության մեջ: Երկար ժամանակ կենսական նշանակության այլ կարեւորագույն խնդիրները թույլ չէին տալիս անդրադառնալ այս հարցին, մինչ 2002-ին Հայաստանի աշխարհագրական անվանումների գրանցման, օտար եւ անբարեհունչ անվանումների փոփոխության հարցերով կառավարության որոշմամբ ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով: Աշխարհագրական անվանումներն ընդգրկված են պետական նշանակության գեոդեզիայի եւ քարտեզագրության ցանկում, իսկ 2001-ին գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում լիազոր մարմին ճանաչվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Ուստի անցած 7-8 տարիներին աշխարհագրական անվանումների փոփոխության եւ գրանցման ոլորտում իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ իմանալու համար զրուցեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Բենիամին Մարտիրոսյանի եւ աշխարհագրական անվանումների անվանակոչման եւ անվանափոխման մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Արթուր Ավդալյանի հետ:

Բենիամին Մարտիրոսյանը հայտնեց, որ 2002-ին ստեղծված մասնագիտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում քննարկել է բոլոր աշխարհագրական անվանումները, ապա դրանք հաշվառվել, գրանցվել են պետական քարտադարանի մեջ: Խոսքը ոչ միայն օտարամոլ եւ անբարեհունչ անվանումների մասին է, այլեւ մնացած բոլորի, որոնց անվանումը երբեք որպես աշխարհագրական անվանում գրանցված չի եղել: «Օրինակՙ Սեւանա լիճը բոլորն էլ գիտեն, որ Սեւանա լիճն է, բայց որպես այդպիսին նրա աշխարհագրական անվանումը երբեք գրանցված չի եղել», ասում է Բենիամին Մարտիրոսյանը:

Մինչեւ 2006-ը հաշվառվել եւ գրանցվել էր մոտ 38 հազար աշխարհագրական անվանումՙ բնակավայր, գետ, լիճ, լեռ, գագաթ, աղբյուր, ձոր, հանդամաս: Անցյալ տարի եւս 1750 անվանում է քննարկվել հանձնաժողովում ու ներկայացվել քարտադարանում գրանցման: Ինչպես փաստեցին մեր զրուցակիցները, ֆիզաշխարհագրական օբյեկտների մասով բոլոր անվանումներն արդեն գրանցվել են: Այլ է բնակավայրերի անվանումների հարցը: Թեեւ 2006-2007-ին 59 բնակավայրերի օտար եւ անբարեհունչ անվանումներ փոխվել են, բայց այդ գործընթացը բավականին ծանր է ընթանում, քանի որ լինում են բնակավայրեր, որոնք չեն համաձայնում նոր անվանմանը: Նրանց տարբերակ է առաջարկվում, պարզաբանվում է, որ նախկին անվանումը որեւէ կապ չունի այդ բնակավայրի հետ: Տեղերում մասնագետները հանդիպում են բնակիչների հետ, բացատրում, համոզում:

Անվանափոխումից հետո քարտադարանում գրանցված բոլոր անվանումներն ուղարկվում են մարզպետարաններին, որպեսզի ճիշտ տարբերակները օգտագործվեն գրագրություններում, տեղեկատուներում, պաշտոնական փաստաթղթերում: Սակայն, ինչպես նշում է մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Արթուր Ավդալյանը, ոչ բոլոր պետական մարմիններն են կիրառում փոփոխված անվանումները: «Օրինակՙ Փոքր Վեդին համառորեն անվանում են Խոր վիրապ: Մինչդեռ Խոր վիրապը բավականին հեռու է եւ կապ չունի բնակավայրի հետ: Կամ Վաղարշապատը: Քաղաքի անվանումը Վաղարշապատ է: Էջմիածինը միայն վանքի տարածքն է: Արագածոտնի Ձորափ գյուղը հին պատմական անվանում ունիՙ Աղցք: Մինչեւ հիմա էլ Ձորափ են կոչում: Մայակովսկի, Դմիտրով գյուղերը, որոնց անվանումները բացարձակապես կապ չունեն այդ բնակավայրերի հետ, բայց դրանց անվանափոխումը դիմադրության է հանդիպում»:

«Երբ մենք գրանցում ենք քարտադարանում եւ ուղարկում բոլոր պետական տեղական ինքնակառավարման եւ այլ մարմիններին, դա արդեն պաշտոնական հրատարակություն է: Ստացվում է, որ պետությունը ծախս է անում, ուսումնասիրում եւ ճշտում է անվանումները, բայց դրանք չեն կիրառվում: Այս նպատակով մոտ 100 մլն դրամ է հատկացվել: Այստեղ երեւի առաջին հերթին մարզպետարանները պետք է հետեւեն, որ կիրառվեն անվանումները եւ զերծ պահվեն գյուղապետի կամ այլ քմահաճություններից», ասում է Բենիամին Մարտիրոսյանը:

Մեկ այլՙ հասցեների գրանցման գործառույթն էլ է վերապահված անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: Նկատի ունենալով, որ մեր գյուղերում հիմնականում հասցեները բացակայում են, առաջարկվել է փողոցների համարակալման տարբերակն ընդունել: Սակայն որոշ գյուղերում դա անում են, մյուսներումՙ ոչ: Իսկ եթե տվյալ համայնքը ցանկանում է նոր փողոց, հրապարակ կամ զբոսայգի ինչ-որ մեկի անունով կոչել, ապա կառավարության որոշմամբ ամրագրված է, որ դա պետք է արվի միայն այդ մարդու մահվան 10 տարին լրանալուց հետո: Սակայն այստեղ արդեն արտառոց դեպք է գրանցվել: Մասնավորապես Շահումյան գյուղի գյուղապետը որոշել է իր պապի եւ տատի անուններով փողոցներ կոչել: Սա, Բենիամին Մարտիրոսյանի եւ Արթուր Ավդալյանի համոզմամբ, անընդունելի է: «Եթե մի գյուղից զոհված ազատամարտիկի անունով փողոց են կոչում, դա ընդունելի տարբերակ է, բայց ոչ գյուղապետի տատի կամ պապի անունով», նշում են նրանք:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4