«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


«ԿԲԱՐՁՐԱՆԱ ՆԱԵՎ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ»

«Տաքսի ծառայությունների ասոցիացիայի» փոխնախագահ Վահագն Սահակյանը երեկ «Հայելի» ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց տաքսիների ծառայության գինը կարող է հասնել 1 կմ-ի դիմաց 150 դրամի: Նա չբացառեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մի շարք տաքսի ծառայություններ արդեն կանցնեն այդ սակագնին:

«Ուզենք թե չուզենք, տաքսի ծառայությունների սակագինը որոշակի առումով կախված է լինելու քաղաքային տրանսպորտի սակագնից, մենք էլ հաջորդիվ թանկացնելու ենք», տեղեկացրեց Սահակյանը:

«Տաքսի սերվիսների ասոցիացիայի իրավաբանական միության» ներկայացուցիչ Էդիկ Կիրակոսյանն էլ ավելացրեց, որ սակագների բարձրացումը լինելու է յուրաքանչյուր կազմակերպության սեփական որոշումը: Այդ դեպքում, ըստ Կիրակոսյանի, մի տաքսի ծառայության կենտրոնը կարող է բարձրացնել սակագինը, մեկ ուրիշն էլ` թողնել սակագինը նույնը:

Սահակյանը նկատում է, որ եթե խոսքը գազի մոտավոր 30 տոկոս թանկացման մասին է, ապա ըստ նրա, իրականում տեղի է ունեցել մոտ 100 տոկոսի թանկացում. «Երբ գազի բալոնը լիցքավորում էին 220-270 ճնշման տակ. դա անօրինական է, քանի որ հակասում է բոլոր անվտանգության կանոններին: Բայց ազգաբնակչությունը սովորել էր այդ թվերին, եւ դրանից իսկ որոշել էր սակագներ: Այսինքն, ավել լիցքավորելով` կիլոմետրաժ էին կարողանում լրացնել, բնականաբար կիլոմետրի ինքնարժեք էր իջնում: Հիմա այս պահին խոսել, որ երթուղային տաքսիները կարող են մնալ նույն սակագնին, իմ հաշվարկներից ելնելով` մեքենաները չեն կարող այդ գնով շահագործվել: Եթե ուզում ենք կառուցել նորմալ երթեւեկություն մեր քաղաքում, դրա համար պետք են մեզ նոր մեքենաներ եւ դրանք ունեն բարձր արժեքներ: Իսկ թանկարժեք մեքենաներ գնելու համար ընկերությունները պետք է կարողանան ունենալ սուբսիդավորում, կամ էլ սակագինը պետք է բարձր լինի, որպեսզի արդարացվեն ծախսերը»:

Վահագն Սահակյանը, որ նաեւ «Տուր» ծառայության տնօրենն է, նշեց, որ քաղաքում կան մի քանի տաքսի սերվիսներ, որոնք երթեւեկության 1 կիլոմետրի արժեքը դարձրել են 120-130 դրամ. «Մոտակա մեկ ամսում շատ ընկերություններ կանցնեն դրան, այլապես չեն կարող կատարել իրենց տարրական հարկային պարտավորությունները»:

Տաքսի ծառայությունները վերջին տարիներին նոր մեքենաներ են ձեռք բերել: Էդիկ Կիրակոսյանի խոսքերով` նրանք ծանր վիճակի մեջ են. «Բանկերին չեն կարողանում վճարել իրենց պարտավորությունները: Եվ մենք բանկերի միության հետ ենք աշխատում, որ կարողանանք պայմանները կամ տոկոսադրույքը փոխել. գոնե մի քանի ամսով դադարեցնել տոկոսադրույքների վճարումները»:

«Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները ներկայանում են որպես հակադիր կողմեր, այնինչ երկուսն էլ իրականում մատուցում են նույն ծառայությունը: Հետեւաբարՙ արդար չի լինի մի մասին ազատել հարկերից, իսկ մյուսին թողնել հարկային դաշտում», նկատում է Վահագն Սահակյանը, ու հավելում. «Խնդիրները, որ այսօր բարձրացնում են անհատ տաքսիստները, ռեալ են, բայց դա չի նշանակում, որ նույն խնդիրները չունեն նույն տաքսի ծառայությունները»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4