Երեւանում մինչեւ տարեվերջ կտեղադրվի հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան: Ինչպես «Արմենպրեսին» ասաց ճարտարապետ, հուշարձանի հեղինակ Լեւոն Մկրտչյանը, հուշարձան կառուցելու նախաձեռնությունը Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանինն է, այն արաբական երկրների հայ համայնքների եւ համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ եղեռնից փրկվածներին: Հուշարձանի կառուցման համար դեռեւս 1998-ին Սիրիայում մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել են հայ եւ օտարազգի ճարտարապետներ: Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը կտեղադրվի Երեւանյան լճի ափին: Ճարտարապետի խոսքով` տեղը պատահական չէ ընտրված` Արարատը լրացնելու է համայնապատկերը: Հուշարձանի քանդակագործներն են Սմբատ եւ Ռաֆիկ Մկրտչյանները: