«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2009-04-08 | #63, 2009-04-09 | #64, 2009-04-10


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԵՆՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Մինչեւ համապատասխան օրենքը չընդունվի, 400 անդամ ունեցող Հայաստանի գրողների միությունը իրավական գրանցում չի ունենա: Մինչդեռ 800 ստեղծագործող միավորած Թատերական գործիչների միությունն առաջնորդվում է ներկայիս օրենքի պահանջով ու գրանցված է որպես հասարակական կազմակերպություն: Երկու ստեղծագործական միությունների նախագահներն էլ պնդեցին, որ անկախ իրավական գրանցման ձեւից, գործում ենՙ հնարավոր արդյունավետությամբ:

«Պատվի խնդիր է «Ստեղծագործող անձանց եւ ստեղծագործական միությունների մասին» օրինագծի ընդունումը: 5-6 տարի էՙ մշակել ենք, հանձնել Ազգային ժողով, որտեղ տարիներով պտտվում է սենյակից սենյակ, հանձնաժողովից հանձնաժողովՙ թող ընդունեն: Մենք ստեղծագործող մարդու համար իրավական դաշտ ենք ուզում: Սխալ է, երբ շուն պահողը, գինի թորողը ստեղծագործող մարդու հետ իրավական նույն հարթությունում ենՙ հասարակական կազմակերպության», բարձրաձայնեց Գրողների միության (ԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում:

Թատերական գործիչների միության նախագահ (ԹԳՄ) Հակոբ Ղազանչյանն էլ համոզված է. «Օրենքն անհրաժեշտ է, բայց, անկեղծ ասած, երբեք չեմ սպասել դրա ընդունել-չընդունելով գործելուն: Չնայած «Թատրոնի մասին» օրենքն էլ տարիներով մշակվում է ու նույնպես Ազգային ժողով է ներկայացված»:

Եթե ԳՄ նախագահը համոզված է, որ գրողների միությունում ստեղծագործական աշխատանքային ընթացքը խաթարող պատեհապաշտներ ու գրչակներ կան, որոնք փորձում են մասնատել գրողների միությունը, ապա ԹԳՄ նախագահը կարծում է, որ միությունից առանձնացած գործիչները, որ մեկ այլ ստեղծագործական միավորում են կազմել, ոչ միայն ոլորտի արժանավորներից են, այլեւ ԹԳՄ հետ սերտ համագործակցության մեջ գտնվող մասնագետներ:

Թե՛ Ղազանչյանը, թե՛ Անանյանը ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցն արհեստածին համարեցին եւ բացի զուտ ներքին անհաշտությունից բխող մասնատման փորձերը մատնանշելուց, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հայտարարեց. «Հայաստանի 7 ստեղծագործական միությունները շենքերը ժառանգել են: Այսօր դրանց կադաստրային գինը հարյուրապատկվել, իսկ տուրքը հնգապատկվել է, որ ամեն եռամսյակ միլիոնի է հասնում: Շենքերի տեղն ու հարմարավետությունը գայթակղում է օլիգարխներին ու կարծես մեկը ստեղծագործական միությունները մարիոնետի պես փորձում է կառավարելՙ խժդժություն մտցնելով եւ ստեղծագործական միությունների անհրաժեշտությունը հարցականի տակ առնելով»:

Բանախոսը այլ պարզաբանումներից խուսափեց, պնդելով, որ տեղեկատվության մնացյալ մասի հրապարակայնացումը լրագրական հետաքննության նյութ է եւ ոչ իր հրապարակելիքը:

Նախագահել 5, թե՞ 3 կամ 2 տարի

Լեւոն Անանյանի կարծիքով նախընտրելին 5 տարի ժամկետն է. «Մինչեւ ծանոթանա դաշտին, մինչեւ անելիքը որոշի, երկու տարվա ժամկետը դամոկլյան սրի պես կկախվի գլխին»: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքով նախագահելու հնարավորությունը 2 տարին է, որը Հակոբ Ղազանչյանի (նախկին օրենքի համաձայնՙ ընտրվել է 5 տարով) դեպքում լրանում է այս տարի հոկտեմբերին, իսկ Լեւոն Անանյանի դեպքումՙ եկող տարի: Երկուսն էլ ժամկետից մեկ ամիս շուտ համագումար են հրավիրելու, բայց կարեւորում են «Ստեղծագործող անձանց եւ ստեղծագործական միությունների մասին» օրինագծի ընդունումը նաեւ այն պատճառով, որ նախագահի պաշտոնավարման ավելի ժողովրդավարական սկզբունք ունիՙ որոշվում է համագումարի մասնակիցների հայեցողությամբ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4