«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԲԱՑՎԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստան-Եվրոմիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի ավարտից հետո երեկ համատեղ ասուլիսով հանդես եկան Հայաստան-Եվրոմիություն համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Ավետ Ադոնցն ու Մարի Անն Իզլեր Բեգենը:

Վերջինս երեկ հնչեցրեց մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնք, թեեւ տեղեկատվության ընդհանուր պակասին, լրացուցիչ լույս են նետում այս պահին ներհայաստանյան եւ ՀՀ արտաքին քաղաքական շփումների վրա: Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին` նա անկեղծորեն, առանց դիվանագիտական ծեքծեքումների, նկատեց. «Մենք ուզում ենք, որ դա ամեն գնով տեղի ունենա, նույնիսկ պատրաստվել էինք գնալ սահման եւ մեր գործընկերների հետ հանդիպել սահմանի մյուս կողմում, սակայն մեզ խորհուրդ տվեցին առավել զուսպ լինել, թողնել` հայ-թուրքական բանակցություններն իրենց հունով գնան, ապա այդպիսի քայլեր անել», ասաց եվրոպացի տիկինը:

Ավելին, նա հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ու հայ-թուրքական սահմանի բացման հարցը բազմիցս բարձրացվել ու քննարկվել են ԵՄ շրջանակներում. «Մենք խնդրել ենք, որ լրջորեն ուսումնասիրվեն սոցիալական եւ տնտեսական հետեւանքները»: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվելու են Եվրոմիություն` սինքրոն ուղերձներով, թե որքան իրավացի էին մեր եվրոպացի բարեկամները, երբ խոսում էինք սահմանը բացելու անհրաժեշտության մասին.

«Սահմանի բացումը պարտադիր է, որեւէ հաշվարկ չի կարող հիմնավորել սահմանի փակ լինելը, սահմանն այսօր միակողմանի փակ է առանց տրամաբանական որեւէ հիմքի»: Միաժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամը Թուրքիայի մասով էլ էր մտահոգ. «Սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի տնտեսության եւ սոցիալական վիճակի վրա, այլ նաեւ Թուրքիայի վրա, քանի որ այդ երկրի ամենաաղքատ շրջանները հենց այդ մասում են»:

Ընդհանրապես` երեկ Ա. Ադոնցն ու Մարի Անն Իզլեր Բեգենը պատմում էին, որ հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրվել է համատեղ փաստաթուղթ` «ամենահարուստն ու արդյունավետը» մինչեւ այժմ ստորագրվածներից, որ երկու օրերի հանդիպումներն ու քննարկումներն էլ որակապես տարբերվում էին մյուսներից: Իսկ Եվրոմիություն-Հայաստան հարաբերությունները վերջին տասը տարում զարգանում են հետեւողական, դինամիկ ու արդյունավետ, որ 1999 թվականին ուժի մեջ մտած «Գործընկերության եւ համագործակցության» համաձայնագրից հետո սկսեցին աշխատել ԵՄ-Հայաստան համատեղ կառույցները, ապա առաջ քաշվեց Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, հիմա էլ արդեն հայտարարվել է «Արեւելյան գործընկերության» նոր մեկնարկող ձեւաչափի մասին:

Մարի Անն Իզլեր Բեգենն ասաց, որ ի տարբերություն ԵՄ խորհրդարանական մյուս պատվիրակությունների, որոնց ուշադրության կենտրոնում հիմնականում կրթական ու մշակութային խնդիրներն են, իրենք քննարկել են տնտեսական ու քաղաքական խնդիրներ, ապա նաեւ` կրթական, բնապահպանական ու մշակութային հարցերին են անդրադարձել: Փաստաթղթում ամրագրում կա, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ելնելով միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքներից` ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառման սկզբունք:

«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի Կոպենհագենում տեղի ունենալիք մայիսյան կոնֆերանսում Հայաստանը, ինչպես նաեւ ծրագրում ընդգրկված մյուս երկրները հնարավորություն կունենան իրենց երկրների համար կարեւոր խնդիրների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու: Օրինակ` Հայաստանը կարող է բարձրացնել Սեւանի, վիզային ռեժիմը մեղմելու խնդիրները` առաջարկներ կցելով:

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հնչեցրած լրագրողներից մեկի հարցին ի պատասխան տիկին Բեգենն ասաց, թե ԵՄ-ի օրենսդիր մարմնում այս խնդրի վերաբերյալ մոտեցումները տարբեր են: Անձամբ նրա կարծիքովՙ սեյսմիկ տեսակետից ռիսկային գոտում գտնվող Հայաստանի համար վտանգավոր է նման ատոմակայանի կառուցումը, լուրջ խնդիր է նաեւ թափոնների բացասական ազդեցությունը: Ի դեպ, մեկ օր առաջ Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված օրենքում բոլորովին հակառակ հիմնավորումներ էին բերվում, թե բոլորովին էլ վտանգ չկա եւ մենք պետք է կառուցենք մեր նոր ատոմակայանը: Իսկ տիկին Բեգենը մեզ մատնացույց էր անում արեգակնային անսպառ էներգիայի օգտագործումը եւ անգամ խորհուրդ տվեց գնալ Կալիֆոռնիա` այդ գործն այնտեղ սովորելու. տիկինը տեղյակ չէր մեր Հերունու եւ Համազասպյանի առաջարկների մասին, որոնց իրագործման համար ֆինանս չենք գտնում: Ադոնցը համենայն դեպս միջամտեց` ատոմակայանը Հայաստանի ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամենակարեւոր բաղադրիչներից է:

ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը խոսեց նաեւ ազատազրկման վայրերում պատվիրակության անդամների հանդիպումների մասին, որոնք ընթացել են առանց խոչընդոտների: Բայց, իհարկե, նշեց, որ իրենք չեն կարող միջամտել դատավարության ընթացքին. ՀՀ իշխանությունների հետ ազատազրկվածների վերաբերյալ սահմանումներն են քննարկել եւ իրենց բնորոշումը մոտենում է ԵԽ «քաղբանտարկյալ» բնորոշմանը: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում ազատազրկվածների հարցերը լուծում կստանան, որովհետեւ «Եվրոպական խորհրդարանը եւ Հայաստանի իշխանությունները փորձում են խնդրին ճիշտ եւ արդարացի լուծում տալ». «Բոլորս պետք է դաս առնենք այն իրադարձություններից, որ տեղի ունեցան մարտի 1-ին», ասաց` նկատելով, որ իրավաօրենսդրական դաշտը պետք է հստակեցվի, որ մարդու իրավունքներն ավելի լավ պաշտպանվեն ու չլինեն նման դեպքեր ոչ Հայաստանում, ոչ էլ մի այլ երկրում, որոնք մարդկանց մահվան պատճառ լինեն: Լրագրողներից մեկը ճշտեց` ցույցեր չլինե՞ն. չէ, տիկին Բեգենը խաղաղ ցույցերի կողմնակից էր, երբ մարդիկ խաղաղ բողոքում են, ասենք, կառավարության որեւէ որոշման դեմ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Ավելացնենք միայն, որ Եվրոմիության պառլամենտական պատվիրակության այս կազմը` ներառյալ Հայաստանի հետ բավական աշխատած Մարի Անն Իզլեր Բեգենը, հունիսից փոխվելու է, քանի որ հունիսի 13-ին Եվրոխորհրդարանում անցկացվելու են ընտրություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4