Աղջիկների եռյակից սպասելիքները մեծ են
Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Վերջին տարիներին հայ ծանրորդները միջազգային մրցասպարեզներում բավական հաջող մրցելույթներ են ունենումՙ տուն վերադառնալով մեդալների հարուստ ավարով: Մեր ծանրորդներից մեդալների ակնկալիքներ կան նաեւ Բուխարեստից: Սակայն հարկ է նշել, որ հանգամանքների բերումով Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը զգալիորեն փոփոխվել է: Բուխարեստում հանդես չեն գա մեր անվանի ծանրորդներ Գեւորգ Դավթյանը, Արա Խաչատրյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը: 77 կգ քաշային կարգում Գեւորգ Դավթյանը մեջքի վնասվածք ունի, իսկ Արա Խաչատրյանը վերջերս ծնկի վիրահատության է ենթարկվել եւ առաջիկա ամիսներին չի կարող մրցումների մասնակցել: Նա վնասվածք էր ստացել Պեկինի օլիմպիական խաղերում: Հենց վնասվածքի պատճառով էլ Արա Խաչատրյանը Պեկինում չկարողացավ իրեն լավագույնս դրսեւորել ու արժանանալ մեդալիՙ բավարարվելով 7-րդ տեղով:
Բուխարեստում հանդես չեն գա նաեւ Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրներ Տիգրան Մարտիրոսյանները: 69 կգ քաշային Տիգրանը նշագեղձերի խնդիր ունի, իսկ 85 կգ քաշային Տիգրանը Հայաստանի առաջնությունում վնասվածք էր ստացել, բացի այդ էլ անհաջող էր հանդես եկելՙ չկարողանալով նվաճել հանրապետության չեմպիոնի տիտղոսը:
Այնպես որ Բուխարեստում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կներկայանա նոր թիմով: Մարզիչները հնարավորություն կունենան փորձարկելու հավաքականի մյուս թեկնածուներին: Մեր հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան 7 ծանրորդներՙ Առաքել Միրզոյանը (69 կգ), Գեւորգ Կակոյանը (69 կգ), Գեւորգ Պողոսյանը (85 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Գեղամ Աթոյանը (94 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր քաշ):
Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքականը Բուխարեստում հանդես կգա իր մարտական կազմով: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն հին աշխարհամասի չեմպիոնուհիներ Մելինե Դալուզյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ): Ինչ խոսք, մեր մարզուհիներից սպասելիքներն անհամեմատ մեծ են: Ճիշտ է, Մելինե Դալուզյանը բավական ժամանակ մրցահարթակ դուրս չի եկել: Մարզասերները տեղյակ են, որ նա հիվանդության պատճառով չմասնակցեց Պեկինի օլիմպիադային, որտեղ նրան փոխարինեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Վերջինս լավ մարզավիճակում չէր եւ չկարողացավ մեդալ նվաճել: Հուսանք, որ Բուխարեստում մեր աղջիկների եռյակը իրեն լավագույն կողմերով կդրսեւորի ու մեդալների կարժանանա:
Բուխարեստում մեդալների առաջին հավաքածուն վիճարկեցին կանայք մինչեւ 48 կգ քաշային կարգում: Չեմպիոնի կոչման համար պայքարում մրցակցությունից դուրս էր Թուրքիայի ներկայացուցիչ Նուրկան Թայլանը: Նա երկամարտում ցույց տվեց 196 կգ (88+108) արդյունք: Նա 25 կգ-ով գերազանցեց մոլդովացի Քրիստինա Յովուինՙ 171 կգ (75+96): Բրոնզե մեդալակիրը լեհ մարզուհի Մարժենա Կարպինսկայան էՙ 170 կգ (78+92): Մոլդովացի 17-ամյա Քրիստինա Յովուի երկամարտի արդյունքը Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ է:
Կանանց մինչեւ 58 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ բելառուսցի Նաստասիա Նովիկովանՙ 216 կգ (96+120): Արծաթե մրցանակակիր դարձավ ուկրաինուհի Յուլիա Կալինանՙ 212 կգ (95+117): 3-րդ տեղը գրավեց ալբանացի Ռոմելա Բեգայըՙ 207 կգ (96+111):
Տղամարդկանց մրցումները սկսվեցին մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճով: Չեմպիոն հռչակվեց բելգիացի Թոմ Հեգեբոերը, որը երկամարտում ցույց տվեց 252 կգ (115+137) արդյունք: 247 կգ (109+138) արդյունքով արծաթե մեդալը նվաճեց իտալացի Վիտո Դելինոն: Բրոնզե մրցանակակիրը մոլդովացի Իգոր Գրաբուչեան էՙ 246 կգ (110+136):
Մինչեւ 62 կգ քաշայինների մրցավեճում ուժեղագույնը թուրք ծանրորդ Էրոլ Բիլգինն էրՙ 293 կգ (133+160): 2-րդ տեղը գրավեց ադրբեջանցի Զուլֆուգար Սուլեյմանովըՙ 285 կգ (125+160): Կիպրոսի ներկայացուցիչ Դիմիտրիս Մինասիդեսը 284 կգ (127+157) արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ