Ըստ PanARMENIAN.Net-ի, հայ-թուրքական սահմանի Ալիջան անցագրային սահմանակետում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Այդ մասին հաղորդել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը: Նրա խոսքերով, ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքում գտնվող անցագրային սահմանակետերում, Թուրքիայի տարածքում ասֆալտապատվում են Ալիջան տանող ճանապարհները: Գլխավոր հյուպատոսը նշել է, որ Կարսի ու Իգդիրի բնակչությունը մտահոգված է սահմանի բացման մասին հաղորդագրություններով: «Կարսի ու Իգդիրի բնակիչները չեն հասկանում սահմանի բացման պատճառները եւ մտահոգված են դրանով: Այդ շրջանների բնակչությունը դեմ է սահմանի բացմանը», ասել է Զեյնալովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: