Տոնացույցի ամենագեղեցիկ ու ինքնատիպ տոներից է Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը: Այս ու էլի բազմաթիվ եկեղեցական տոներ` Համբարձում, Վարդավառ, Տյառնընդառաջ եւ այլն, ավելի քան 1700 տարվա պատմություն ունեն: Այդ տարիների ընթացքում ժողովուրդը կարողացել է պահպանել ու աշխարհին հայկական տոները ներկայացնել որպես ազգային մշակույթ:
Այս տարի Զատիկը նշվելու է ապրիլի 12-ին: «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ասելու ենք միմյանց: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»` այսպես է հնչելու պատասխանը: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին ամեն տարի Զատկի տոնին պատրաստվում է մեծ ակնկալիքներով: Զատկին նախորդող քառասունօրյա պասը ոչ միայն մարմինն է մաքրում, այլեւ հոգին, տան մթնոլորտը: Ագուլեցին պատմում է, որ այդ ընթացքում ընտանիքի անդամները միմյանց չեն վիրավորում, չեն նեղացնում: Փորձում են լինել ավելի հանդուրժող, բարի: Տանը ցածրաձայն են խոսում: Տոնին նախորդող երկու շաբաթների ընթացքում նկարչուհին գործում է ձվիկներ, ծաղկած բալենու ճյուղերից պատրաստում ծիսական ծառ: Դրանցով զարդարում հյուրասենյակն ու բակը: «Զատիկը բացառիկ տոն է: Այն ունի գեղեցիկ ավանդույթներ, որոնք պետք է պահպանել», նկատում է նա:
Զատկի տոնը սկսվում է երեկոյան ժամը 5-ին: Սեղանին պարտադիր պետք է դրվեն չամիչով փլավ, ձուկ, կուտակ, գաթա ու ներկած ձու, գինի: Լուսիկ Ագուլեցին փաստում է, որ կերակրատեսակներից յուրաքանչյուրի ներկայությունը խորհրդանշական է: «Նվիկով կերակուրը անհրաժեշտ է, որովհետեւ Մարիամ Աստվածածինը հենց կանաչու այդ տեսակով է խանձարուրել նորածին Հիսուսին: Ձուկը թարգմանաբար կոչվում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի, իսկ չամիչով փլավի խորհուրդը հետեւյալն է. փլավը ժողովրդի հավաքական կերպարն է, իսկ չիրն ու չամիչը` մեր հավատը»:
Ագուլեցին անթույլատրելի է համարում, երբ Զատկի ձուն ներկում են մի քանի գույնով: Նկարչուհին մեկնաբանում է, որ ձուն մի քանի գույնով ներկում են պարսիկները` ինչը խորհրդանշում է գարնան գալուստը: Մինչդեռ քրիստոնյաները այն պետք է ներկեն ալ կարմիրով: Հատկանշական է նաեւ գույնի ընտրությունը: Ալ կարմիրը Քրիստոսի խորհրդանիշն է: «Ուրբաթ օրը ընտանիքի մայրն ու երիտասարդ աղջիկները պետք է մի քանի ձու գործեն ու ծիսական ծառը պատրաստեն: Իսկ ձուն պետք է ներկել շաբաթ երեկոյան», արարողակարգի հերթականությունն է ներկայացնում Լուսիկ Ագուլեցին:
Կիրակի առավոտյան ընտանիքի անդամները, հարեւանները հավաքվում են Զատկի տոնը նշելու: Մինչ եկեղեցի գնալը ընտանիքի տղամարդիկ ոչխար են մորթում` Աստծուն մատաղ անում: «Այնուհետեւ մասնակցում են պատարագին, օրհնվում, նշխարք ստանում: Տանը սկսվում է զատկական ձվախաղը: Այն խորհրդանշում է ընտանիքի միասնությունը, համերաշխությունը», պատմում է Լուսիկ Ագուլեցին: Ցավոք հազվադեպ ընտանիքներ կան, որ ոչ միայն Զատիկը, ընդհանրապես տոները նշում են ավանդական արարողակարգով: Խնդիրը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ չիմացությունն ու նաեւ օտարամուտ կեցվածքը:
Հ. Հ.