«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՉԵՂՅԱԼ ԷՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼ

Դրա հիմքում, ըստ թուրքական թերթի, եղել է Լեռնային Ղարաբաղին առնչվող վարչապետ Էրդողանի ադրբեջանամետ հայտարարությունը

Ապրիլի 6-ի երեկոյան Ստամբուլում նախագահ Բարաք Օբաման «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային 2-րդ ֆորումի մասնակիցներին վարչապետ Էրդողանի տված ճաշկերույթից առաջ հանդիպել էր Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ: Նա գոհունակությամբ էր արտահայտվել հայ-թուրքական բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին, ապա քաջալերել էր կողմերին մոտ ապագայում կնքելու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր:

Այս տեղեկությունը երեկ հրապարակել է երեւանյան մամուլը, իսկ նախորդ օրըՙ «Անակնկալ հանդիպում» վերնագրով թուրքական հանրային հեռուստատեսությունը, զուգահեռաբար մեջ բերելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը որեւէ առնչություն չունի Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման գործին: Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի հետ ծավալվող բանակցություններում քննարկման առարկա չէ»:

Այլ կերպ, նախագահ Օբամայի հետ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման լուրը ժամանակավրեպ է: Հետեւաբար կարելի էր չանդրադառնալ, եթե Նալբանդյանի Ստամբուլ մեկնելը Հայաստանում չշահարկվեր եւ ինքը մեկնելու համար չդառնար հարձակումների թիրախ, թե տոմսը հետ էր հանձնել: Հիրավի, ՀՀ արտգործնախարարը Ստամբուլ պետք է մեկներ ապրիլի 5-ին, սակայն եթե հրաժարվել էր, ուստի պատճառ պետք է ունենար: Առանց պատճառն իմանալու նրա գործելակերպը շահարկելն ու նրան անտեղի քննադատելը. առնվազն, սանձարձակություն է:

Ի վերջո Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտգործնախարարների մեջ միակն է, որ եղել է կադրային դիվանագետ, անցել է դիվանագիտության խորհրդային դպրոցը, այլ ոչ թե այդ պաշտոնում նշանակվել պատահականորեն կամ հանգամանքների բերումով: Թերեւս դրանով պետք է պայմանավորվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում նախարար Նալբանդյանի հաստատակամությունը Թուրքիայի հետ շփումներում վճռականությունն ու թուրքական մամուլի խեղաթյուրումների նկատմամբ անհանդուրժողականությունը:

Այդ խեղաթյուրումները նոր չեն, նորություն էլ չեն, կատարվել են նաեւ նախորդ արտգործնախարարների օրոք: Քանի որ նրանք ոչ արձագանքել են, ոչ էլ հերքում են պահանջել, ուստի թուրքական թերթերը խեղաթյուրումներն ուղղելու խնդիր չեն ունեցել: Արտգործնախարար Նալբանդյանի պարագայում խնդիրն այլ է: Թերթերը ոչ միայն ուղղում են, այլեւ գրում, որ դա, ինչպես արել է «Զամանը», կատարվել է ՀՀ արտգործնախարարի պահանջով:

Սա նշանակում է, որ Հայաստանը հետզհետե ձերբազատվում է «խելոք գառան» կերպարից եւ սկսում համեմատաբար ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն վարել: Ըստ երեւույթին, այս քաղաքականությունը անհանգստացնում է որոշ շրջանակների, ուստի եւ նրանք անխնա շահարկում են Նալբանդյանի գործունեությունն ու հարձակումների թիրախ են դարձնում նրան: Ի դեպ, նույն շրջանակները մեծահոգաբար խնայում էին նախորդ արտգործնախարարին:

Համենայն դեպս, Ստամբուլում նախագահ Բարաք Օբամայի հետ նախարար Նալբանդյանի հանդիպմանը, բացի թուրքական հանրային հեռուստատեսությունից, արձագանքել էին նաեւ համանուն թերթերը: Դրանցից «Ռեֆերանսն» էլ նույն օրվաՙ ապրիլի 7-ի համարում «Ադրբեջանից հետո ճգնաժամ նաեւ Հայաստանի հետ» վերնագրով պարզաբանել է, թե ինչու Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել էր Ստամբուլ մեկնելու մտադրությունից եւ ինչ հանգամանքներում հաջողվել է համոզել նրան, որ թեկուզ ուշացումով մասնակցի «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի աշխատանքներին:

Ահա թե ինչ է գրել «Ռեֆերանսը». «Ի նշան բողոքի հայ-թուրքական մերձեցման դեմ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի աշխատանքներին, որոնք երեկ սկսեցին Ստամբուլում: Սակայն երբ վարչապետ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հարցում (ադրբեջանամետ) հայտարարություններ արեց, որ հանգստացնի Ալիեւին, այս անգամ էլ զայրացավ Հայաստանը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իսկույն չեղյալ հայտարարեց դեռեւս օրեր առաջ հաստատված այցը: Վերջին պահին միայն հաջողվեց համոզել նրան:

Ապրիլի 24-ի նախօրյակին դիվանագիտական եռուզեռ է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ստամբուլի ֆորումին Ալիեւի մասնակցությունն ապահովելու համար նրա հետ հեռախոսացազրույց էին ունեցել նախագահ Գյուլն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոնց միացավ նաեւ Էրդողանը, փորձելով համոզել: Ադրբեջանի զայրույթը մեղմելու նպատակով գործադրվող այս ջանքերը զայրացրին Հայաստանին: Թեեւ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզգյուրգինը հայտարարեց, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, իսկ դա գոհունակություն է պատճառում թուրքական կողմին, ավելացնելով. «Ցանկանում ենք, որ այս հանգամանքը նպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորմանը», բայցՙ ապարդյուն:

Ըստ երեւույթին, այս հայտարարությունը չծառայեց նպատակին, որ Նալբանդյանը չմասնակցեց ֆորումի բացմանը: Ֆորումին հայ նախարարի մասնակցության կամ Ստամբուլ գալու-չգալու հարցը, բառիս բուն իմաստով վերածվեց առեղծվածի, որովհետեւ մինչեւ հայկական կողմը չեղյալ էր հայտարարում այցը, թուրքականըՙ համառում էր, որ մասնակցի: Հայ նախարարի Ստամբուլ ժամանելու որոշման մասին հայտնի դարձավ միայն ապրիլի 6-ի կեսօրին, եւ նա հազիվ հասավ Դոլմաբահչեի պալատում ֆորումի մասնակիցների պատվին տրված ճաշկերույթին»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4