Վիլնյուսում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Եթե Հայաստանի ազատ ոճայինները Վիլնյուսում նվաճել էին մեկ արծաթե, 2 բրոնզե մեդալ, ապա մեր հունահռոմեական ոճի ըմբիշներն ավելի հաջող հանդես եկան: Ի պատիվ Արսեն Ջուլֆալակյանի եւ Յուրի Պատրիկեեւի, 2 անգամ Վիլնյուսի մարզադահլիճում հնչեց Հայաստանի օրհներգը եւ բարձրացվեց եռագույնը:
Արսեն Ջուլֆալակյանը մինչեւ 74 կգ քաշային կարգում երիտասարդական մրցաշարերում զգալի հաջողությունների էր հասել: Եվ ահա մեծահասակների մրցավեճում նա առաջին լուրջ հաջողությանը հասավՙ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Արսենը հաջորդաբար պարտության մատնեց խորվաթ Նեւեն Զուգային, Գերմանիան ներկայացնող Ադամ Յուրետզկոյին, լատվիացի Ալեքսանդր Վիշնյակովին ու բուլղարացի Ալեքսանդր Կիկինյովին: Եզրափակիչում նրա մրցակիցն ուկրաինացի Վլադիմիր Շատսկիխն էր: Վճռորոշ գոտեմարտն էլ Արսենը վստահ անցկացրեց եւ կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Սպասելիքներն արդարացրեց նաեւ Եվրոպայի 2008-ի չեմպիոն, օլիմպիական խաղերի եւ աշխարհի 2007-ի առաջնության բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւը: Նա կրկնեց նախորդ տարվա հաջողությունըՙ 2-րդ տարին անընդմեջ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ռուսաստանցի ըմբիշը մեկը մյուսի հետեւից պարտության մատնեց Նիկո Շմիդտին (Գերմանիա), Մինդաուգաս Միզգայտիսին (Լիտվա), Ռադոմիր Պետկովիչին (Սերբիա), Պանագիոտիս Պապադոպուլոսին (Հունաստան) եւ Կալմար Շյոբերգին (Շվեդիա):
Մեդալի ակնկալիք կար նաեւ Եվրոպայի նախկին չեմպիոն, անցած տարվա առաջնության արծաթե մեդալակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Ռոման Ամոյանից: Մինչեւ 55 կգ քաշային կարգում Ամոյանը երկու գոտեմարտ շահեց Ուկրաինան ներկայացնող Վուգար Ռահիմովից ու հույն Գրիգորիս Անաստասիադիսից, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Բեկհան Մանկիեւին ու դուրս մնաց մեդալների համար մղվող պայքարից: Նշենք, որ Մանկիեւն ի վերջո դարձավ բրոնզե մեդալակիր:
60 կգ քաշային Արտակ Հարությունյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց Իսլամ Ալբիեւին (Ռուսաստան), որը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Արտակն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին գոտեմարտում հաղթելով ֆրանսիացի Տարիկ Բելմադանին, հաջորդում Արտակը զիջեց ռումինացի Էյսեբլու Դիակոնուին եւ զրկվեց մեդալից:
Անհաջող էին նաեւ Խոսրով Մելիքյանի (66 կգ), Դենիս Ֆորովի (84 կգ) եւ Արման Գեղամյանի (96 կգ) ելույթները: Առաջին երկուսը մեկական գոտեմարտ շահեցին, երկրորդումՙ պարտվեցին, իսկ Արմանը պայքարից դուրս մնաց առաջին իսկ մենամարտից հետո:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատվո պատվանդանի վերին հարթակին