Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Նյու Յորքում ապրող ամերիկացի ռեժիսոր Բրեյդն Քինգը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայաստանում, Հայաստանի մասին: «Here» («Այստեղ») խորագրով ֆիլմը, որի նկարահանումները սկսվելու են ամռանը, պատմելու է կարճատեւ, բայց բուռն ռոմանտիկական հարաբերությունների մասին, որոնք սկիզբ են առնում մի ամերիկացու (արբանյակային քարտեզագիր-ինժեներ) եւ սփյուռքում ապրող մի հայուհու (լուսանկարիչ-արվեստաբան) միջեւ, երբ նրանք որոշում են «ճանապարհորդել դեպի բառացի եւ փոխաբերական իմաստներով չհայտնագործված մի երկիր»:
«Այստեղ» ֆիլմը հրաշալի առիթ է ընձեռելուՙ աշխարհին Հայաստանի առանձնահատուկ բնությունն ու մշակութային-հոգեւոր հարստությունը ներկայացնելու», նշվում է հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ ներկայացված է հարցազրույց ֆիլմի ռեժիսոր Քինգի հետ: Հարցազրույցը կատարել է Փարիզում «USA Armenian Life Magazine» («ԱՄՆ Հայկական կյանք») ամսագրի հրատարակիչ եւ խմբագիր Ապո Ջաբարյանը: «Ազգը» հետագայում կներկայացնի այդ հետաքրքրական հարցազրույցը:
Հ. Ծ.