«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2009-04-07 | #62, 2009-04-08 | #63, 2009-04-09


... ՕՐՆ, ԻՆՉՊԵՍ Ե՛Ս ՏԵՍԱ

Ամեն անգամ, նոր հրատարակված հոդվածների գիրքը ձեռքս առնելիս տագնապում եմՙ չե՞մ հուսախաբվելու, կորցրած ժամանակս չե՞մ ափսոսելու, գոհանալո՞ւ եմ, թեՙ զայրանալու:

Ինչեւէ: Գրահրատարակչական այս չորուցամաք, երաժշտա-անապատային շրջանում միշտ էլ բերկրաբեր են այն գիրք-գրքույկները, որոնք շատ ավելին են, քան դրանց վրա ծախսված միջոցները եւ աշխատանքը:

Այդպիսի մի հրապարակում է Վաչագան Ա. Սարգսյանի «Օրըՙ ինչպես որ տեսա» ժողովածուն, որը ներառել է հեղինակիՙ «9-րդ հրաշալիք» պարբերականում տպագրած հրապարակախոսական հոդվածները, նաեւՙ բանաստեղծություններ, իմաստասիրական մտորումներ, ասույթներ եւ այլն:

Գերակշռողն, անշուշտ, հրապարակախոսությունն է, եւ այլաժանր գրվածքների մեջ նույնպես հրապարակախոսական շունչն ու էությունը զգալի են, շոշափելի: Եվ գոհությամբ ընդգծեմ, որ եղածը զտարյուն, անխառն հրապարակախոսություն է: Իսկ սույնն առավելապես կարեւոր է, որովհետեւ քննադատական երանգի մեկ-երկու հրապարակումների որոշ հեղինակներ, առանց երկնչելու իրենց գրածը հրապարակախոսություն են համարում: Այդպես չէ Վ. Ա. Սարգսյանի պարագային: Կրկնեմՙ ծայրեծայր իսկական հրապարակախոսություն է. մոտեցմամբ, արծարծմամբ, մատուցմամբ, հնչողությամբ:

Առանձնակի չափ ու թափ են ներկայացնում մայրենի լեզվի անաղարտության, լեզվական վթար-աղետների ներկայացմանը նվիրված հոդվածները, որոնցով հեղինակը հանդես է գալիս որպես մեր լեզվի մաքրության ջատագով եւ մշտարթուն ժամապահ: Նաեւՙ օտարամոլության, կապկումների, աղճատումների, բնապահպանական կնճիռների դեմ ուղղված հրապարակումները:

Ինքս քանիցս նմանօրինակ շարքեր հեղինակելով տարբեր պարբերականներում, շատ լավ գիտեմ, թե ինչ անխուսափելի բարդություններ եւ դժվարություններ են ծառանում հեղինակի առջեւՙ պարբերականության ապահովում, թեմատիկ քաղց, ըստ ամենայնի խուսափում կրկնություններից, նշաձող իջեցնելուց, ժանրային պահանջների պահպանում եւ այլն: Հարկ է ենթադրել, որ նման անխուսափելիություններ ունեցել է նաեւ Վ. Ա. Սարգսյանը, եւ ի պատիվ հեղինակի, նշենք, որ դրանք հաղթահարված են:

Պետք չէ նաեւ, որ թաքցնեմ հիացմունքս եւ բարձր գնահատանքը մի քանի հոդվածների առթիվ («Խաբվածության բարդույթ», «Մահվան տեսիլ», «Հաղթանակի մորմոքը», «Կուսակցականներ», «Շները կատվի դրախտում» եւ այլն): Ամենադրվատելին այն է, որ Վ. Ա. Սարգսյանը կենտրոնացել է ժանրի «բարձրագույն պիլոտաժի»ՙ հրապարակախոսական մանրապատումի վրա. ժլատ տողերով, սեղմ ծավալի մեջ ամփոփել միտքը, ասելիքը, ներազդումը, թեմայի սպառումը: Թեեւ մեկ-մեկ էլ հրապուրվել է բառախաղով, ոճական պեսպիսությամբ, ավելորդ դասդասումներով, սակայն որոնք երբեք չեն սքողել հատու խոսքի, հստակ ասելիքի, լրջության եւ պատասխանատվության ամբողջական գումարելին:

«Օրը, ինչպես տեսա» ժողովածուն մեկ շնչով կարդալուց ստացած մասնագիտական եւ քաղաքացիական բավարարվածության համար խորունկ-խորունկ երախտագիտություն հեղինակին:

ԱՐՄԵՆ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4