«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2009-04-04 | #61, 2009-04-07 | #62, 2009-04-08


Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԱՉԱՌ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԼԻՆԵՆ»

Երեկ Ազգային ժողովում բացվեց Եվրոմիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը` համանախագահությամբ ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի եւ Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենի, մասնակցությամբ Եվրոխորհրդարանի պատվիրակության, եվրոպական կառույցների հայաստանյան գրասենյակների ղեկավարների, Հայաստանում Եվրոմիության անդամ պետությունների դեսպանների:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց, թե անցած 10 տարիներին անցել ենք համատեղ հետեւողական աշխատանքով լի ճանապարհ, իսկ խորհրդարանական երկխոսությունը լրջորեն նպաստել է Հայաստանի եւ Եվրոմիության համատեղ օրակարգի ձեւավորմանը: Ձեռքբերումները նշելիս Հ. Աբրահամյանն ասաց. «Եվրոպական չափանիշները դարձել են այն ուղենիշը, որը թույլ է տալիս կողմնորոշվել մեր բարեփոխումների օրակարգի հարցերում: Այժմ պետք է մտածենք եվրոպական նորմերի արդյունավետ գործադրման մեխանիզմների ձեւավորման մասին», նշելով, որ Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի համար, եւ Հայաստանը պատրաստ է օգտվելու այդ նախաձեռնության հնարավորություններից. «Մենք ակնկալում ենք, որ եվրոպական խորհրդարանական կառույցները Հարավային Կովկասում լինելու են անաչառ եւ անկողմնակալ, նրանց գործունեությունն ուղղված է լինելու տարածաշրջանում փոխադարձ վստահության եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելուն: Հուսով ենք, որ այդ կառույցները կխուսափեն պատեհապաշտ հաշվարկներին տուրք տալուց, քանի որ ճշմարտությունը մեր տարածաշրջանի որեւէ երկրի կամ ժողովրդի իրավունքների մասին մեկն է: Այդ ճշմարտությունը չի կարող փոխվել` կախված այն բանից, թե որտեղ պիտի արտասանվի` Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում, թե Եվրոպայում»:

Այս նիստը, որը տեւելու է 2 օր եւ ավարտվելու է ասուլիսով, շատ հագեցած օրակարգ ունի: Թեեւ լրագրողներս նիստի արարողակարգային մասի ավարտից հետո այլեւս նիստին գտնվելու հնարավորություն չունեինք, բայց օրակարգային հարցերի ծանուցումն արդեն պատկերացում էր տալիս քննարկվող հարցերի շրջանակի մասին` Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա պահ, գործողությունների ծրագրի իրականացում, քաղաքական իրավիճակ Հայաստանում, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիր, ԼՂ հակամարտություն, Թուրքիայի առաջարկած տարածաշրջանային կայունության պլատֆորմ եւ այլն:

Ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում Մարի Անն Իզլեր Բեգենը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցության մի քանի պահերի մասին. «Ես հույս ունեմ, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը, մեկ օր կարող են դառնալ Եվրոմիության անդամ, եւ ես հույս ունեմ, որ դա չի լինի հեռավոր ապագայում, այլ` մոտ ապագայում», ասաց նա:

Տիկնոջ կարծիքով` Հայաստան-ԵՄ համագործակցությունը լավ առաջ է ընթանում հարեւանության եվրոպական քաղաքականության ուղղությամբ. «Իսկ հիմա ուզում ենք մի նոր աշխատանքային ձեւ գտնել, որը կոչում ենք «Արեւելյան գործընկերություն», եւ որը մեզ էլ ավելի կմերձեցնի»: Ըստ նրա` երկու ձեւով կարելի է մոտենալ Եվրոմիության մերձեցման խնդրին` ինստիտուցիոնալ մակարդակով եւ ժողովուրդների մերձեցման ուղիով: Եվ անելիք կա այն ուղղությամբ, որ Արեւմտյան Եվրոպայի ժողովուրդները ավելի լավ ճանաչեն Հայաստանը եւ ավելի մերձենան Արեւելյան Եվրոպայի, Բեգենի խոսքով, «մեր քույրերին եւ եղբայրներին»: Դրա համար ավելի շատ հանդիպումներ են պետք, մասնավորապես` ուսանողների, դպրոցականների մակարդակով փոխանակումները պետք է շատանան, հայ ուսանողները կարողանան ավելի հեշտ վիզաներ ձեռք բերել, կարողանան իրենց ուսումը շարունակել Եվրոմիության երկրներում, բայց նաեւ Եվրոմիության ուսանողները կարողանան գալ եւ ավելի լավ ճանաչել Հայաստանը:

Հայաստանում պատվիրակության հանդիպումների մասին ասվեց, թե ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց հետ են տեսնվել սկզբում` մարդիկ, ովքեր ձերբակալված են մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով, պատվիրակությանը հետաքրքրում են. «Մենք խոսեցինք արդարադատության նախարարի, ոստիկանապետի, մեր գործընկերներ- պատգամավորների հետ,ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եխ-ն եւ տեղական ՀԿ-ները տարբեր սահմանումներ տալիս քաղբանտարկյալ տերմինին` մեկնաբանությունները զանազան են»: Բեգենն ասում էր` ակնհայտ է, որ Եվրոմիությունը պետք է օգնի Հայաստանի իշխանություններին` օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելիս, պետք է բարեփոխվի նաեւ ոստիկանության ոլորտը, որ մարդկանց խնդիրներն արդար լուծում ստանան: Տիկնոջ վկայությամբՙ մինչեւ այժմ հայտնի «7-ի գործով» ձերբակալվածների վերաբերյալ քննարկումները բուռն են ընթացել տարբեր հանդիպումների ընթացքում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4