«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Հայ արդի գեղանկարչության վարպետիՙ Հակոբ Հակոբյանիՙ նկարիչների միությունում երեկ բացված ցուցահանդեսը իսկական արվեստի հետ հանդիպման վայելքի, տոնական ապրումների գեղեցիկ առիթ էր: Ցուցահանդեսի մարդաշատությունըՙ արվեստասեր հանրության ընտրանու ներկայությամբ եւս մեկ վկայություն էր մեր հրաշալի արվեստագետի հանդեպ հանրության սիրո եւ ուշադրության: Վարպետի արվեստին ծանոթ այդ հանրության համար ուրախալին նաեւ այն անակնկալն էր, որ մատուցեց նկարիչը իր վերջին շրջանիՙ 2007-2009 թվականներին ստեղծած «Գործիքների աշխարհում» նկարաշարով եւ գործիքային կերպարներով մետաղյա եւ գիպսե քանդակներով: Գունային հակոբյանական ծանոթ միջավայրում, բնապատկերի նույն ֆոնին զարգանում է մեկ այլ աշխարհ, ուր ընթացքը կյանքի (պայքար, վախ, սեր, հուսահատություն) պատկերված է մարդուն փոխարինած գործիքների միջոցով:

Նկարիչների միության մուտքի առաջ ցուցահանդեսի բացմանը Հակոբ Հակոբյանի արվեստը գնահատող ելույթներ ունեցան միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Վերջինս նկարչի ստեղծագործությունը համարեց ազգային հարստություն. «Երբեմն կարդում ենք տարբեր տեղերում, թե Հայաստանում իրականությունը գորշ է, կինո չունենք, թատրոնը բարոյապես մահացել է, կերպարվեստում առանձնապես մի բան չկա: Ես չգիտեմ, ինչո՞ւ են այսպիսի բաներ ասումՙ մեր ժողովրդին բարոյազրկելո՞ւ համար, սեփական ուժերի հանդեպ հավատը կործանելո՞ւ համար: Բայց ահավասիկ այսօր Հակոբ Հակոբյանն իր ազնվական ներկայությամբ ապացուցում է, որ կա եւ լինելու է: Հրաշալի հասարակություն, հրաշալի նկարիչ, մաքուր արվեստ, ուրախ եմ, որ այստեղ եմ: Շնորհավորում եմ»:

Շնորհավորանքներ ստացվել էին նաեւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայից, շնորհակալագիրՙ Էջմիածնի քաղաքապետարանից: Վարպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին ու իր արվեստագետ ընկերներին, մասնավորապես ցավ արտահայտեց Հենրիկ Իգիթյանի բացակայության համար:

Ցուցահանդեսի մասին ավելի հանգամանորեն եւ նկարչի հետ մեր զրույցի տպավորությունըՙ հաջորդ համարում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4