«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՄԱՉՈՒՄ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻՑ

Օր օրի հայ երգարվեստը կորցնում է իր դիմագիծը եւ դրանում իրենց մեղքի մեծ բաժինն ունեն սնկի պես ծլող երգիչները, որոնք ինչ-ինչ ճանապարհներով մի քանի տեսահոլովակներում են նկարահանվում ու սկսում դրանք պտտեցնել գրեթե բոլոր եթերներում: Կարճ ժամանակ անց այդպիսիներին, չգիտես թե ինչու, հեռուստաստուդիա են հրավիրում ու աստղի պիտակ կպցնում: Այո, պիտակ, քանի որ հայ երաժշտասերները անմիջապես տարբերում են լավը վատից, ճիշտը` սխալից ու որքան էլ փորձեն եթերից եթեր թռչել, խանութներում լցնել իրենց ձայնագրությունները, միեւնույն է, ի վերջո իրենք իրենց դեմքը պատռում են, երբ կենդանի ձայնով երգելու առաջարկ է արվում: Այս պարագայում նրանք հայտնվում են անձրեւից հետո աճած սնկերի պես, որ եթե նրանց չեն հավաքում ապա դրանք սկսում են փտել ու հաջորդ տարի այդ փտած արմատից հազիվ մեկ-երկու փոքր գլխիկով սնկեր են աճում ու կարճ ժամանակ անց փչանում: Այդպես էլ մեր նորելուկ «աստղերն» են, որոնք փչացնում ու աղավաղում են երիտասարդ սերնդի ճաշակը, կողմնորոշվելու հնարավորությունը:

Հաջորդ ամենացավալի փաստերից է, երբ երգիչ-երգչուհիները (անկախ տաղանդից), կարծես, անհարմար են զգում իրենց հայ լինելու փաստից ու անհասկանալի ձեւով հրաժարվում են իրենց պապերից, ծնողներից ժառանգած ազգանունից եւ չգիտես թե ինչո՞ւ, հանդես են գալիս միայն անունով` Արամո, Հայկո, Սիրուշո, Նանո, Նանա, Արմինկա, Մհեր, Նառա, Բղդո, Նորո, Արփի, Անչոկ, Արամե, Անդրե, Թաթա, Վզգո, Լիլու եւ այսպես շարունակ: Հենց այս երգիչ կոչեցյալները ընդօրինակելով օտարներին, անմիջապես փորձում են ու գերադասում օտարամոլության յուղում տապակվել, մոռանալով որ մեր երկիրը շատ փոքր է ու ամեն հնարավորություն պետք է օգտագործել հայկական ազգանունը հնչեցնելու հպարտորեն, այլ ոչ թե հրաժարվել: Բավական չէ, որ հայկական ժողովրդական երաժշտությունը այնպես են պղծում շատերը` արաբական, հունական, թուրքական մուղամներ օգտագործելով, հիմա էլ հայկական ազգանունից են հրաժարվում:

Թող հրաժարվեն, գլուխները քարը, նման չերգիչներ, սուտ աստղեր մեզ պետք չեն, թող գնան ու թուրքական, ադրբեջանական ազգանուններով հանդես գան եւ մեր հայ երգն ու երաժշտությունը չպղծեն: Գնացեք, ձեր հերն էլ անիծած, միայն նոր սերնդին մի փչացրեք:

Ձեզ ու ձեր նմաններին պետք է օր առաջ քշել մայր հայրենիքից, քանզի դուք հայրենասիրության նշույլ անգամ չունեք, չնայած որ ձեզանից մի քանիսը «երգում» է նաեւ հայրենասիրական, ժողովրդական երգեր: Հիշեցնենք, որ երկքաղաքացիության օրենքը 1,5 տարի է ուժի մեջ է, այնպես որ կարող եք այլ երկրի քաղաքացի նույնպես դառնալ, հետագայում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել ու ձեր բիզնեսը երգի բնագավառում շարունակել` եթե ձեզ կընդունեն: Ու երբ այդ դեպքում ձեր ոտքը քարին կառնի, գուցե դարձի գաք ու զղջաք: Բայց դա հարց է` հետո ձեզ կընդունե՞ն, կլսե՞ն, կծափահարե՞ն: Այդ էլ թողնում ենք հետագային: Որքան շուտ լքեք մեր հայրենիքը, այդքան հեշտ կլինի մաքրել ձեզանից հետո թողած աղբը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4