«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՎ ՇՈՒՆԸ» ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մարտի 27-ին Կոլումբիա համալսարանի միջազգային գործերի բաժանմունքի դահլիճում տեղի է ունեցել երեկոՙ նվիրված Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության առաջին հրատարակման 10-րդ տարեդարձին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Երեկոյին իրենց ելույթներով մասնակցել են հարգարժան պրոֆեսորներ Ջեյ Ուինթրըՙ Եյլ համալսարանից, Ուոլթր Գալայճյանըՙ Էմորի համալսարանից եւ Համիդ Դաբաշինՙ Կոլումբիա համալսարանից, որը նաեւ վարել է հանդիսությունը, նշելով, որ գիրքն իր հաղթարշավը շարունակում է եւ արդեն 24 տպագրության է արժանացել: Բազմաթիվ գրախոսականներ են գրվել մամուլում (այդ թվումՙ «Նյու Յորք թայմս» թերթում) քննարկումներ են տեղի ունեցել հեռուստատեսությամբ եւ Մ. Նահանգների տարբեր համալսարանների դահլիճներում: Որոշ ուսումնական ծրագրերում ընդգրկված է որպես պարտադիր գրականություն:

Պրոֆ. Ուինթրը պատմության դասախոս է մասնագիտացած հատկապես Համաշխարհային առաջին պատերազմի իրադարձությունների մեջ: Հեղինակ եւ համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գործերի: Խմբագրել է «Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը» հատորը: Մասնակցել է PBS-ի թողարկած «Մեծ պատերազմը եւ 20-րդ դարի ձեւավորումը» ֆիլմաշարի արտադրությանն ու սցենարի գրությանը:

Պրոֆ. Գալայճյանը անգլերեն լեզվի մասնագետ է: Հեղինակ է 4 գրքերիՙ ամերիկյան գրականության մասին «Մոդեռնիզմի եզրը: Ամերիկյան պոեզիան եւ տրավմատիկ անցյալը» գրքում քննարկել է Ցեղասպանության թեմայով գրված բանաստեղծությունները: Արժանացել է մի շարք գրանտների:

Դաբաշին իրանական ուսումնասիրությունների եւ համեմատական գրականության մասնագետ է: Դասավանդում է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում: Հեղինակ է 18 գործերի: Ծննդով Իրանից է (Ահվազից), ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը: Նրա գրքերը թարգմանվել են ճապոներենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի, իտալերենի, ռուսերենի, թուրքերենի, եբրայերենի, արաբերենի եւ այլ լեզուների:

Երեկոյին ներկա է եղել նաեւ Բալաքյանը, որը ներկայացնելով 10-րդ տարեդարձի առթիվ վերահրատարակված «Ճակատագրի սեւ շունը» գիրքը նշել է, որ երկու նոր գլուխ է ավելացրել դրանում, մեկը Հալեպի, մյուսըՙ Դեր-Զորի մասին: «Ազգը» այդ գլուխների սեղմ տարբերակը շուտով կներկայացնի իր ընթերցողներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4