Փոխադրող ընկերությունների միության նախագահը բիզնեսի եւ ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ է ակնկալում
Վերջին տարիների վառելիքի, սարքավորումների, պահեստամասերի թանկացումը լուրջ խնդիրներ է առաջացրել Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար: Այդ խնդիրների մասին մեզ պատմեց Հայաստանի Հանրապետության փոխադրող ընկերությունների միության նախագահ Լյուդվիգ Պողոսյանը: Նա հայտնեց, որ իր ղեկավարած միությունը ստեղծվել է վերջերսՙ 2009-ի մարտին: Նրա մեջ ընդգրկված են 22 փոխադրող ընկերություններ, այդ թվում` միկրոավտոբուսային, ավտոբուսային փոխադրումներ իրականացնողներ եւ տաքսի-ծառայություններ: Միությունը ստեղծվել է բոլոր փոխադրողների շահերը պաշտպանելու համար, քանի որ, Լյուդվիգ Պողոսյանի խոսքերով, «այսօր դրանք ամեն քայլափոխի ոտնահարվում են»:
«Մեր խնդիրներն առնչվում են Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտինՙ երթուղային տաքսիներին եւ միջին ու փոքր տարողությամբ ավտոբուսներին», նշում է միության նախագահը: Խնդիրներից մեկը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցին է վերաբերում: Այն մի քանի անգամ կազմվել է, փոփոխվել, վերակազմվել` ամեն անգամ առանց ուղեւորափոխադրումներ իրականացնողների ներկայացուցիչների մասնակցության եւ, բնականաբար, նրանց շահերը հաշվի առնելու: Վերջին անգամ հաստատված երթուղային ցանցը նմանապես: Այն, ի դեպ, այդպես էլ կյանքի չի կոչվում: «Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում այդ ցանցը կազմելիս, մինչդեռ անհրաժեշտ է, որ մեր ներկայացուցիչն էլ ներկա լիներ դրան, քանի որ մենք ենք սպասարկում: Որոշել ենք այդ առնչությամբ մեր առաջարկն ուղարկել Երեւանի քաղաքապետին», ասում է Լյուդվիգ Պողոսյանը:
Իսկ ի՞նչն է խանգարում փոխադրողներին գործող կամ նոր երթուղային ցանցում: Մասնավորապես, միկրոավտոբուսներից ուղեւորափոխադրումները ավտոբուսներին անցնելու ծրագիրը, որը նշված է այդ ցանցում, Լյուդվիգ Պողոսյանը թեեւ ճիշտ մոտեցում է համարում, բայց նշում է, որ այսօր ստեղծված են խիստ աննպաստ պայմաններ ավտոբուսներ ներկրելու եւ շահագործելու համար: «Մինչեւ վերջերս, անցյալ եւ անգամ նախանցյալ տարվանից ներկրված նոր 20-30 ավտոբուսներ կային, որոնք չէին շահագործվում: Այսինքն, նրանց երթուղի չէր տրամադրվում, պատճառաբանելով, թե երթուղիներ չկան: Այդ կազմակերպությունները կրում էին մեծ ֆինանսական վնասներ, քանի որ ավտոբուսները բերել են վարկով, որի տոկոսները վճարում են առանց ավտոբուսները շահագործելու», իր վրդովմունքն է հայտնում մեր զրուցակիցը, ընդգծելով, որ միայն նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակումից հետո հնարավոր եղավ դրանք երթուղիներ մտցնել:
Ըստ Լյուդվիգ Պողոսյանի, ավտոբուս ներկրելուց հրաժարվելու երկրորդ պատճառն այն է, որ ուղեւորափոխադրման ներկայիս սակագներով ձեռնտու չէ դրանք շահագործելը: Այս հարցը փոխադրողները բարձրացրել են դեռ անցյալ տարվանից: Վարչապետի հետ հանդիպում է եղել, անկախ աուդիտորական կազմակերպություն են վարձել, որն իր ուսումնասիրություններով եզրակացություն է տվել, որ երթուղու սակագինը 212 դրամ պետք է կազմի:
«Մենք հասկանում ենք ժողովրդի վիճակը, բայց արդեն մեկուկես տարի է, ինչ մեծ վնասներ ենք կրում: Այլ ելք չունենք: Կամ պետությունը պետք է սուբսիդավորի, կամ, եթե պետությունը միջոցներ չունի դրա համար, պետք է սակագինը բարձրացվի: Մենք չենք ողջունում սակագնի բարձրացումը, ուղղակի ուրիշ ելք չենք տեսնում», համոզված է փոխադրող ընկերությունների միության նախագահը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր են այլ տարբերակներ, որոնք նվազեցնելով ուղեւորափոխադրողների ծախսերը, զերծ կպահեն սակագնի թանկացումից: Օրինակ, երթուղիները ավելի օպտիմալ եւ ուղեւորահոսքն առավելագույնս հաշվի առնելով կազմելը, հաստատագրված վճարների իջեցնելը կամ անվճար երթեւեկության իրավունք ունեցողներին դրամական փոխհատուցում տալն ու նրանց համար եւս փոխադրումը վճարովի դարձնելը, Լյուդվիգ Պողոսյանը պատասխանեց, որ այդ միջոցառումները կարող են որոշակիորեն թեթեւացնել իրենց վիճակը, բայց դրանք եղանակ չեն ստեղծում: Ավելին, դրանցից որոշ քայլերի իրենք համաձայն չեն: Օրինակՙ փոխադրողները դեմ են երթուղիների կրճատմանը եւ օպտիմալացմանը:
«Շատերը վարկեր են վերցրել, նոր շարժակազմ են ձեռք բերել: Եթե երթուղիները պակասեցնեն, ի՞նչ են անելու այդ նոր «Գազելները» կամ այլ միկրոավտոբուսները: Դրանք յուրահատուկ մեքենաներ ենՙ 1-ը կամ 2-ը կարելի է վաճառել, բայց 20-30 միկրոավտոբուսն ինչպե՞ս վաճառեն, երբ դրանք ոչ ոքի այլեւս պետք չեն: Ստեղծված իրավիճակը եւս հետեւանք է այն բանի, որ երթուղային ցանցի մշակմանը մենք չենք մասնակցել», ասում է փոխադրողների ներկայացուցիչը:
Դիսպետչերական ծառայության համար սահմանված յուրաքանչյուր մեքենայից գանձվող 16,5 հազար դրամի հարցը փոխադրողները մտադիր են բարձրացնել քաղաքային իշխանությունների առջեւ: Լյուդվիգ Պողոսյանի կարծիքով, «Երեւանտրանս» ընկերությանը դիսպետչերական ապահովման համարվող այս վճարը որեւէ կերպ հիմնավորված չէՙ ինչո՞ւ այդ գումարը 25,5 հազար կամ 2,5 հազար դրամ չէ եւ ինչո՞ւ է այդքան բարձր: Նա այն համոզմունքն է արտահայտում, որ այդ վճարը պետք է ձեւավորվի նորմատիվներով: Իսկ ինչ վերաբերում է անվճար երթեւեկողներին, ապա դրանք ուղեւորների ընդհանուր թվի 10 տոկոսն են կազմում: Ուստի, անգամ այս խնդիրների լուծման եւ ֆինանսական որոշ թեթեւացման պարագայում, ընդհանուր վիճակը անփոփոխ կմնա: Այսինքն, միակ տարբերակը փոխադրողները համարում են ուղեւորափոխադրման սակագնի բարձրացումը:
«Մեքենաներն այսօր բավականին թանկ են եւ Համաշխարհային բանկի փորձագետներն էլ զարմանում են, թե ինչպե՞ս է հնարավոր 100 դրամ սակագնով դրանք շահագործել», իր տեսակետն է պարզաբանում մեր զրուցակիցը, ավելացնելով, որ դա միայն վառելիքով չի պայմանավորված: «1995-96-ից մենք շահագործում ենք 100 դրամով: Բոլորը գիտեն, թե անցած 13-14 տարիների ընթացքում գնաճն ինչքան է կազմել, իսկ մենք մինչ այսօր շահագործում ենք նույն 100 դրամով: Մենք միշտ, հասկանալով ժողովրդի վիճակը, խուսափել ենք սակագնի բարձրացումից: Եթե թանկացումներին համահունչ սակագինը բարձրանար, ապա այս հարցն այժմ չէր լինի, գինն էլ կլիներ 300 դրամ, ոչ ոք չէր ասի, թե ինչու է այդքան: Միայն 2005-ի համեմատ բոլոր սարքավորումները, պահեստամասերը թանկացել են մոտ 10 անգամ: Սարքավորում կա, որ 100 անգամ է թանկացել: Մեքենաներն էլ են թանկացել: «Գազելն» արժեր 4,5-5 հազար դոլար, հիմա դարձել է 20-21 հազար դոլար: Մեր հարցը հրատապ է: Վարորդներն էլ չեն ցանկանում աշխատել, պահանջելով աշխատավարձի բարձրացում, ինչը մենք չենք կարող անել»:
Լյուդվիգ Պողոսյանն ընդգծում է, որ իր ղեկավարած միությունը ցանկանում է բոլոր խնդիրները լուծել քաղաքապետարանի եւ կառավարության հետ համագործակցելով: «Մենք էլ այս պետության, այս հասարակության մաս ենք: Ներդնողներ ենք եւ ցանկանում ենք անհրաժեշտ պայմաններ ունենալ նոր ներդրումներ կատարելու եւ մեր բնակչությանն արժանավայել սպասարկելու համար», ասում է փոխադրող ընկերությունների միության նախագահը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ