Մանոյանը վստահ է, որ ապրիլի 24-ին Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը Բարաք Օբամայի ապրիլի 6-ին Թուրքիայում կատարած հայտարարությունը դիտարկում է մի քանի տեսանկյունից: «Որպես ԱՄՆ նախագահ նա ի լուր աշխարհի եւ հատկապես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ներկայությամբ շեշտեց, որ իր կեցվածքը չի փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում: Թուրքիայի խորհրդարանի ելույթում Օբաման կոչ արեց, որ Թուրքիան ճանաչի ու քննարկի իր անցյալն ու Հայաստանի հետ հաստատի բարի դրացիական հարաբերություններ: Օբամայի այս արտահայտությունները գնահատում ենք դրական, բայց ոչ բավարար: Որպես սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու բազմիցս հանձն է առել օգտագործել ցեղասպանություն բառը: Սա չի նշանակում, որ Օբաման չի օգտագործելու ցեղասպանություն բառը, պարզապես Թուրքիայում կայացած հանդիպումը հրաշալի առիթ էր, որը նա փախցրեց: Ապրիլի 24-ը առջեւում է, եւ ԱՄՆ-ի հայ համայնքը ակտիվորեն աշխատում է, որպեսզի Օբաման իր խոստումը կատարելու առաջին հնարավորությունը ճիշտ օգտագործի եւ ուղերձում անպայման արտասանի «ցեղասպանություն» բառը», «Հայացքում» նկատում է Կիրո Մանոյանը:
Բանախոսի կարծիքովՙ թուրքական սպառնալիքները տեղի տվեցին, երբ Օբաման ասաց, թե չի ցանկանում խանգարել հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը: «Ցեղասպանության ճանաչումը եւ հայ-թուրքական հարաբերությունների լավացումը միմյանց հետ որեւէ առնչություն չունեն: Գործընթացները տարբեր են: Այդ մասին հայտարարել է նաեւ պաշտոնական Երեւանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլ մեկնելուց առաջ հիշատակեց, որ ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող խնդրո առարկա դառնալ հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանի բացման վրա»:
Մանոյանը նկատում է, որ սփյուռքի դժգոհությունները միտված չեն այն փաստին, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են դառնալ դիվանագիտական եւ սահմանները բացվեն: «Ի վերջո բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ հարաբերությունները վաղ թե ուշ ստեղծվելու են: Կարեւորն այն է, որ բանակցությունների արդյունքում չզիջենք մեր հիմնական շահերը», ասում է բանախոսը:
Այդ կապակցությամբ դաշնակցականները երկու մտահոգություն ունեն. ստորագրված փաստաթղթում չլինի կետ, որը կասկածի տակ կառնի ցեղասպանության փաստը: «Ստորագրման ժամանակ այնպիսի պայմանավորվածություն ձեռք չբերվի, որը ապագայում կխոչընդոտի Հայաստանին կատարելու իր իրավունքների հետապնդման խնդիրը»:
Նա փաստում է, որ հարց տալու իրավունք ունեին լրագրողներ, որոնց ընտրել էին երկու երկրների նախագահները: «Հենց ամերիկացի նախագահի ընտրած լրագրողը ցեղասպանության մասին հարցը բարձրաձայնեց: Սա համարել զուգադիպություն` այնքան էլ տրամաբանական չէ»:
Մանոյանը նկատում է, որ բանակցությունները պետք է գործնական արագ արդյունքներ տան, որովհետեւ հայկական կողմը նպատակահարմար չի գտնում ձգձգել այս իրավիճակը: Նա վստահ է, որ այս տարի Թուրքիան անպայման կստորագրի համաձայնագիր եւ կվերացնի շրջափակումը: Նաեւ չի բացառում ադրբեջանական սպառնալիքի հսկայական ազդեցությունը` խանգարելու բանակցությունների ընթացքին: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կայունացումը առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային, հետեւաբարՙ Մանոյանի կարծիքով, Գյուլը կկարողանա որեւէ կերպ խնդիրները հարթել Ալիեւի հետ: Համաձայնագրի ստորագրումը բխում է Թուրքիայի շահերից, որովհետեւ ցանկանում է տարածաշրջանում հզոր դիրք գրավել, հատկապես օգոստոսյան պատերազմից հետո: Այդ դիրքը գրավելու համար անհրաժեշտ է Հայաստանի աջակցությունը: «Եթե նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային խաղը դիտելու առաջարկություն չաներ, այդ պարտականությունը կվերցներ Գյուլը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ