«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԸ ՀՐԱՊՈՒՐԻ՞Չ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում վարչության արտահերթ նիստ էր:։ Մասնակցում էին Երեւանի թատրոնների գեղարվեստական ղեկավարները, տնօրենները, թատերագետները: Հավաքի պատճառը վերջին օրերին «Ազատամտություն» եւ «Առավոտ» թերթերի հրապարակումներն էին, որոնք անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներ էին առ հայ թատրոնը, նրա ձեռքբերումներն ու թատրոնի նվիրյալները: Նիստը վարում էր ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա, մանրամասն ներկայացնելով երեք հոդվածների բովանդակությունը, պարզաբանեց թե ինչու են անպաշտպան իրավիճակում հայտնվել թատրոններն ու նրանց երախտավորները. «Ըստ իս, առաջին պատճառըՙ վիրուս կա, որը փորձում են բոլոր միություններում անցկացնել, եւ շատ շատերին ձեռք չի տալիս, որ մեր միությունում անհամեմատ ավելի հանգիստ մթնոլորտ է տիրում, միասնական ենքՙ անկախ տարաձայնություններից»: Երկրորդ պատճառը, Ղազանչյանի կարծիքով, առաջիկա համագումարի մասին հայտարարությունն է, որից հետո սկսվել է պատվիրված հոդվածների արշավը. «Բավական լուրջ տեղեկություն ունենք, որ այս ամենի հեղինակները մշակույթի նախարարության սենյակներից մեկում են ծվարել: Կարող եմ ասել, որ տիկիններից մեկի վարչության պետ դառնալուց հետո, սկսվեց անհասկանալի այս արշավը: Այդ կինը Նաիրա Եղիազարյանն է («Հայոց աշխարհ», թերթի լրագրող Կիմա Եղիազարյանի քույրը) եւ այն պաթոսը, ինչը սկսվեց «Հայոց աշխարհ» թերթում, հիմա այդ նույն ձեռագրով, նույն պաթոսն անցել է մեկ այլ թերթի եւ միայն հիմարը կարող է մտածել, թե այդպես չէ: Իհարկե, կան նաեւ ուրիշ գաղափարախոսներՙ շատ կասկածելի կենսագրությամբ, վերջերս տնօրենի աթոռներ ստացած խղճուկներ: Իրենց թվում է, եթե ծվարում են կուսակցություններից մեկում, թեկուզ եւ հզոր, դա նրանց իրավունք է տալիս այդպես ծանր ու հաստատուն զգալ իրեն «սեփական» աթոռին: Կատարվածն անցել է բոլոր սահմանները եւ դրանք անարձագանք չպետք է մնան: Եթե այդ անձերը իրապես նախարարությունում են, ուրեմն նրանց նպատակն է «հարվածել» իրենց նախարարին: Մենք իրենց լեզվով կտանք իրենց պատասխանը»:

Վարչության նիստին հրավիրված էր նախարարության ներկայացուցիչն ի դեմս թատրոնի վարչության պատասխանատու Ռազմիկ Աբրահամյանի: Թատերագետ Լեւոն Մութաֆյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա վերջում «Հայոց աշխարհ» թերթում լրագրող Կիմա Եղիազարյանի երկու հրապարակումներում եղած զրպարտանքի ու հերյուրանքի համար դատական հայց է ներկայացրել, նաեւ բարոյական վնասի հատուցում է պահանջել 10 մլն դրամի չափով: Իսկ օրեր առաջ վախճանված անվանի դերասանուհի Էմմա Վարդանյանին անարգելը համարեց լկտիություն:

Երվանդ Ղազանչյանը նշեց. «Բոլոր ժամանակներում եղել են առողջ քննադատական հոդվածներ, բայց այսպես...., առանց հաշվի առնելու այդ մարդկանց տարիների վաստակն ու ներդրումը: Փորձում են ինչ-որ մարդակերպեր գրիչներ վերցնել ու մի հարվածով պղծել այն ամենը, որ քրտնաջան աշխատանքի արդյունք է»:

Արմեն Խանդիկյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Շահվերդյանը, Տիգրան Ներսիսյանը, Սոնա Մելոյանը, Հրաչյա Գասպարյանը եւ ուրիշներ համակարծություն հայտնեցին եւ անդրադարձան այն լուրերին, թե կոչումներ են ստացել մեկի փեսան, մյուսիՙ աղջիկը, մեկիՙ թոռը եւ այսպես շարունակ: Իր իրական անուն-ազգանունը թաքցնող լրագրողը մոռացել է մի բան, որ մասնագիտություններ կան, որոնք սերնդե սերունդ են փոխանցվում, կարծում էին ելույթ ունեցողները եւ հատուկ նշում. «Այն մարդիկ, ովքեր փորձում են փչացնել մեր հարաբերությունները մշակույթի նախարարության հետ, խաղում են մշակույթի նախարարության հեղինակության հետ:

Վարչության նիստում որոշվեց նախ հանդիպել մշակույթի նախարարի հետ, հետո բաց նամակ հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու լրատվամիջոցներինՙ տեղեկացնելով վարչության նիստի որոշման ու հետագա քայլերի մասին:

  «Ազգը» ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից տեղեկացավ, որ վերջինս չորեքշաբթիՙ ապրիլի 8-ին հանդիպում է նշանակել թատերական գործիչների հետ եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի որոշել հետագա անելիքները: «Ազգին» հասած տեղեկությունների համաձայն` արդեն հայտնի է, թե որ թատրոնի շենքին ով է «աչք դրել», եւ միջոցներ չեն խնայումՙ թատրոններին ու դերասաններին վարկաբեկելու, նրանց պատկանող շինություններին տիրանալու համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4