Ինչպես հաղորդում են ՀԱԿ-ից, երեկ 18.00-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան` արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ: Այս ընթացքում խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: Հաղորդվում է, որ այս ամենն ուղեկցվել է քաղաքացիների նկատմամբ բռնություններով, ոստիկանություն են տարվել 8 քաղաքացիներ, որոնց թվումՙ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ոստիկանությունից «Ազգին» հաղորդել են, որ Հյուսիսային պողոտայում հավաքված ՀԱԿ-ի անդամները փորձել են անօրինական երթ կազմակերպել դեպի այն ռեստորան, որտեղ Եվրոմիության պատվիրակության համար պաշտոնական ճաշ էր տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Երթը կանխելու համար պողոտա ժամանած ոստիկանների եւ հավաքվածների միջեւ քաշքշուկ է սկսվել, որից հետո մի քանի մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանությունը պնդում է, որ Լեւոն Զուրաբյանը բերման չի ենթարկվել, այլ ինքն է մեկնել ոստիկանությունՙ պարզելու համար բերման ենթարկվածների ճակատագիրը: Ըստ ոստիկանությանՙ վերջիններս շուտով բաց կթողնվեն: