«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2009-04-03 | #60, 2009-04-04 | #61, 2009-04-07


ԳԱԼԱ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՅԿԱԶՅԱՆՈՒՄ

Բեյրութի «Հաբթուր գրանդ հոթել» հյուրանոցի «Էմիրատես» դահլիճում մարտի 19-ին տեղի է ունեցել գալա-դրամահավաք ի նպաստ «Նյու հերիտիջ»ՙ նոր մասնաշենքի շինարարության ծրագրի իրականացմանը, տեղեկացնում է այդ առթիվ Հայկազյան համալսարանի հասարակության հետ հարաբերությունների տնօրեն Մայրս Յարդեմյանից ստացված հաղորդագրությունը:

Հանդիսության ընթացքում հնարավոր է եղել հավաքել 217 հազար դոլար: Ներկա են եղել մոտ 400 կառավարական եւ հասարակական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվումՙ նախարարներ Ժան Օղասափյանը, Ալան Թապուրյանը, պատգամավորներ Հակոբ Գասարճյանը, Սերժ Թուրսարգսյանը, Բասեմ Շաբբը, Մերձավոր Արեւելքի Հայկական ավետարանչական եկեղեցիների միության նախագահՙ վերապատվելի Մկրտիչ Քարագյոզյանը, Հայաստանի Հայ ավետարանչական միության նախագահ Ռենե Լեւոնյանը, Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը եւ համալսարանի հոգաբարձուների վարչության անդամները:

Տերունական աղոթքից հետո նախկին շրջանավարտներից Մայդա Քելեշյանը ներկայացրել է համալսարանի ընդարձակման ծրագիրը, որին հաջորդել է 16-20 դարերի յուրահատուկ զգեստների շքերթ-ցուցադրությունը: Այնուհետեւ Հայաստանից հատուկ հրավիրված 6 վիրտուոզներՙ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հիացրել են ներկաներին իրենց վարպետ կատարողական արվեստով:

Հանդիսության եզրափակիչ փուլում հայտարարվել է երկու նոր մրցանակների հիմնադրման մասին: Առաջինըՙ ականավոր աջակցի մրցանակը շնորհվել է տեր եւ տիկին Կարպիս եւ Լյուսի Թութունջյաններինՙ Հայկազյան համալսարանին իրենց երկարամյա եւ առատաձեռն օժանդակությունների համար: Երկրորդըՙ ականավոր գիտնականի մրցանակը շնորհվել է հայագիտության եւ հոգեւոր ուսումնասիրությունների երախտավոր, դրամատուրգ մոնսինյոր Անդրանիկ Կռանյանին:

«Եթե Լիբանանը թեկուզ փոքրիկ, բայց իր ուրույն տեղն ունի այս տարածաշրջանում, ապա Հայկազյանը դարձյալ թեկուզ փոքրիկ, բայց իր ուրույն տեղն ունի Լիբանանում», նշել է իր խոսքում Հայկազյանի պրեզիդենտ Պոլ Հայդոստյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4