«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ ՏԱԳՆԱՊ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Տագնապում է նաեւ թուրքական ընդդիմությունը եւ քննադատում նախագահ Օբամային

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 6-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում, դիմելով պատգամավորներին, նախագահ Բարաք Օբաման նրանց հորդորել էր քննարկել 1915-ի իրադարձությունները եւ լուծում տալ հարցին: Նա միաժամանակ կոչ էր արել Թուրքիային բացել հայկական սահմանն ու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Օբամայի ելույթն, ինչ խոսք, Հայոց ցեղասպանությամբ կամ հայ-թուրքական հարաբերություններով չէր սահմանափակվում: Չնայած բարձրացված հարցերի բազմազանությանը, դա չափազանց տպավորիչ էր, սահուն եւ հագեցված անառարկելի ձեւակերպումներով, որքան էլ նրա հորդորն ու կոչն ունենային դիվանագիտական նրբազգաց պահանջի բնույթ:

Օբաման ելույթում, հիշատակելով Աթաթուրքի մասին, քաղաքավարական ժեստ արեց քեմալականներին, իսկ իսլամական աշխարհին հաղորդած դրական ազդանշաններով գրավեց Թուրքիայի իսլամական շրջանակների համակրանքը: Բայց եւ այնպես նա չշրջանցեց երկրում առկա ոչ մի խնդիր: Նրա ուշադրության կենտրոնում էին ազգային փոքրամասնություններին, էթնիկ եւ կրոնական խմբավորումներին, մարդու իրավունքներին, ինչպես նաեւ մամուլի ու խոսքի ազատությանն առնչվող խնդիրները:

Այս ամենը, սակայն, չէին խանգարել, որ պատգամավորները հոտնկայս ծափահարեին նախագահ Օբամային, այդ թվում, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խմբակցությունը: Սակայն Օբամայի ելույթի հաջորդ օրը Մեջլիսում, նիստի հրավիրելով խմբակցության անդամներին, այս կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին դատապարտեց ելույթը:

Նա հիշեցրեց Թուրքիայի հայկական սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ԱՄՆ նախագահի խոսքերը եւ ասաց. «Երկու երկրների միջեւ առկա խնդիրների աղբյուրը ոչ թե Թուրքիան է, այլ Հայաստանի դիրքորոշումն ու պահանջները: Հայաստանը զավթել է եղբայրական Ադրբեջանի տարածքի 1/5-ը, թուրք ազգին մարդկության դեմ կատարված ամենաստոր հանցագործության` ցեղասպանության մեջ մեղադրելու նպատակով ամբարտավան քարոզարշավ է ծավալում միջազգային ասպարեզում: Մեջլիսում ԱՄՆ նախագահը անտեսելով այս իրողությունները, փորձեց սեփական երկրի պատմության մութ էջերի օրինակով մեկնաբանել թուրքերի պատմական խնդիրները, որ պատմության հետ առերեսման պահանջ ներկայացնի մեզ: Դա անքաղաքավարության միանգամայն մերժելի դրսեւորում է: Ի գիտություն նրան հայտնեմ, որ մերժում եմ մեր պատմության հետ որեւէ առնչություն չունեցող հայկական ստերի ընդունումը պարտադրելու նրա պահանջը»:

Բահչելին դիմեց նաեւ վարչապետ Էրդողանի կառավարությանը. «Այս ամբիոնից նախազգուշացնում եմ ձեզ: Եթե որեւէ սուտ համատարած ընդունելություն է գտնում, չի նշանակում, որ ճշմարտություն է: Ճշմարտությունն ու իրողությունն անժխտելի են, թեկուզ աշխարհում մեն-մենակ մնալու գնով դուք պարտավոր եք պաշտպանել մեր ազգային թեզերը»:

Բահչելին կենտրոնացավ նախագահ Օբամայի 1915-ի իրադարձությունները Մեջլիսում քննարկելու եւ հարցին լուծում տալու պահանջի վրա: Ադրբեջանի Միլլի մեջլիսն էլ ահազանգով հիվանդագին արձագանքել է Թուրքիայի հայկական սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ նախագահի կոչին: Ի դեպ, այդ արձագանքը նախագահ Իլհամ Ալիեւից էր գալիս, որովհետեւ նա Բարաք Օբամայի Անկարա մեկնելուց առաջ Թուրքիայի հայկական սահմանի բացման հավանականության պատճառով խռովել էր եւ հրաժարվել Ստամբուլ մեկնելու որոշումից, մասնակցելու համար «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի աշխատանքներին, անտեսելով նախագահ Գյուլի, պետքարտուղար Քլինթոնի, ապա նաեւ վարչապետ Էրդողանի զանգերը: Թուրքական թերթերը դրա առնչությամբ գրեցին, որ Ադրբեջանի նախագահը խռոված թեեւ Ստամբուլ չեկավ, բայց իր աղջկան ուղարկեց: Ապրիլի 6-ին, երբ Բարաք Օբաման Մեջլիսում ելույթ էր ունենում, Բաքվում Ալիեւը գումարեց ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին, նկատի ունենալով Թուրքիայի հայկական սահմանի բացման հավանականությունն, ասաց. «Որեւէ երկրի ներքին գործերին չենք միջամտում, սակայն տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակին համապատասխան, վերանայելու ենք մեր քաղաքականությունը: Ազգային շահերի պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է եւ մենք հետամուտ ենք դրան»:

Ինչ վերաբերում է Միլլի մեջլիսին, ապա ապրիլի 8-ին դա, ելնելով «Հայաստանի առջեւ սահմանը նախքան Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը բացելու» Թուրքիայի պատրաստակամության մասին լուրերից, ընդունել է իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարություն, որտեղ արվել է հետեւյալ նախազգուշացումը. «Թուրքիայի հայկական սահմանի բացումը ենթադրում է Հայաստանի զավթողական քաղաքականության արդարացումը, որը լուրջ վնաս է հասցնելու թուրքերի միասնության գաղափարին»: Այս հայտարարությունը մեկնաբանելիս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:

Երեկվա համարում «Զամանը» Միլլի մեջլիսի հայտարարությանն անդրադարձավ «Ադրբեջանին համակեց տագնապը» վերնագրով: Սահմանի հնարավոր բացումից տագնապել են նաեւ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները: Նրանց ներկայացուցիչները Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ապրիլի 8-ի նիստում, քննադատելով նախագահ Օբամայի «հայկական սահմանի բացման պահանջը», հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին են ներկայացրել հետեւյալ առաջարկը. «Քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի տարածքի օկուպացումը, չի հրաժարվել ցեղասպանության պնդումներից եւ չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չպետք է բացվի հայկական սահմանը»: Մերջանը առարկել է նրանց, ծագել է բանավեճ, որից հետո նա լքել է նիստը: Հանձնաժողովի անդամները որոշել են հաջորդ նիստին հրավիրել արտգործնախարար Բաբաջանին:

Այլ կերպ` Թուրքիայի հայկական սահմանի բացման հավանականությունը եթե տագնապ է առաջացնոմ Ադրբեջանում, ապա Թուրքիայում պատճառ է դառնում, որ ընդդիմությունը դա շահարկի ընդդեմ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4