Ահազանգ մշակույթի գործիչներին ու պատկան մարմիններին
Արդեն երկու շաբաթ ինտերնետային ամենահայտնի կայքերում տեղադրված է երգչուհի R.P.-ի եւ DerHova-ի տեսահոլովակը Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» հայտնի երգի հիման վրա: Հանդիսատեսին ներկայացված տեսահոլովակում երգչուհու վառ, չափազանց վուլգար դիմահարդարման, անհասկանալի սանրվածքի ու հագուստի մասին մոռանում ես, երբ սկսում է երգել: R.P.-ի կատարմամբ լսել եմ միայն այս ստեղծագործությունը, շատ եմ հարգում ԴերՀովային, սակայն որքան էլ փորձում եք ներկայանալ «ժամանակակից» երաժիշտներ` աններելի է այդպես աղավաղել Սայաթ-Նովայի երգը: Կան մշակութային արժեքներ, որոնք փոփոխման կարիք չեն զգում: Որպեսզի երիտասարդը ցանկանա լսել Սայաթ-Նովա` պարտադիր չէ ստեղծագործությանը ավելացնել արաբա-թուրքական մելիզմներ (առանց այն էլ մեր երգարվեստում չափազանց շատ է արաբական երաժշտությունը):
Հոդվածը պատրաստելու ընթացքում պարզվեց, որ համանուն երգի համար նկարահանել է երկու տեսահոլովակ: Հայ հանդիսատեսի համար նախատեսված տեսահոլովակում երգչուհին քիչ թե շատ պատշաճ հագուստով է, իսկ օտարերկրացիների համար նկարահանված տեսահոլովակում ի ցույց է դրել լիակատար մերկությունը, մինչդեռ օտարերկրյա շուկային ու հանդիսատեսին վաղուց մերկությամբ չես զարմացնի, իսկ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը որեւէ հանդիսատես-ունկնդրի լսելիքին ու հոգուն հասցնելու համար մերկանալը պարտադիր պայման չէ: Սայաթ-Նովայի որեւէ գործ մի՛ դարձրեք օտարամուտ շլյագեր: Մի՛ աղավաղեք մեր մշակութային արժեքները, դրանք այնքան էլ շատ չեն, որ յուրաքանչյուրը սեփական փիարի համար այն օգտագործի:
Անդրադառնալով տեսահոլովակին ու Սայաթ-Նովայի այսօրինակ «մեկնաբանմանը» ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանն ասաց. «Տեսահոլովակը դիտելիս սարսափեցի: Այսպիսի խայտառակություն չէի տեսելՙ այլանդակություն է: Այսպիսի տեսահոլովակները վտանգում են մեր ազգային ինքնությունը: Երբ Ադրբեջանում ինչ-որ մեկը խաչքարեր է ավերում, ժողովուրդը ոտքի է կանգնում ու բողոքում: Ինչպես խաչքարը կամ եկեղեցին, ժողովրդական երաժշտությունն էլ ազգային մշակութային ժառանգություն է»:
Արուս Գուլանյանը որպես ելք առաջարկում է ոչ թե քննադատել, ինչը տվյալ հոլովակի PR- ի է վերածվում, այլ հնարավորինս հաճախ հեռարձակել հայկական երգարվեստի լավագույն նմուշներՙ բարձրակարգ կատարումներով:
Մայր Տաճարի երգչախմբի գլխավոր դիրիժոր Ռուբեն Շարբաթյանն էլ կարծում է, որ աղավաղված են մեր ժողովրդական երգերը, տաղերը. «Շնորհակալություն մշակույթի նախարարին, որ արգելեց այդ երգիչ կոչվածներին ֆոնոգրամայով երգել: Այդ ամենը պետք է շուտ արվեր: Սայաթ-Նովա մեկնաբանելը շատ դժվար գործ է: Պետք է ընդհանրապես սխալ, աղավաղումներով երգողներին եթեր չտրամադրել: Պետք է ինչ-որ մարմին ստեղծվի, որը ուշադրություն կդարձնի, որպեսզի նման կարգի այլանդակությունները եթերով չհեռարձակվեն»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ պարզվեց, որ տեսահոլովակն արդեն հեռուստատեսությամբ ցուցադրում են: Կարծում եմ սա ահազանգ կլինի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն: Այլապես վաղը գուցե մեր «աստղիկները» որոշեն երգարվեստին նոր շունչ հաղորդել ու Կոմիտասն էլ ռեփ կարդան...