Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կոմիտեի նոր նախագահ Երվանդ Զախարյանին, իսկ կոմիտեի արդեն նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը, որն այդ համակարգի ղեկավարն էր անցած 12 տարիների ընթացքում, հրաժեշտ տվեց աշխատակազմին:
Տիգրան Սարգսյանը, նշելով, որ Երվանդ Զախարյանն ունի հարուստ փորձ եւ կենսագրություն, հույս հայտնեց, որ նա նոր թափ կհաղորդի կադաստրի կոմիտեի աշխատանքներին: Ապա վարչապետը շնորհակալություն հայտնեց Մանուկ Վարդանյանին, նշելով, որ նրա շնորհիվ մենք ունենք կադաստրի համակարգ, որը լավագույնն է ԱՊՀ երկրներում:
Երվանդ Զախարյանն իր խոսքում եւս ընդգծեց ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադաստրի համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացված լուրջ աշխատանքը, համոզմունք հայտնելով, որ կառույցում առկա մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների հետ համատեղ հնարավոր է լուծել համակարգի արդիական խնդիրներն ու ապահովել ծառայությունների բարձր որակ:
Մանուկ Վարդանյանը ընդգծեց, որ պրոֆեսիոնալ լուրջ աշխատակազմ է ձեւավորվել համակարգում, հիշատակելով, որ ինքը սկսել է ղեկավարել կոմիտեն Քոչարյան վարչապետի ժամանակաշրջանից:
Մեր կողմից ավելացնենք, որ Մանուկ Վարդանյանն իսկապես այդ ոլորտի մեծ գիտակ է եւ «ինվենտ բյուրո» անունով հայտնի կոռումպացված համակարգը արմատական բարեփոխումներով դարձրեց պարզեցված եւ հստակ մեխանիզմով աշխատող կառույց: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից «Գործարար միջավայրի» ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի կադաստրի համակարգը վերջին 4 տարիներին անցկացված բարեփոխումների ցուցանիշով զբաղեցրել է համապատասխանաբար 7-րդ, երկու անգամ 2-րդ, 5-րդ տեղերն աշխարհի 170 երկրների մեջ: Այս համակարգում փոփոխությունները նկատելի են բոլոր նրանց համար, ովքեր առիթ են ունեցել գործ ունենալու այդ համակարգի հետ 1997-ին եւ հիմաՙ վերջին տարիներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ